ՆԻԿՈԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈՒՅՍՈՎ, ԲԱ ՄԵՆՔ Ո՞ՒՄ ՀՈՒՅՍՈՎ
Վերլուծություն
Հայկական հողերը թուրքերին հանձնելու ու սահմանադրությունը մշտական խախտելու իր անփառունակ գործունեության մեջ Նիկոլը, կարծես թե, այնքան է խճճվել ու խրվել, որ ինչ ցնդաբանություն ասես, որ դուրս չի տալիս, միայն թե հիմնավորի իր հակահայկական քաղաքականությունը: Տավուշում հանձնվող գյուղերի բնակչության հետ հանդիպման ժամանակ նա փիլիսոփայում էր, թե եթե հայոց զորքը գնա, գյուղերը հանձնեն ու տեղը գան սահմանապահներ, ապա դա գյուղացիների համար շատ ամուր մի պատնեշ է լինելու, եւ իրենց անվտանգությունը ապահովելու է:
ՆԻԿՈԼԻ ՍԵՐԸ ԵՐԿԻՐ Է ՔԱՆԴՈՒՄ
Սակայն պարադոքսը այն է, որ արդեն այդ գյուղերը չեն լինելու, որպեսզի նրանց անվտանգությունը սահմանապահները ապահովեն: Նիկոլը դուրս տվեց առավել քան անկապ մի միտք, թե «սահմանապահների մոտ իրար վրա կրակելը ընդունված չէ»: Թե Նիկոլն ի՞նչ գիտի` ինչ է ընդունված սահմանապահների մոտ, ի՞նչը ընդունված չէ, եթե մեկ ժամ անգամ բանակում չի ծառայել ու սահմանում չի եղել: Թե ի՞նչ պատճառով` վարկածները տարբեր են: Ըստ Նիկոլի` սահմանը «իրավական պարիսպ» է: Սակայն ադրբեջանցիներին դա չխանգարեց խորապես թքելով թե՛ Նիկոլի, թե՛ իր «իրավական պարիսպի» վրա, գրավել Հայաստանի «իրավական պարիսպից» ներս 200 քառ. կմ:
Նիկոլի ասածները այնքան աբսուրդային են, որ թվում է, թե գործ ունես հոգեկան ծանր հիվանդություն ունեցող մարդու հետ, որը կորցրել է տրամաբանության հետ որեւէ շփում: Իր մեկ այլ հայտարարությունն այն էր, թե նա այնքան անեծք է վերցրել իր վրա (իսկ անեծքը, ինչպես հայնտի է, յոթը պորտ շարունակվելու կարողություն ունի), քանի որ սիրում է գյուղացիներին. «Խի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ»,- ոսկեղենիկ հայերենով սեր է բացատրվում Նիկոլը: Այսպիսի «կտերով» նա եկավ իշխանության, բայց ինչպես ասում են նույն գետը երկու անգամ մտնել չի լինի: Ու հիմա էլ ոչ ոք չի հավատում Նիկոլի սիրո խոստովանություններին:
Եվ հենց գյուղացիներին սիրելուց է, որ ուզում է իրենց տները տալ թուրքերին, իսկ իրենց Իջեւանում տներ կառուցել: Թե ո՞ւմ փողերով է կառուցելու Նիկոլը այդ տները հարց է. բյուջեում նման գումարներ նախատեսված չեն: Հավանաբար, այդ փողն էլ են տալու ադրբեջանցիները: Կամ էլ արդեն ադրբեջանցիների տված փողերից է մասնաբաժին հանվելու: Մի խոսքով, Նիկոլի սերը Արցախը քանդեց, հիմա էլ Տավուշն է քանդում… Կլինի դու էլ ոչ մեկին չսիրես , քո տնավեր «սիրուց» երկիր ենք կորցնում, գնա սիրիր քո թուրքերին:
Հող հանձնող, վախեցած եւ կուչ եկած Նիկոլը նշում է, որ նրա դիմաց, որ նա հանձնում է Տավուշի գյուղերը, Ադրբեջանը չի նահանջելու մեր տարածքներից: Մարազմը եւ պարանոյան հասնում են այնտեղ, որ նա ասում է, թե Ադրբեջանը «չի նահանջելու, բայց սա իրադրության մեր գնահատականը չի փոխում, որովհետեւ այս իրադրության մեջ մեզ ավելի լավ է մենք կանգնենք մեր սահմանագծին եւ լինենք պահանջողի դիրքում»: Թե ումից ինչ է ի վիճակի պահանջել Նիկոլը, մենք արդեն լավ գիտենք: Նա կարող է պահանջել իր նիկոլազգիներից, որ հլու-հնազանդ ծառայեն իրեն, իր ոստիկաններից` որ ջարդեն ընդդիմությանը, իր դատավորներից` որ դատեն անմեղներին: Իսկ թուրքից նա ոչ միայն պահանջել, անգամ խնդրել չի կարող, թուրքից նա կարող է միայն մուրալ, որ հայկական հողերի դիմաց իրեն թույլ տան մի քանի ամիս էլ վեր ընկնի իր բազկաթոռի մեջ:
Նիկոլը փորձում էր գյուղացինեին հանցակից դարձնել իրեն եւ իր դավաճան ոհմակին: Նա փորձում էր համոզել, թե իրենք դավաճան ու հող ծախող չեն, բայց դավաճանն ու հող ծախողը ուրիշ ինչպիսի՞ն է լինում: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կա երաշխիք, որ գյուղերը հանձնելուց հետո Ադրբեջանը կրկին առաջ չի գա եւ պատերազմ չի սանձազերծի, այս խելակորույսը պատասխանեց, թե երաշխիքներ չկան, սակայն կա հույս, որ Ադրբեջանը այդպես չի վարվի:
Նիկոլը պաթոլոգիկ վախկոտություն է ցուցաբերում, իր աչքին ամենուրեք երեւում են կատաղած ցուլեր, փոթորկած օվկիանոսներ, սատանաներ եւ այլն: Ադրբեջանը մի հատ «փըխկ» անելուց Նիկոլն աղաղակում է, թե հողերը տվեք, թե չէ մի քանի օրից պատերազմ է սկսվելու: Այսպես շատ շուտով նա հավաքելու է երեւանցիներին եւ ասի, որ եթե Երեւանը չտանք, ապա նույնպես մի քանի օրից պատերազմ է սկսվելու: Ինչպես կարելի է ունենալ պետություն, որն անընդհատ հանձնում է իր հողերը, որպեսզի ինքն իրեն չպաշտպանի: Նիկոլը հայի (արդյո՞ք հայի) այն անիծված տեսակից է, ով պատրաստ է ամեն ինչ հանձնել իր կաշին ու իր բիզնեսը փրկելու համար: Հենց այս հայի տարատեսակի մասին էր ասում Պուշկինի ստեղծագործության մեջ լեռնեցին. «Դու վախկոտ ես, դու ճորտ ես, դու հայ ես»: Հավանաբար այն ժամանակ նույնպես կային նիկոլազգիներ, որոնք իրենց ներկայացնում էին որպես հայեր: Սակայն հայրենասեր հայերը եւ նիկոլազգիները դրանք ոչ միայն տարբեր, այլ հակադիր ազգեր են:
Մի այլ նիկոլազգի ԱԳ նախարար Արաբաթ (գործակալական մականունը «Օմեգա») Միզոյանը պարզապես գալարվում է, որպեսզի արդարացնի իր տեր ու տիրական Նիկոլի արածներն ու ասածները: Երբ սրանք վավերացնում էին միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, անամոթաբար ստում էին, թե դա արվում է ադրբեջանցիներին պատժելու համար: Իսկ հիմա սրիկայաբար հայտարարում են, որ պատրաստ են միջազգային ատյաններում դադարեցնել բոլոր գործընթացները Ադրբեջանի դեմ: Ու երբ Օմեգային հարցնում են, թե ինչի՞ էր պետք այդ դեպքում վավերացնել Հռոմի ստատուտը եւ թշնամացնել Ռուսաստանին, եթե հիմա բոլոր հայցերը Բաքվի դեմ հանվում են, նա գալարվելով դուրս է տալիս անիմաստ բառակույտեր. «Եթե մի կողմը անի քայլ, մյուսը` կանի երկրորդը, եւ վերջնական դասավորվածությունը կցուցադրվի հրապարակայնորեն»:
Երբ սրան հարց են տալիս, թե ինչպե՞ս հասկանալ, որ Ալիեւը փաստեց, որ 2018 թվականին Նիկոլը խոստացել էր հանձնել հողերը, Օմեգան իրեն գցում է «դոդերի բախչեն» եւ նշում, թե բոլոր իշխանությունները քննարկում էին հողերը հանձնելու հարցը:
Սակայն Միզոյանի գլուխգործոցն այն էր, որ պարզվում է արցախցիների արտաքսման ու բռնագաղթի պատճառը ո՛չ թե Ադրբեջանն է, ո՛չ թե Նիկոլը ու իր թայֆան, ովքեր ճանաչեցին Արցախը Ադրբեջանի կազմում, այլ հենց ղարաբաղցիները. «Եթե դուք ունեք մեղադրանքներ, հասցեագրեք դրանք այլ մարդկանց, մենք այդ ամենի մեջ մեղավոր չենք»,- անամոթաբար ասում է «պիլիսոսի» ասպետը: Այսպիսի զզվելի կերպարների և զզվելի խոսքերի շարանը կարելի է շարունակել անվերջ:
ՀԱՆՁՆԱՐԱՐՎԱԾ Է ԴԱՌՆԱԼ ՌՈՒՍԱՄԵՏ
Այնպիսի տպավորություն է, որ «քյառթու» արեւմտամետներին հանձնարարված է դառնալ ռուսամետ: Ընդ որում, հանձնարարված է իրենց արեւմտյան հրահանգիչների կողմից: Նպատակը պարզ է, այն դեպքում, եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինային, իսկ այդ սցենարը շատ իրատեսական է, Մոսկվան իր ուշադրությունը կդարձնի Անդրկովկասի վրա: Բնականաբար, Նիկոլը եւ նիկոլազգիները այստեղից կվռնդվեն, եւ պետք է ձեւավորվի այնպիսի իշխանություն, որը կկարողանա Ռուսաստանի հետ արտաքնապես կարգավորել հարաբերությունները: Հենց այդ նպատակով է, որ Արեւմուտքը ձեւավորում է սեփական «ռուսամետների» շարասյուն, որը անհրաժեշտության պահին կարող է բերվել իշխանության եւ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը իսկապես ստեղծի Ռուսաստանի հետ դաշնակցային, վստահելի ու ամուր հարաբերություններ: «Ռուսամետների» անվան տակ ներդնելով իր մարդկանց իշխանության բոլոր օղակներում, սկսած ամենաբարձր պաշտոններից մինչեւ վարչությունների պետեր ու բաժնի վարիչներ` Արեւմուտքը երաշխավորում է ինքն իրեն, որ անհրաժեշտության եւ հնարավորության պահին նորից իշխանության կբերի նիկոլազգիներին, իսկ մինչ այդ ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանում նիկոլազգիները բազմանան ու ամրապնդվեն, ինչպես դա անում էր վերջին 30 տարիների ընթացքում: Ի դեպ, այս ժամանակահատվածում, Արեւմուտքին շատ անգամ հաջողվում էր Հայաստանում ռուսական հանգույցային դիրքերում նշանակել իր գործակալներին, ովքեր, ռուսական փող ու պաշտոններ ստանալով, սպասարկում էին արեւմտյան շահերը:
Վերոհիշյալ սցենարի ամենացայտուն, կարելի է ասել կլասիկ օրինակը Էդմոն Մարուքյանն է: Վերջինս քննադատում է եւրոպացի բարձրաստիճան պաշտոնյա Շառլ Միշելին նրա համար, որ նա ծաղրանքով շնորհավորում է Պուտինին: Թե երբվանի՞ց է ամբողջ կյանքում արեւմտամետ Էդմոն Մարուքյանը դարձել սրտացավ Պուտինի հանդեպ… Հավանաբար հենց այն պահից, երբ Արեւմուտքի իր հրահանգիչները տվել են նրան հանձնարարություն տարանջատվել Նիկոլից ու ձեւանալ ռուսամետ: Ըստ որոշ լուրերի` «Կլասիկը» բանակցություններ է վարում մեկ այլ տարօրինակ կերպարի` Արշակ Կարապետյանի հետ: Այս վերջինս էլ նույնպես իրեն հայտարարում է ռուսամետ, սակայն հլու-հնազանդ ծառայում էր Նիկոլին, հենց այն ընթացքում, երբ Նիկոլը «քլունգով» քանդում էր հայ-ռուսական հարաբերությունները: Բացի Նիկոլից ու Արշակից ոչ ոք դեռ չի ասել, որ Արշակ Կարապետյանը ռուսամետ է, սակայն այդ հեքիաթը պետք է տարածել, եւ այն տարածվում է:
Այսօր նույնիսկ մինչեւ ականջները նիկոլական ու հակառուս Հովիկ Աղազարյանն է իրեն ռուսամետ հռչակում: Նարինե Դիլբարյանն էլ վրադիր…
Եվս մի զարմանալի նորաթուխ ռուսամետ ի հայտ է եկել բիզնեսի աշխարհից: Քաղաքական դաշտում որեւէ փորձառություն չունեցող Մհեր Ավետիսյանը հաջողություններ է գրանցել Ռուսաստանում շինարարական բիզնեսի ոլորտում: Եվ ընդամենը համեմատաբար վերջերս իր մոտ դրսեւորովել է անզուսպ ձգտումը դեպի քաղաքականություն ու հատկապես` հայ-ռուսական հարաբերությունների զարգացում: Նա մի անհաջող փորձ արեց Մոսկվայում հայ-ռուսական ֆորում հավաքելու համար, հիմա էլ նույնը ուզում է անել Երեւանում: Իհարկե, այդ ձգտումը գովելի է, սակայն հարց է ծագում, իսկ ինչո՞ւ մինչ այդ, այդ նորաթուխ քաղաքական գործիչը այդքան պասիվ էր, եթե չասենք անտարբեր թե՛ հայ ազգի, թե՛ հայ-ռուսական հարաբերությունների հանդեպ:
Մի խոսքով, մրցավազք է սկսվել ամենառուսամետի տիտղոսը վերցնելու համար: Ընդ որում, առաջին շարքերով միմյանց հրմշտում են նրանք, ովքեր կա՛մ հայտնի ռուսատյացներ են, կա՛մ երկար տարիներ Ռուսաստանի մասին մոռացածները, կա՛մ էլ այդտեղ թափով բիզնես վարողները:
ԱՐՄԵՆԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ