Ռուսաստանում արեւմտա-լիբերաստության 33 տարվա փուլն ավարտվեց. «կայսերությունը» վերադառնում է
Վերլուծություն
Նիկոլի համար եւս մեկ խնդիր է մնում այն, որ իր եվրոպական երազանքները ստիպված է համատեղել այն իրողությունների հետ, որ Արեւմուտք-Ռուսաստան պայքարը թեեւ սրվում է, սակայն այդպես էլ տեսանելի չի դառնում այն պոտենցիալը, որը կօգնի Արեւմուտքին՝ հաջողություններ գրանցել: Իհարկե, Մակրոնը սպառնում է զորքեր ուղարկել, կան նաեւ խոսակցություններ, թե արդեն ուղարկել է: Ավելին, շատ աղբյուրներ պնդում են, որ ներկայումս ՌԴ Բելգորոդի ուղղությամբ հարձակվող ուկրաինական ուժերի մեջ մեծ թիվ են կազմում ֆրանսիական եւ լեհական զինվորականները՝ վարձկանների անվան տակ: Նաեւ, թե մեկ-երկու սահմանային գյուղ են կարողացել գրավել: Հետո՞, դա ստրատեգիական առումով ի՞նչ է տալու:
Փոխարենը, Դմիտրի Մեդվեդեւի կարծիքով, Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելը քաղաքական իմաստով մի բան էլ օգուտ կլինի Ռուսաստանի համար: Ըստ այդմ. «Փաստորեն, լավ կլիներ, որ անհանգիստ ֆրանսիացիները մի երկու գունդ ուղարկեին Բանդերլենդ։ Շատ խնդրահարույց է նման թվով զինվորականների թաքցնելը, եւ, հետեւաբար, նրանց համակարգված ոչնչացման հարցը չի լինի ամենադժվար, բայց չափազանց կարեւոր խնդիրը։
Բայց ի՜նչ օգուտ կլիներ։
Այսքան շատ դագաղներով, որոնք Ֆրանսիա են առաքվելու օտար, հեռավոր երկրից, անհնար է թաքցնել պրոֆեսիոնալ զինվորականների զանգվածային մահը… Բայց Ֆրանսիայի ղեկավարության աքլորների համար դա հավասարազոր կլինի գիլյոտինի: Նրանց կտոր-կտոր են անելու զայրացած հարազատներն ու ընդդիմության չար ներկայացուցիչները, որոնց ասել են, որ Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի հետ։ Իսկ Եվրոպայում մնացած անհանգիստ ապուշների համար լավ դաս կլինի»։
Ընդ որում, Մեդվեդեւն ամենեւին էլ միակը չէ, որ նման զգուշացում է ուղարկում Փարիզին, թե՝ ֆրանսիացի զինվորականների ոչնչացումը կդառնա ռուսական ուժերի նախապատվելի խնդիրներից մեկը: Ընդ որում, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է, այստեղ ոչինչ չի փոխում:
Սակայն Ռուսաստանից եկող նման չափազանց կոշտ եւ միանշանակ տոնայնությունն իրականում ավելի խորն է գնում: Մի շարք փորձագիտական աղբյուրներ հետընտրական փուլում Մոսկվայից սպասվող քաղաքականությունը, ասենք՝ Ռուսաստանում առաջացած իրավիճակը գնահատում են, օրինակ, այսպես. «Պուտինի հետ հանդիպմանը բոլոր թեկնածուներից ամենաազատական Դավանկովը հայտարարեց, որ աջակցում է Պուտինի կողմից նշված ՀՌՕ-ի բոլոր նպատակների իրականացմանը եւ լիովին ներգրավված է ռազմաճակատին օգնելու գործընթացում։ Իսկ ահա ընտրություններին լիբերալ ընդդիմադիրները կոչ էին անում քվեարկել Դավանկովի օգտին։ Եզրակացնում ենք՝ 1991-ին սկսված եւ 1993-ին համախմբված Ռուսաստան արեւմտամետ -լիբերալ նախագիծը վերջնականապես փակվում է։ Ռուսաստանում այլեւս չկան էլիտաներ, որոնք կարող են հրապարակայնորեն լինել լիբերալ-արեւմտամետ… Այժմ Արեւմուտքը չպետք է հույս ունենա Ռուսաստանում շրջադարձի վրա: Շատ արագ վերջապես կջարդվեն լիբերալիստական համախոհները, եւ կգունափոխվեն վերջին պատեհապաշտները: Այսպիսով, Ռուսաստանը վերածվեց մի երկրի, որի հետ նախկինում երբեք գործ չեն ունեցել արեւմտյան ներկայիս քաղաքական գործիչները։ Կտեսնենք, թե ինչպես կարող են հարմարվել»:
Այսպիսով, ամեն ինչ հուշում է, որ Ռուսաստանում, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ի հայտ եկած լիբերալիստական ժամանակաշրջանը վերջնականապես ավարտվեց: Ու հիմա դրան փոխարինելու է եկել ազգայնականությունը: Հենց այդ գաղափարախոսության ներքո է, որ Ռուսաստանը մշտապես ծավալվել է, եւ այդ փուլի վերադարձը պարզ ազդակ է ոչ միայն Արեւմուտքի, այլ, առաջին հերթին, հետխորհրդային ողջ տիրույթի համար: Կօգնի՞ Մակրոնն այս իրավիճակում Նիկոլին. մեկը լիներ, Մակրոնին օգներ, որ հիմա կանգնել է կա´մ ռուսների թիրախը դառնալու, կա´մ վախվորած հետ քաշվելու հեռանկարի առաջ: