ՈՎ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՊԱՅՔԱՐԻ ՍՐԲԱԶԱՆ ԴՐՈՇԸ
Վերլուծություն
ՌԴ նախագահի ընտրությունների համար Ռուսաստանի դեսպանատան կողքը կիլոմետրանոց ու բազմահազարանոց հերթերը շատերի մոտ զարմանք եւ շատերի մոտ էլ հիացմունք առաջացրին: Ռուսաստանի քաղաքացիները ցույց տվեցին, որ նրանք իրենց համարում են սեփական երկրի ճակատագրի համար պատասխանատու եւ անկախ նրանից, թե ով ում օգտին էր քվեարկելու, նրանք ժամերով կանգնեցին հերթերի մեջ, որպեսզի մասնակից լինեն իրենց երկրի ապագայի կերտմանը: Եվ դա ոչ միայն Երեւանում էր, այլ ամենուրեք` թե՛ Ռուսաստանում, թե՛ աշխարհի այլ պետություններում: Ընտրությունների մասնակցությունը գերազանցեց 77 տոկոսը:
Ակամա համեմատություն ես անում հայ իրականության հետ: Երեւանի ավագանու ընտրություններին 2023 թվականի սեպտեմբերին մասնակցել է ընտրողների 28 տոկոսը, իսկ 2021 թվականի ԱԺ ընտրություններին` 49 տոկոսը: Հայաստանում ի հայտ է եկել այնպիսի մի խայտառակ երեւույթ, ինչպիսին է ընտրակաշառքը, երբ մարդիկ փողով վաճառում են իրենց երկրի ապագան: Սա ցույց է տալիս մեր հանրության ճնշող մեծամասնության անտարբերությունը սեփական երկրի նկատմամբ: Մենք հայերս ավելի հեշտությամբ լքում ենք մեր երկիրը, քան փորձում չնչին ջանքեր գործադրել երկրի ապագան կերտելու համար: Իհարկե կարելի է մեղադրել ընդդիմությանը, որն այդպես էլ չկարողացավ հանդես գալ միասնական ճակատով, կարելի է մեղադրել իշխանությանը, որը ճնշումներ է գործադրում ընտրություններում ցանկալի արդյունք ստանալու համար: Սակայն մենք միշտ սովոր ենք մեղադրել ինչ-որ մեկին, փոխանակ նայենք ինքներս մեզ: Եվ այդ տեսանկյունից Նիկոլը մեր հանրության միջինացված կերպարն է, որը մեղադրում է նախկիններին, ընդդիմությանը, ռուսներին, ՀԱՊԿ-ին, արցախցիներին, սակայն ոչ ինքն իրեն:
Ռուսաստանի դեսպանատան մոտ գոյացած հերթը եւս մի ակամա համեմատություն առաջ բերեց: Ինչպիսի կարգ ու կանոնով էին կանգնած մարդիկ հերթի մեջ: Ընդ որում, հավանաբար տարբեր քաղաքական համոզմունքների մարդիկ: Եթե այդտեղ ռուսների փոխարեն կանգնած լինեին հայերը, ապա կարելի է պատկերացնել, ինչքան վեճ ու կռիվ կլիներ այդ հերթի մեջ, հերթն էլ հերթ չէր լինի, այլ` մի խայտառակ կուտակում` հրմշտոցով, առանց հերթ մտնողներով, ընտրական հանձնաժողովներում ծանոթ-բարեկամ փնտրողներով: Մինչեւ մենք չսովորենք իրար հարգել եւ հարգել օրենքը, կարգ ու կանոնը, մենք չենք կարողանալու ստեղծել քիչ թե շատ բարվոք պետություն:
ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Մինչ Նիկոլը մեկնել է Տավուշ, որպեսզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին համոզի, թե ոչ մի վտնագավոր բան չկա ադրբեջանցիներին հերթական գյուղերը եւ հերթական բարձունքները նվիրելու մեջ, նիկոլազգիների շրջանում տագնապը ուժեղանում է` տեղ-տեղ վերածվելով խուճապի: Դավաճաններն իրենց մաշկի վրա են զգում համաժողովրդական ատելությունը: Ատելություն, որը մի պահ պոռթկալու է, եւ այդ պահը ավելի ու ավելի մոտ է: Նիկոլին ժամանակին ամբողջ նվիրումով ծառայողները հերթով փորձում են արդարանալ ժողովրդի մոտ, թե նրանք ինչ-ինչ անհամաձայնություններ ունեին ժամանակին Նիկոլի հետ: Էդմոն Մարուքյանին, Սամվել Բաբայանին ու Արշակ Կարապետյանին հիմա էլ միացավ «կլոուն Հայկոն»: Սա նույնպես սկսեց պատմել, թե ինչպես էր դիմադրում Նիկոլի ճնշումներին եւ ինչպիսի հերոսությամբ էր պայքարում նիկոլական անարդարության դեմ եւ արդյունքում ինչպիսի փառահեղ արդյունքներ է գրացնել իր քաղաքապետ եղած ժամանակահատվածում: «Ես իմ վարքագծով երևի թե միակն էի իշխանության մեջ, որ եկավ ու ասեց (քաղաքապետարանում առաջին մեծ ժողովի ժամանակ), որ նախորդ իշխանությունների օրոք աշխատած և իրենց գործին լավ տիրապետող մասնագետները, չի նշանակում, որ ամբողջ օրը մտածել են, որ պետք է ինչ-որ վատ բան անեն: Ասել եմ՝ հակառակը, մենք պետք է այս բոլորիս մտածելակերպը փոխենք, որ այսուհետ բոլորս պետք է աշխատենք ի բարօրություն: Ամեն օր այդ ուղղությամբ աշխատել եմ, և ստացել եմ շատ լավ արդյունք», - նշել է Մարությանը:
Չգիտես ինչի վրա է իր հույսը դրել Մարությանը, հավանաբար մեր ժողովրդի կարճ հիշողության: Սակայն հենց «կլոուն Հայկոն» էր, որ առաջինը հնչեցրեց հայերին սեւերի եւ սպիտակների բաժանման ազգակործան ու պառակտիչ միտքը: Եվ առաջիններից մեկն էր, ով, որեւէ գաղափար չունենալով իր ծառայողական պարտականություններից, որեւէ փորձ չունենալով ղեկավար աշխատանքի մեջ եւ որեւէ պատկերացում չունենալով քաղաքային տնտեսությունից, գլխավորեց քաղաքը: Այսպիսի փողոցից բերվածների պատճառով է, որ երկիրը հայտնվել է այսքան տխուր վիճակում: Եվ հիմա զգալով Նիկոլի նավի կործանումը` սրանք ամեն մեկն իր տեղից փորձում է «մաքրվել»` հրաժարվել թե՛ Նիկոլից, թե՛ Նիկոլի մատուցած իրենց ծառայություններից:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՐ ԱՐԺԱՆԻ «ՄՈՒԶԻԿԱՆՏ»
«Ընդդիմությունը հիանալի հարաբերությունների մեջ է ներկայիս իշխանության հետ»,- օրերս հայտարարեց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը: Նույն Արթուր Վարդանյանը նշեց, որ Միասին շարժման հանրահավաքին մարդ բերելու համար լուրջ գումարներ են բաժանվել: Իհարկե, այստեղ միանգամից հարց է ծագում, թե որտեղից են այդ գումարները, քանի որ ամբիոնին օլիգարխներ կարծես թե չկան:
Մյուս կողմից ամբիոնին կան մարդիկ, ովքեր իրենց քաղաքական անհաջողակ կենսագրության ընթացքում հասցրել են փոխել մի շարք ճամբարներ, այդ թվում իրարից շատ հեռու եւ անգամ հակադիր: Այսպես, այսօր իբր ռուսամետ դիրքերից հանդեպ եկող տխրահռչակ Նարինե Դիլբարյանը ժամանակին եղել է մոտ ՀՀՇ-ական, ապա Սասնա Ծռերի, հետո նիկոլական շրջանակների հետ, իսկ այսօր պահանջում է նույն Նիկոլի հրաժարականը: Նույն հանրահավաքում հանդես եկող արցախցի Վահան Բադասյանը նույնպես ժամանակին կանգնել էր Նիկոլի կողքին:
Սակայն միաժամանակ պետք է փաստել, որ Նիկոլի դեմ միշտ հանդես եկող Պարույր Հայրիկյանը, որն այս հանրահավաքի կազմակերպիչներից մեկն էր, հանկարծ զրկվեց ձայնից, իբր իր ոչ ռուսամետ լինելու պատճառով, զրկողն էլ ով` ամբողջ կյանքը թունդ արեւմտամետ Նարինե Դիլբարյանը, որը Պարույր Հայրիկյանի քաղաքական փորձի եւ հայրենիքին ծառայելու համեմատ կատարյալ զրո է: Հավանաբար ոմանց դուր չի գալիս այն, որ Պարույր Հայրիկյանը քննադատում է որոշ ընդդիմադիրների, այդ թվում` «գլխավոր ընդդիմությանը» այն է` Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին անգործության մեջ: «Ասում են վիճակը օրհասական է, բայց երկու շաբաթ հենց այնպես սպասե՞նք»,- ասաց Հայրիկյանը «Հայաստան» դաշինքի մարզային հանդիպումների եւ զանգվածային բողոքի ալիք չբարձրացնելու առնչությամբ.- «Դրա հետագա զարգացումները ծիծաղելի են, որովեհետեւ մարզային ամենալավ հանդիպումները զրոյական բան է»: Պարույր Հայրիկյանի այս խոսքը նույնությամբ վերաբերում է նաեւ նույն Միասինի ղեկավարներին, ովքեր նույնպես որոշել են ժողովրդին զբաղեցնել մարզային հանդիպումներով. «Նույնն է, թե երբ թուրքրեը հասել էին Սարդարապատ, պատերազմից առաջ Արամ Մանուկյանն ասեր` գնում ենք մարզեր խորհրդակցելու»:
Ընդդիմության տարօրինակ պահվածքի մասին խոսում է նաեւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: «Նիկոլից օրինական կերպով ազատվելը երկու շաբաթվա հարց է. Բայց նրանք, ով իբր ուզում է հանել Նիկոլին, պայքարում են Նիկոլին չհանելու համար»:
ԻՆՉՊԵՍ ԴԱՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈՒՅՍԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ Է
Սկսած Ամանորի գիշերվանից` Հայ Առաքելական եկեղեցու ու Նիկոլի հարաբերությունները վերստին սրվեցին: Նիկոլը ինչպես իր իշխանության գալուց անմիջապես հետո, այդպես էլ այժմ փորձում է կազմակերպել գրոհ Վեհափառի դեմ` հենց Հայ Առաքելական եկեղեցու մեջ տեսնելով վտանգ թե՛ իր ազգուրաց ծրագրերի, թե՛ Արեւմուտքի կողմից առաջ քաշած այլասերման համար: Սակայն քաղաքական հեղինակավոր ընդդիմության բացակայության դեպքում ազգային հայրենասիրական ժողովրդական շրջանակները համախմբվում են եկեղեցու շուրջ, ինչպես դա ցույց տվեցին վերջին շրջանի մի քանի հավաքները` ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու:
Միաժամանակ հայ եկեղեցին նույնպես ավելի համարձակ է հանդես գալիս եւ Նիկոլի կողմից հերթկան չորս գյուղերը ադրբեջանցիներին նվիրելու պատրաստակամությունը հայտնելուց հետո, կարծես թե, ավելի է խստացնում իր վերաբերմունքը դավաճանության վերաբերյալ: Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագից հետո իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Կույր պետք է լինել, կամ կուրացած, կուրացածի վրա էլ ուրացած, որ մոռանաս, կամ վախի ներքո չկարչողանաս այդ ստացած ժառանգությունը համարես քոնը եւ տեր կանգնել: Ես գաղտնիք չեմ ասի ձեզ, որ շարունակաբար մենք գտնվում ենք դավաճանված ու ուրացված լինելու այս ամբողջ գործընթացում: Այն սկսվել է Արցախ աշխարհով, նրա ուրացումով, հայրենազրկումով եւ այդպես շարունակվում է քայլ առ քայլ, եւ դուք ինքներդ եք վկա, որ ընդամնեը մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Տավուշ աշխարհից, այսպես կոչված 4 գյուղեր, հետո անշուշտ հերքելով, որ գյուղեր չեն դրանք, տարածքներ են, տրվելու են թշնամուն: Եւ ոչ միայն դա թշնամական պահանջ է, այլ նաեւ ցավոք սրտի, ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի թուլակամության, եւ կարող եմ հստակ ասել` հայրենիք չունենալու հոգեբանության արտահայտությունն է: Մենք այս ամբողջ ժամանակահատվածում ապրել ենք եւ ապրում ենք ստի, կեղծիքի, հայրենիք հանձնելու, հող հանձնելու ամեն ինչի անվան տակ եւ այսօր էլ վախեցնելով պատերազմով, եթե սա չանենք՝ պատերազմ կլինի»,- ասել է նա:
Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցին հաստատում է, որ սա թշնամու հող չի, այլ «մեր տկարությունների եւ մեղքերի» պատճառով կտրտվել է:
Բագրատ Սրբազանը ասում է, որ որեւէ մեկը իրավունք չունի հանձնել իր հայրենիքի որեւէ տարածք. «Հիմա էլ ասում են՝ ոչ, գյուղեր չենք հանձնում, տարածքներ են դրանք: Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, խան ես, ո΄չ թագավոր ես, ո΄չ էլ գնել ես այդ հողերը, որ հիմա էլ հանձնում ես կամ փորձում ես հանձնել »:
Տավուշի թեմի առաջնորդը ընդգծում է, որ հիմա ժողովուրդը պետք է որոշի՝ հանձնվել, թե ընդվզել, ընդդիմանալ եւ «կտրել այն ձեռքը, որ փորձում է խառնել մեր տունը»:
Գուցե իսկապես, ինչպես դարերի ընթացքում եկեղեցին դառնա հայ ազատագրական շարժման առաջնորդը, իր ձեռքը վերցնի թուրքերի եւ իրենց սպասավոր դավաճանների դեմ պայքարի սրբազան դրոշը:
ԱՐՄԵՆԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ