Նիկոլն էլ է պատրաստ խախտել Իրանի «կարմիր գիծը»
Վերլուծություն
Ինչպես եւ սպասելի էր, ՌԴ ԱԳՆ-ն եւս արձագանքեց Հայաստանին աջակցելու մասին Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարություններին: Եվ այդ ռեակցիան, ինչպես վերջին ժամանակներս է լինում, մեղմ ասած՝ լավ բան չի խոստանում մեզ:
ՌՈՒՍՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Այսպես, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Ջեյմս Հիպիի հայտարարությունները Հայաստանին աջակցելու մասին հաստատում են Հայաստանը Ռուսաստանի դեմ գործիք դարձնելու Արեւմուտքի ցանկությունը: «Մենք ուշադրություն ենք դարձրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարություններին, որը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին` «Ռուսաստանից բխող սպառնալիքների» դեպքում: Մեզ այլեւս չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնը դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական բնույթը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Բայց Հիպիի բացահայտումները նաեւ ուղղակի հաստատում են, որ Արեւմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած գծի գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ: Երեւանում պատասխանատու քաղաքական գործիչների համար լուրջ մտածելու պատճառ է»,- ասված է հայտարարության մեջ:
Իհարկե, այդպես էլ կա: Միայն այն փաստը, որ Բրիտանիան ողջ հետխորհրդային ժամանակաշրջանում տասնյակ միլիարդներ է ներդրել Ադրբեջանում եւ միաժամանակ հանդիսանում է Թուրքիայի ամենասերտ գործընկերը, արդեն իսկ բացառում է հեռանկարը, որ Լոնդոնը, թողած իր մերձավորներին, կգործի Հայաստանի շահերին համահունչ: Նաեւ, որ բրիտանական հատուկ ծառայությունների հետ այդքան սերտ «համագործակցող» մեր հայտնի չինովնիկներն իրականում գործում են հակահայկական դաշտում: Վերջապես, մեկ պարզ փաստ հաշվի առնենք. Ռուսաստանի աշխարհաքաղաքական ամրապնդումը Հարավային Կովկասում, եթե մի կողմ թողնենք մյուս բոլոր աշխարհաքաղաքական հարցերը, արդեն իսկ լրջագույն խնդիրներ են ստեղծում Ադրբեջան-Թուրքիա ուղղությամբ բրիտանական հիշատակված ներդրումների համար: Եվ Լոնդոնի համար էլ, հասկանալի է, մասնավորապես այդ ներդրումները պաշտպանելու համար պետք է այստեղից դուրս մղել ռուսներին:
Կրկնենք, սա հասկանալի էր շատ վաղուց, նաեւ, թե այդ ինչու էր Բրիտանիան մշտապես գործում հակահայկական դաշտում, եւ այս առումով ՌԴ ԱԳՆ-ի հիշատակված հայտարարությունը նոր բան չի ասում:
Սակայն այդ հայտարարությանը պետք է նայել մի փոքր այլ տեսանկյունից: Ֆիքսելով, որ «Լոնդոնը դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական բնույթը հետխորհրդային տարածքում», Մոսկվան, ըստ էության, ընդգծում է, որ Հայաստանում տեսնում է իր դեմ ուղղված այն բնույթի գործողությունները, որոնք տեսել է նաեւ, օրինակ, Ուկրաինայում: Կամ այսպես. Մոսկվան Հայաստանը սկսել է համարել գրեթե նույն կարգի բրիտանական գործիք, ինչպիսին որ Ուկրաինան է: Իսկ ահա «Երեւանում պատասխանատու քաղաքական գործիչների համար լուրջ մտածելու պատճառ է» միտքը նման է մի վերջին նախազգուշացման՝ շատ մոտ է գիծը, որի դեպքում Մոսկվան Հայաստանին կընկալի, որպես Ուկրաինա-2, այն է՝ Ռուսաստանի համար նույն կարգի վտանգ՝ բոլոր հնարավոր եւ դեռ անհնար թվացող հետեւանքներով հանդերձ: Ընդ որում, եթե Ուկրաինայում գոնե մտածում էին, թե Ռուսաստանի հետ թշնամանալով, կարող են տեղ գտնել արեւմտյան աշխարհում, ապա Հայաստանին Բրիտանիան անգամ դա չի խոստանում. թուրք-ազերիական վիլայեթի կարգավիճակ, այն էլ, եթե Արցախի ճակատագիրը չլինի՝ «Հայոց հարցը» վերջնականապես լուծելու համար:
ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Այն, որ նիկոլյան իշխանությունները, որպես այս իրավիճակի այլընտրանք, թե ինչ, որոշեցին ամեն դեպքում ակտիվացնել նաեւ իրանական ուղղությունը, զգացվեց Թեհրան այն հաճախակի այցերից, որոնք վերջին ժամանակներս իրար վրա տեղի ունեցան: Այս առումով, թերեւս, հետաքրքիր էր «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման» հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնի մտքերը, ըստ որոնց՝ Իրանը մինչ այս էլ է լուրջ դերակատարում ունեցել, այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» բացման դավադիր ծրագրի չեզոքացման գործում, քանի որ. «Սպառնում է իր անվտանգությանը»: Թեհրանի համար տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունը «կարմիր գիծ» է: Նաեւ, որ այդ «կարմիր գիծը» պահպանվում է, եւ դա վերաբերում է ոչ միայն Սյունիքին, այլ նաեւ հայաստանյան բոլոր սահմաններին: «Իրանի պաշտոնյաները բազմիցս նշել են, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է եւ հակառակը: Մեր շահերը համընկնում են, եւ մենք պետք է սերտ համագործակցություն հաստատենք բոլոր ոլորտներում»,- ասում է փորձագետը:
Իհարկե, սա ընդամենը մասնագիտական գնահատական է եւ ոչ Թեհրանի պաշտոնական խոսքը: Սակայն այդ կարգի գնահատականներ պաշտոնապես պարբերաբար հնչեցրել է նաեւ պաշտոնական Թեհրանը: Մասնավորապես, Իրանի համար, հասկանալի է, Հայաստանը մնում է սեփական անվտանգության ուղղություն: Բայց կա նման խնդիր. ոչ միայն Թուրքիան կամ Ադրբեջանը, այլ նաեւ Հայաստանը կարող է խախտել Իրանի մատնանշած «աշխարհաքաղաքական «կարմիր գիծը»»: Այն է՝ Հայաստանում աշխարհաքաղաքական այլ ուժերի տեղակայումը հենց այդ «կարմիր գծի» խախտում է: Մասնավորապես, երբ Բրիտանիան խոսում է ՆԱՏՕ-ի օգնությամբ Հայաստանը «Ռուսաստանից բխող սպառնալիքներից» պաշտպանելու մասին, ապա Հայաստանը, անկախ պատճառաբանությունից, այդ առաջարկն ընդունելու դեպքում ամենաուղիղ կերպով խախտում է Իրանի հենց այդ «կարմիր գիծը»:
Թե այս վերջին այցերի համար հայաստանյան պաշտոնյաներին ինչքանով է հաջողվել համոզել Թեհրանին, թե, չէ, նիկոլյան իշխանությունները չեն պատրաստվում փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիմագիծը, ժամանակը ցույց կտա: Սակայն Թեհրանը հեշտ համոզվողներից չէ, առավել եւս, որ Նիկոլի երեկվա ասուլիսային հայտարարություններն էլ ավելի կարող են Իրանին մղել կոշտացման:
ՆԻԿՈԼԻ ՆՈՐ ՔԱՐՈԶՆԵՐԸ
Ասուլիսում Նիկոլը նախ հերթական անգամ սկսեց երկար-բարակ պտտվելով, նման անուններով չորս գյուղ չկա «բացատրություններով», այնուամենայնիվ, էլի վերադարձավ Ալմա-Աթայի համաձայնագրին, թե՝ խորհրդային սահմաններից այս կողմ ինչ կա, Հայաստանն է, այն կողմում՝ Ադրբեջանը: Իսկ ահա խորհրդային վերջին քարտեզները ցույց են տալիս, որ նիկոլյան այդ «տրամաբանությամբ», այսպես կոչված, անկլավները, որոնք խորհրդային քարտեզներում նշված են, որպես Ադրբեջանի տարածք, նա հերթական անգամ պարտավորվեց հանձնել: Ընդ որում, փաստն այն է, որ երեք անկլավներով անցնում են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղիներ (անկլավներից մեկի դեպքում նաեւ Իջեւան-Ղազախ երկաթուղին): Ու սա այն դեպքում, երբ Ադրբեջանը բացահայտ հայտարարում է՝ Հայաստանին տալու բան չունի: Իսկ այդ հողատվությունը նա փորձեց «համոզիչ» դարձնել հերթական պատերազմական սպառնալիքով. «Պատրաստ ենք գնալ լուծումների, որովհետեւ սիրում ենք Հայաստանն ու հայ ժողովրդին ու չենք ուզում նոր տառապանքներ բերել նրանց»:
Հաջորդը` ՀԱՊԿ-ի հարցն էր: Բնականաբար, նորից երկար-բարակ խոսեց` «որն է մեր սահմանը» ծեծված թեմայով, եւ հնչեցրեց էլի տարօրինակ միտք. եթե ՀԱՊԿ-ը ճանաչի այդ սահմանը, ուրեմն լավ, եթե` ոչ, ապա Նիկոլն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից: «Եթե ՀԱՊԿ–ը կպատասխանի մեր հարցերին, ու այդ պատասխանները կհամընկնեն մեր պատկերացումներին, ապա դա կնշանակի, որ ՀՀ–ի ու ՀԱՊԿ–ի մեջ հարցերը լուծված եւ ամփոփված են: Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից: Ե՞րբ... չեմ կարող ասել»,- պնդում է Փաշինյանը: Այսինքն, եթե հիմա ՀԱՊԿ-ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարի, որ ներկա Հայաստանի սահմանները Խորհրդային Հայաստանի սահմաններն են, տեսնես դա կհամապատասխանի՞ Նիկոլի պատկերացումներին: Եվ սա այն դեպքո՞ւմ, երբ ՀԱՊԿ անդամ երկրներն արդեն իսկ ընդունել են Ալմա-Աթայի հռչակագիրը, այսինքն, Նիկոլի մյուս՝ սահմանների հետ կապված պատկերացումներով արդեն իսկ ճանաչել են Հայաստանի սահմանները հենց Խորհրդային Հայաստանի սահմաններով: Ավելին, եթե ՀԱՊԿ-ի կայքում պաշտոնապես Հայաստանի տարածք է ֆիքսված՝ «Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք», այսինքն` այնքան, որքան ասում է Նիկոլը, դա չի նշանակում, որ առանց նրա էլ, ՀԱՊԿ-ի համար Հայաստան ասվածը հենց դա է: Թե՞ այդքան երկար-բարակ խոսեց, որ հնչեցներ տեսլականը՝ «Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից»: Ինչպես որ ուզում են բրիտանացիները:
Ամեն դեպքում, երկու տարբերակով էլ Նիկոլը կարող է առաջ գնալ: Այսինքն, դեռ պահպանում է իր երկակի դիրքը, թեեւ դա միայն ավելացնելու է Հայաստանին ուղղված ճնշումները: Սակայն Մոսկվայի եւ Թեհրանի համար սա ահազանգ է՝ ուղիղ խոսվեց Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, թեեւ մինչ այս հայտարարվում էր, թե նման թեմա օրակարգում չի քննարկվում: Ու երբ նա նման միանշանակ կարծիք է հայտնում, դա նշանակում է՝ այնուամենայնիվ, նման թեմա քննարկել են: Ու մասնավորապես Թեհրանը կարող է գալ հետեւության՝ իր «կարմիր գիծը» Հայաստանը կարող է խախտել:
Առավել եւս, որ այսքանից զատ Նիկոլը սկսեց երկար-բարակ խոսել ԵՄ-ին անդամակցության թեմայով, թե՝ մինչ այդ կապերը կամրապնդվեն, այդ թվում՝ եվրոպացի շպիոն-դիտորդների լիազորությունները կընդլայնվեն, կերկարացվեն եւ այլն: Սա Թեհրանի համար եւս մեկ ազդակ է, որ իր նշած «աշխարհաքաղաքական «կարմիր գիծը»» վտանգված է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ