Ինչ է փնտրում Ստոլտենբերգը Հարավային Կովկասում
Վերլուծություն
Այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս խառը օրերին իր բան ու գործը թողած, եկել-հասել է Հարավային Կովկաս, իհարկե, պատահական չէ: Հայաստանում շատ են խոսում, թե հիմնական նպատակը` նիկոլյան իշխանությունների ներկա արեւմտամետ հակումներն ավելի ամրապնդել է: Հնարավեր է, դա էլ կա, բայց հաստատ հիմնական խնդիրը շատ ավելի գլոբալ է:
Ուլտրալիբերալիզմի առանցքային գործիքներից մեկը հանդիսացող Ստոլտենբերգի այցը տարածաշրջանային էր, նա եղավ Բաքվում, Թբիլիսիում, այսօր էլ՝ Երեւանում է: Այսինքն, դրված խնդիրները եւս տարածաշրջանային մասշտաբի են: Կոնկրետ ի՞նչ. այցի հիմնական մասը նվիրված էր Բաքվին, եւ այնտեղ հնչած մի շարք հայտարարություններ որոշակի մտորումների տեղիք տալիս են:
Այսպես, Բաքվում ինչպես Ստոլտենբերգի, այնպես էլ Ալիեւի կողմից հայտարարություններ հնչեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, թե՝ «Այժմ մենք խաղաղությանն ավելի մոտ ենք, քան նախկինում երբեւէ...», «Կովկասում հարատեւ խաղաղություն կտիրի», եւ այդպես շարունակ: Սակայն չմոռանանք, որ ՆԱՏՕ-ն հայ-ադրբեջանական «խաղաղության» հարցերով եղել եւ մնում է ոչ թե միջնորդի, այլ՝ «բարի խորհուրդներ տվողի» դերում: Ասենք, նման «բարի ցանկության» էր նման նաեւ Բաքվում հանդիպումներից հետո X ցանցում Ստոլտենբերգի գրառումը. «Կոչ եմ անում Ադրբեջանին եւ Հայաստանին օգտվել հարատեւ խաղաղություն հաստատելու հնարավորությունից»:
Բայց ահա նրա գրառման մյուս հատվածը այլ մտքեր է առաջ բերում. «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, եւ ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը»: Ընդ որում, այդ «գործընկերության հետագա ամրապնդում» ասվածը շատ ավելի ընդգծված երեւում էր նաեւ այցին նախորդած ՆԱՏՕ-ի զեկույցից, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը շահավետ է կազմակերպության համար:
Սակայն Ստոլտենբերգի այդ «անհամբեր սպասումներին» ինչպե՞ս արձագանքեց «հին աղվես» Ալիեւը: Նա սկսեց երկար-բարակ խոսել, թե. «Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի գործընկերությունը երկար պատմություն ունի»: Մասնավորապես. «Ադրբեջանը ռազմաքաղաքական դաշինք ունի Թուրքիայի հետ, որը համարվում է երկրորդ ցամաքային տերությունը եւ ՆԱՏՕ-ի առաջատար անդամը։ Ադրբեջանն իր բանակը կառուցում է թուրքական մոդելով։ Սա նշանակում է ՆԱՏՕ-ի չափանիշներ»: Իմաստը կարելի է հասկանալ. Ադրբեջանն այն չափով է ՆԱՏՕ, որքան իր «մեծ եղբայր» Թուրքիան: Իսկ Թուրքիան, չմոռանանք, ՆԱՏՕ-ի անդամ է այն ժամանակ, երբ դա իրեն պետք է: Եթե ինչ-որ հարցում շահերն այլ են, ապա, բնական է, գերիշխողը հենց իր շահերն են, իսկ ՆԱՏՕ-ին կարելի է «դրսի դուռը ցույց տալ»:
Այսպիսով, Ստոլտենբերգը, թերեւս, փորձում էր հստակեցնել՝ եթե ՆԱՏՕ-ն տարածաշրջանային հավակնություններ ներկայացնի Հարավային Կովկասում, ի՞նչ չափով կարող է հույս դնել առաջին հերթին Բաքվի վրա: Նույնիսկ սկսեց Ալիեւին ձոներ հղել, թե. «Ես ողջունում եմ այն, որ Ադրբեջանը զարգացնում է ավելի ու ավելի ամուր կապեր ՆԱՏՕ անդամների հետ, եւ որ ձեր երկիրը խաղում է ավելի ու ավելի կարեւոր դեր ոչ միայն գազի, այլեւ, ապագայում, դեպի Եվրոպայում ՆԱՏՕ անդամ երկրներ էլեկտրականության մատակարարման գործում»: Ալիեւի պատասխանը, թերեւս, հասկանալի էր՝ կարող եք հույս դնել այն չափով եւ ձեւերով, որքան Թուրքիայի վրա: Այն է՝ կոնկրետ առաջարկները որքանո՞վ կտեղավորվեն Ադրբեջանի շահերի տիրույթում:
Վրաստանում եւս Ստոլտենբերգը կարծես թե փորձում էր հասկանալ, թե որքանո՞վ է հուսալի Թբիլիսիի հայտնի արեւմտամետությունը: Սակայն Թբիլիսին արդեն այլ խնդիրների առաջ է: Այսպես, Աբխազիան ՌԴ-Բելառուս միութենական պետության կազմ է ուզում մտնել, Հարավային Օսեթիան՝ Ռուսաստանի: Այսինքն, ՆԱՏՕ-ի անդամակցությունը խոստանում է հետեւյալը. Բելառուսի օրինակով Աբխազիայում կարող են հայտնվել միջուկային մարտագլխիկներով «Իսկանդերներ»: Իսկ վրաց-օսեթական ներկայիս սահմանը կդառնա վրաց-ռուսական:
Հայաստանյան իշխանությունների ներկա ջերմ արեւմտամոլության պարագայում, իհարկե, Ստոլտենբերգը կարող է ավելի լավ արդյունքների հույս ունենալ: Բայց նրա` Բաքվի այցը մի շարք խնդիրներ է առաջ բերում: Այսինքն, ՆԱՏՕ-ն այս պահին Ադրբեջանին նայում է, ինչպես ԵՄ-ն՝ որպես գազային կարեւոր գործընկեր: Ու այս իրավիճակում քանի՞ կոպեկի արժեք կարող է ունենալ անվտանգության մասով նրա սպասվող խոստումները: Նաեւ հասկանալի է՝ հայաստանյան գործող իշխանություններին նման «մանրուքները» չէ, որ կարող են մտահոգիչ լինել. հրամանը մնում է հրաման: Միայն թե այն, որ նման հրամաններն արդեն սկսել են վախեցնել, դա էլ է տեսանելի: Օրինակ, նախօրեին ԱԺ-ում Միրզոյան Արոն նման միտք հնչեցրեց. «Հայաստանին ուղղված հսկա, ես կասեի նույնիսկ էկզիստենցիալ սպառնալիքներ կան։ Կան միջազգային դերակատարներ, ովքեր շահագրգռված են, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ…»: Ո՞ւմ նկատի ունի. կասկածում ենք, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ նույնիսկ Թուրքիայի մասին Արոն նման բան կասի: Ռուսների՞ն. միգուցե, քանի որ մեր գործող իշխանությունների համար, օրինակ, ՌԴ-Բելառուսին միանալը «կործանում» է նշանակում: Ամեն դեպքում, վախը պարզ զգացվում է, թերեւս հասկանում են, թե ՆԱՏՕ-ն, օրինակ, որքան օգնեց Ուկրաինային…
Այսպիսով, եթե Ստոլտենբերգը եկել էր պարզելու, թե որքանով է իրատեսական տարածաշրջանի ՆԱՏՕ-ականացումը, դժվար է ասել, որ կարող է բավարարված հեռանալ այստեղից: Խնդիրը նույնքան բարդ է, որքան տարածաշրջանային մեծ պատերազմ սարքելու բրիտանական ծրագրերը. ցանկությունը կա, բայց բոլորն են հասկանում, որ դա կարող է վերածվել ինքնաոչնչացման, իսկ որոշ «առաջնորդների»՝ անձնական առումով: Ըստ այդմ էլ, շարունակում են հիմնականում երկակի խաղերը, մինչեւ պարզ կլինի՝ ի՞նչ են խոստանում ռուսական այս ընտրությունները, եւ դեպի ո՞ւր է գնալու ուկրաինական պատերազմը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ