Մակրոնի տերերի հրամանը պետք է կատարել, եւ վերջ
Վերլուծություն
Վերջին ասուլիսում Նիկոլը հերթական անգամ միացրեց հին բայաթին: Թե` ՀԱՊԿ-ը պետք է ասի` որն է մեր սահմանը. ճանաչի այդ սահմանը, ուրեմն լավ, եթե` ոչ, ապա Նիկոլն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից: «Եթե ՀԱՊԿ–ը կպատասխանի մեր հարցերին, ու այդ պատասխանները կհամընկնեն մեր պատկերացումներին, ապա դա կնշանակի, որ ՀՀ–ի ու ՀԱՊԿ–ի մեջ հարցերը լուծված եւ ամփոփված են: Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից: Ե՞րբ... չեմ կարող ասել»:
ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ՀԱՊԿ-Ը ՎԱՂՈՒՑ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՅՍ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Այն, որ սա սովորական ավանտյուրայից այն կողմ «չի քաշում», հասկանալի էր ի սկզբանե եւ շատ պարզ նկատառումներով: Նախ, Նիկոլը, դեռ տխրահռչակ Պրահայում է պարզվել, Հայաստան ասելով` նկատի ունի Խորհրդային Հայաստանի տարածքը: Նաեւ, թե դա հաստատվել է Ալմա-Աթայում, այսինքն` այդ հռչակագրով է, որ ստորագրման պահին արդեն նախկին ԽՍՀՄ հանրապետությունները ճանաչել են միմյանց տարածքները: Ընդ որում, Ալմա-Աթայի այդ հռչակագիրն ամենեւին էլ միայն Հայաստանն ու Ադրբեջանը չէ, որ ընդունել են, ավելին, ստորագրման պահին Ադրբեջանն անգամ այնտեղ չէր: Այդ փաստաթուղթը Հայաստանի հետ միասին ստորագրել են նաեւ ՀԱՊԿ ներկա անդամ երկրները: Այսինքն, թե Նիկոլի համար հիմք է Ալմա-Աթայի հռչակագիրը, ապա ըստ դրա, ՀԱՊԿ անդամ երկրները դեռ էն ժամանակ են ճանաչել Հայաստանն այն սահմաններով, որոնց մասին Նիկոլը հիմա խոսում է:
Գումարած դրան, Նիկոլի պահանջը սա է` Հայաստանն ունի 29,8 հազար քկմ տարածք, եւ Բաքվից քանիցս պահանջել է` հրապարակավ դա ասել: Ու ահա մեկ էական դրվագ. ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում, այն բաժնում, որտեղ ներկայացված են կազմակերպության անդամ երկրները (Տե´ս լուսանկարը` կայքի համապատասխան բաժինների սքրին շոթերը), Հայաստանի մասին ասված է. «Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29,8 հազար քկմ տարածք» (https://odkb-csto.org/countries/armeniya/#loaded): Այն, ինչ պահանջում է Նիկոլը: Չէ, դա Նիկոլի պահանջով չէ, որ կայքում ավելացրել են, այդպես ներկայացված էր ի սկզբանե:
Այս վերջին փաստը միանշանակ մեկ բան է ցույց տալիս` ՀԱՊԿ-ը, ըստ այդմ` անդամ երկրները ի սկզբանե են Հայաստանն ընդունել այն տարածքով, որը հիմա պահանջում է Նիկոլը: Իսկ թե կոնկրետ մետրի ճշգրտությամբ որտեղ է կամայական հատվածում ավարտվում Հայաստանը եւ սկսվում Ադրբեջանը, դա անգամ Նիկոլն ու Ալիեւն այս պահին ասել չեն կարող, ուր մնաց ՀԱՊԿ երկրները. հենց դրա համար է պետք հստակ, քարտեզային սահմանազատումը: Ընդ որում, այն քարտեզներով, որը հիմա միայն Մոսկվայում են:
Ու թե հիմա Նիկոլն ի՞նչ է ուզում ՀԱՊԿ-ից, այդպես էլ ոչ մեկը չի կարողանում հասկանալ: Թե այս բլուրը, կամ այն մյուսն ո՞ւմն է. սահմանազատում արեք, պարզեք, որ նրանք էլ կոնկրետ դա ճանաչեն, ինչի՞ մասին է խոսքը: Փոխարենը, նա նույն ասուլիսում ամենայն ջանասիրությամբ փորձում էր համոզել, թե գիտեք, ԵՄ-ն ճանաչել է, գնացել էինք Եվրոպա, այնտեղ պատից մեր քարտեզն էր կախված: Իհարկե, այստեղ կարելի է նաեւ երկար-բարակ խոսել Նիկոլի նման մեկնաբանությունների լրջության աստիճանից, բայց հիմա արդեն դա չէ մեր խնդիրը: Փաստը, որ այդ ասուլիսից հետո՝ կառավարության երեկվա նիստում նա սկսեց խոսել, թե՝ ելնելով նրանից, որ «պատահաբար» այս ամենին զուգահեռ Եվրոպական խորհրդարանը ընդունել է Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ կապերի մասին բանաձեւ, ուրեմն՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցը ՀՀ-ում հանրային քննարկման առարկա պետք է դառնա, արդեն իսկ ավելորդ անգամ հիմնավորում է, թե ինչ է դրած ՀԱՊԿ-ի, այն է՝ ՌԴ-ի ուղղությամբ հարաբերություններն այդքան սրելու նիկոլյան թիմի այս գործունեության տակ: Ընդ որում, խոսքը նույն բանի մասին է, ինչը պնդում էինք 2018թ.-ից սկսած: Այն է՝ նիկոլական թիմին իշխանության բերելու հիմնական խնդիրը մեր երկիրը ռուսական ուղղությունից պոկելն է, ընդ որում, անկախ այն բանից, թե դրա արդյունքում Հայաստանի հետ ինչ կլինի, կամ առհասարակ, Հայաստան կմնա, թե՝ ոչ: Ամեն դեպքում, այլ հիմնավորում, թե ինչու է Նիկոլը հենց այս պահին այսքան եւ այսպես արհեստականորեն սրել հակառուսական կուրսը, նույնքան արհեստականորեն ուռճացրել եվրոպականությունը, դժվար է գտնել:
Կամ, ուրիշ ի՞նչ բացատրություն տաս, երբ երկիրը, իր իսկ խոստովանմամբ, կանգնած է նոր պատերազմի շեմին, եւ այդ նույն պահին գնում ես թիվ 1 ռազմաքաղաքական դաշնակցի հետ բացահայտ թշնամանքի ուղղությամբ: Ու ի՞նչ է, մեզ պետք է ապահովագրի մաքուր ուլտրալիբերալիստական Եվրոպական խորհրդարան կոչված կառույցի հայտարարությո՞ւնը, թե մենք պաշտպանում ենք Հայաստանի ամբողջականությունը: Այդ նույն ԵՄ-ն այսօր իր ամբողջականությունը չի կարողանում պաշտպանել, իրենից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Հայաստանին այդ ինչպե՞ս պետք է պաշտպանի, ընդ որում, չլինելով ռազմական կառույց: Այն դեպքում, երբ Բաքուն շատ հանգիստ արձագանքեց. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու փոխարեն, ավելի օգտակար կլիներ, եթե Եվրախորհրդարանը սկսեր զբաղվել Եվրոպային պատուհասող ավելի լուրջ խնդիրներով»: Կարճ ասած, թքած ունեն, թե իրենից բան չներկայացնող Եվրոպան ինչ որոշումներ կկայացնի:
Չնայած, այս ամենին կարելի է շատ ավելի պարզ նայել: Այն, որ Մակրոնն այսօր վերածվել է հակառուսականության տեսանելի լիդերի (հասկանալի է, անգլոսաքսոնական, ավելի կոնկրետ՝ տարաբնույթ ռոտշիլդական վերին տերերի հրահանգով), որեւէ լուրջ փորձագետ չի կասկածում: Ու միայն փաստը, որ Նիկոլն այս իրավիճակում, այն էլ՝ բրիտանական MI6-ի շեֆի հետ հանդիպումից հետո վազում է իր «ամենաազիզ մերձավոր» Մակրոնի մոտ՝ Հայաստանի «բանալիները մատուցելու», թերեւս մանկապարտեզահասակ երեխայի համար էլ է պարզ դառնում այս ամենի պատճառահետեւանքային զարգացումները:
«ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 2»-Ի ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ
Թե ուր է տանելու նիկոլյան թիմի այս ուղղությունը մեզ, դա եւս դժվար չէ հասկանալ: Այն, որ Ֆրանսիան գլոբալ մասշտաբներով իրենից գրեթե բան չի ներկայացնում, որ մի բան էլ հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող Հայաստանի անվտանգային հարցեր լուծի, միանշանակ է: Իսկ ԵՄ-ն, կրկնենք, եթե դեռ ինչ-որ արժեք իրենից ներկայացնում է, մեկ է՝ ռազմական կառույց չէ եւ այս պահին անգամ սեփական անվտանգությունը չի կարող երաշխավորել:
Կարճ ասած, Հայաստանին խոստանում են այն, ինչ արդեն խոստացել են Ուկրաինային: Ինչ վիճակում է Ուկրաինան այդ խոստումների արդյունքում, տեսնում են բոլորը: Ինչ վիճակում կարող է հայտնվել Հայաստանը՝ Նիկոլի բերանով հնչեցվող նույնանման խոստումների արդյունքում, դժվար չէ կռահել՝ ելնելով պարզագույն դետալներից: Պարզ օրինակ էր Տավուշի իրավիճակը: Այս դեպքում կարո՞ղ են ռուսների կամ ՀԱՊԿ-ի վրա ինչ-որ մեղք բարդել. տրամաբանորեն՝ ոչ, բայց նիկոլյան խունտան կարող է: Մինչդեռ իրողությունը սա է. Ալիեւը պահանջում է այն, ինչը ԽՍՀՄ քարտեզներով իրենն է համարում: Ու խնդիրն այն է, որ այդ տարածքների մեջ կան Հայաստանի համար ռազմավարական նշանակության ճանապարհներ: Ու Նիկոլն ամենայն սիրալիրությամբ ինչ-որ տրաֆարետ է ցույց տալիս, ասելով՝ այն, ինչ Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս է, տալիս եմ, ու անմիջապես էլ պատրաստվում է հանձնմանը. ամեն դեպքում, Բրիտանիան, մի շարք այլ երկրներ արդեն իսկ հորդորել են իրենց քաղաքացիներին՝ այդ ճանապարհով հանկարծ չանցնեք: Ընդ որում, Պրահայի հայտնի տխրահռչակ պայմանավորվածություններից եւ բազմիցս Նիկոլի կողմից դրա վերահաստատելուց հետո նա արդեն չի էլ կարող այդ անկլավները չտալ: Ողջ աշխարհի համար դա այս պահին Ադրբեջանի տարածք է, որը Հայաստանի վերահսկողության տակ է. ուրեմն պարտավոր է տալ: Փոխարենը, Նիկոլը հոդաբաշխ բառ անգամ չի ասում նույն ԽՍՀՄ սահմաններով Ադրբեջանի տիրապետութան տակ մնացած մեր հողերի մասին: Ընդ որում, Ալիեւն էլ այդ մասին, Նիկոլի պես, բառ անգամ մինչ այս չի ասել եւ հիմա հանգիստ պատասխանում է՝ ոչ մի հայկական հող էլ ինձ մոտ չկա: Աշխարհի աչքին սա մնում է բաց թեմա՝ կարվի սահմանազատում, կլուծվի: Փոխարենը, Նիկոլն այն խղճուկ վիճակին է այս երկիրը հասցրել, որ հիմա հոխորտանքի բառ անգամ չի ուղղում Ալիեւին, թե՝ մեր հողն է, չտաս, ապա կվերցնենք:
Մեկ այլ դետալ: Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը պնդում է. «Թուրքիայի մերձիշխանական «Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ այնպիսի մոդելով, ինչպիսին որ ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»... առաջիկայում հավանական է, որ ադրբեջանցիների բնակեցումը ապահովելուց հետո Սյունիքը պոկելու համար առաջարկվի Սյունիքի հատուկ կարգավիճակ՝ Թուրքիայի վերահսկողության ներքո»: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ եթե բան չփոխվի, ապա նիկոլյան իշխանությունները դեմքի շատ տխուր արտահայտությամբ վաղը-մյուս օրը կսկսեն «բացատրել»՝ բա որ չտանք նման կարգավիճակ, պատերազմ է լինելու…
Ահա եւ վերջ. սա է ներկա ուժային բալանսը, եւ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ թշնամանալը եւ ԵՄ-ին անդամության թեկնածուի դիմումն այս բալանսում ոչինչ չի փոխում: Որեւէ մեկի մոտ կասկած մնացե՞լ է, որ այս ամենը դիտավորությամբ չի արվում, որ նիկոլյան իշխանություններն ընդամենը չեն հասկանում արածները: Կամ այսպես. որեւէ մեկի մոտ կասկած մնո՞ւմ է, որ, ինչպես քանիցս ենք պնդել, ընթացքի մեջ է այն ծրագիրը, որը Բրիտանիան թուրքերի հետ համատեղ փորձում էր կյանքի կոչել անցած դարի մինչ 20-ականները՝ «Ալեքսանդրոպոլի պայմանագիր», «Բաթումիի պայմանագիր» անվանումներով: Այս անգամ կստացվի՞…
Քերոբ Սարգսյան