ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՆԻԿՈԼԻՆ` ԿԱ´Մ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱ´Մ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն
Ինչպես հայտնի մուլտֆիլմում Կարլսոնը օդում թռչկոտելու համար ուներ մուրաբայի կարիք, այդպես էլ Նիկոլը իշխանությունը պահելու համար ունի Արեւմուտքին ու թուրքերին նորանոր զիջումներ ու նվերներ մատուցելու կարիք:
Գյումրի այցելության ժամանակ Նիկոլը շարունակեց իր հակահայկական քարոզչությունը` այս անգամ նշելով, որ պատմական անհրաժեշտություն է պատմական Հայաստանից անցնել իրական Հայաստանին: Նա նշեց, որ իրենց պատասխանատվության տարածքը դա «իրական Հայաստանի տարածքն է»: Այդպիսով, Նիկոլը շարունակում է Եվրամիության կողմից նրան հանձնարարված հակահայկական ծրագրի իրականացումը, որը նա ստանձնել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին` Պրահայում հայտարարելով, որ Արցախը Ադրբեջանի մաս է:
Ընդ որում, Նիկոլը կրկին կիրառեց շանտաժի իր սիրած մեթոդը` նշելով, որ եթե մենք չհրաժարվենք պատմական Հայաստանից, ապա իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական: Այսինքն` Նիկոլը առաջարկում է հայ ժողովրդին երկու տարբերակ. կա՛մ մեռնել որպես հայ, կա՛մ ապրել որպես թուրքի ճորտ, առանց պատմական հիշողության, առանց Արցախի ազատագրման հույսի, առանց Ցեղասպանության մասին ծպտուն հանելու:
Գուցե Նիկոլի համար այդպես ապրելը նախընտրելի է: Նա այժմ էլ է այդպես ապրում: Սակայն արդյո՞ք դա ընդունելի է հայ ժողովրդի համար: Սա է ամբողջ խնդիրը:
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԼԱՑԴԱՐՄ
Նշելով իր պատասխանատվության մասին, Նիկոլը հերթական անգամ դիմելով պոպուլիզմի իր սիրած թեզերին, նշեց, որ Ադրբեջանին հողեր հանձնելուց հետո մնացած Հայաստանում իր կառավարությունը կապահովի անվտանգություն ու տնտեսական զարգացում: Սակայն, թե ինչպե՞ս է Նիկոլն ու իր կառավարությունը ապահովում անվտանգություն, մենք բոլորս ենք տեսնում: 31 գյուղերի տարածքներից Ադրբեջանին հանձնած 200 քառ. կմ-ն դրա ապացույցն է, եւ դա դեռ սկիզբն է: Ինչ վերաբերում է տնտեսական զարգացմանը, ապա Նիկոլի իշխանության վեց տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը գրեթե կրկնապատկվեց: Այսինքն` Նիկոլը վերցրեց այնքան արտաքին պարտք ու վարկ, ինչքան մինչեւ իր գալը բոլոր կառավարություններն իրար հետ վերցրած: Բացի այդ, Հայաստանի տնտեսական «զարգացմանը» չդիմանալով, ամեն տարի երկիրը լքում են ավելի քան 50 հազար հայեր:
Իսկ ինչ վերաբերում է պատմական Հայաստանից հրաժարվելուն, ինչով զբաղված է Նիկոլն իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում, ապա դա պետք է ձեւակերպվի Հայաստանի Հանրապետության անկախության հիմնասյուները քանդելով, այսինքն` Անկախության հռչակագիրը վերացնելով: Բացի այդ, Նիկոլից պահանջվում է փոխել սահմանադրությունը` հիմնահատակ ոչնչացնելով ամեն ազգայինը: Օրերս հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի դեսպան Քրիստինա Քվինը այցելել է ՀՀ սահմանադրական դատարան եւ մասնակցել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին: Սա փաստում է, որ նոր սահմանադրություն կազմելու գործընթացն իրականացվում է ամերիկացիների վերահսկողության ներքո: Վերջիններիս հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել հակառուսական եւ հակաիրանական պլացդարմ: Իհարկե, այդ հարթակի կառավարումը կհանձնվի Թուրքիային, ինչի մասին անգլիացիները արդեն բացեիբաց ասում են: Եվ այդ ամենը պետք է արձանագրվի ՀՀ նոր սահմանադրության մեջ:
Ամբողջ խնդիրն այն է, որ այդ սահմանադրությունը, ինչպես նաեւ ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկումը պետք է անցկացվի հանրաքվեով: Եվ ընդամենը տասը տոկոս հեղինակություն ունեցող Նիկոլը, իհարկե, դա անել չի կարող: Ուստի` նրա առաջ դրված է իր վերակացուների կողմից երկընտրանք` կա՛մ դու դա անում ես, կա՛մ հեռանում ես, եւ դա անում են ուրիշները: Այսօր Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որպեսզի իրականացնի հրահանգիչների կարգադրությունները: Սակայն ինչպես ապահովել 650 հազար ՀՀ քաղաքացու մասնակցությունը հանրաքվեին` նա չգիտի:
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ
Որպես իրավիճակի լուծում, հավանաբար կնախանշվի Նիկոլին ինչ-որ իբր «ընդդիմադիր» ուժով փոխարինելու տարբերակը, որպեսզի այդ ուժը անվանվի հականիկոլական, ստանա Նիկոլին ատող ժողովրդի աջակցությունը եւ վստահության վարկը: Եվ այդ «հականիկոլական վարկի» շնորհիվ Նիկոլին իբր ընդդիմադիր նոր ուժը պետք է իրականացնի սահմանադրական սկզբունքների այն հեղաշրջումը, որն այսօր չի կարողանում անել Նիկոլը:
Հատկանշական է, որ այսօր հենց նիկոլականներն են արդեն կոչ անում, որ ժողովուրդը դուրս գա եւ նիկոլականներին ուղարկի գրողի ծոցը: Հենց կարկառուն նիկոլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը օրերս հայտարարեց. «Եթե տղամարդ եք, ապա դուրս եկեք եւ մեր նման դավաճաններին հանեք իշխանությունից»:
Մենք բազմիցս նշել ենք, որ գործող խորհրդարանական գլխավոր ընդդիմությունը` ի դեմս «Հայաստան» դաշինքի, այդպես էլ չկարողացավ իր ձեռքը վերցնել իշխանության դեմ իրական պայքարի դրոշը: Այս իրավիճակը դիպուկ է նկարագրում քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը. «Դիվանագիտություն, քաղաքականություն չկա, ռազբիրյատների մեջ ենք սաղ օրը: Ընդդիմություն էլ ամեն անգամ դուրս է գալիս, ժողովուրդը նայում է, ասում` չգիտենք իշխանությո՞ւնն է ավելի վատ, թե՞ ընդդիմությունը, ու գնում են տուն»:
Եվ ահա իշխանությունը որոշել է իր համար ձեւավորել այնպիսի «ընդդիմություն», որն իբր կլինի հականիկոլական, անհրաժեշտ պահին իբր «կվռնդի» Նիկոլին, սակայն իրականում ո՛չ Նիկոլին ու իր հարազատներին, ո՛չ Նիկոլի բիզնեսներին ինչ-որ բան կսպառնա, ո՛չ նիկոլականներից մեծամասնությանը եւ ամենակարեւորը` այդ նոր` իբր ընդդիմադիր ուժը կշարունակի Նիկոլի հրահանգիչներից ստացած նույն արեւմտաթուրքամետ քաղաքական կուրսը: Սակայն, եթե այսօր Նիկոլի հանդեպ կա համաժողովրդական ատելություն, ապա այդ նոր ուժի հանդեպ ատելությունը կձեւավորվի երեքից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում այդ նոր ուժը կանցկացնի ե՛ւ նոր սահմանադրությունը, ե՛ւ Հայաստանը կդարձնի Թուրքիայի վիլայեթ:
Մենք արդեն գրել ենք, որ պատահական չէր «կլասիկ» Էդմոն Մարուքյանի հրաժարականը: Նույնքան պատահական չէր Սամվել Բաբայանի` իբր Նիկոլին ընդդիմադիր դառնալը: Իսկ ռուսամետ դաշտում ակտիվ դերակատարություն են ունենում նախկինում Նիկոլին ամենամոտ կանգնած անձինք, որոնք հլու-հնազանդ կատարում էին արեւմտյան հրահանգիչների հանձնարարականները: Բավական է հիշել միայն վերջերս ակտիվության ջանքեր գործադրող Նիկոլի նախկին ՊՆ նախարար Արշակ Կարապետյանին, որի պաշտոնավարման օրոք Հայաստանն ակտիվորեն տարածքներ էր հանձնում, ինչպես նաեւ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից հայտնի արեւմտամետները, ովքեր հիմա օդում զգեստափոխվել են եւ իրենց ներկայացնում են որպես ռուսամետներ:
Օրերս իշխանությունները ակտիվ գործողություններ սկսեցին մինչ այդ գրեթե անհայտ «Մարտական եղբայրություն» կազմակերպությանը գովազդելու նպատակով: Մեծ աղմուկով ոստիկանությունը կալանավորել է այդ կազմակերպությունից 69 հոգու ու այնուհետեւ ազատ արձակել: Նրանք իբր գնում էին պաշտպանելու Տավուշի գյուղերը: Իրականում սրանք պաշտպանվելու անվան տակ խուճապ էին տարածում, ինչպես նաեւ կատարում գործողություններ, որոնց արդյունքում կարող է սադրանք լինել, եւ հրահրվել պատերազմ: Կազմակերպության ղեկավարը իր արեւմտամետությամբ հայտնի Հրանտ Տեր-Աբրահամյանն է, որը ժամանակին սատարում էր ՀՀՇ-ական գաղափարներին, իսկ մինչեւ վերջերս ամբողջությամբ աջակցում էր Նիկոլին: Հավանաբար, արեւմտյան հրահանգիչները նաեւ այս քիչ հայտնի կազմակերպությանը նույնպես փորձարկում են որպես Նիկոլին «գահընկեց» անող իմիտացիոն թատրոնի դերակատար:
Իսկ այդպիսի թատրոնի նախանշանները արդեն ի հայտ են գալիս, երբ կազմակերպվում է ծիծաղաշարժ «հարձակում» ոստիկանական բաժանմունքի վրա:
Իհարկե, այդ նորաթուխ «ընդդիմադիրների» պարահանդեսի ետնաբեմում իրենց ուրույն դերը չեն կորցնում սորոսական «ծանրաքաշերը», ինչպիսին են ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը եւ այլք: Եվ շատ հավանական է, որ Նիկոլի ուսերի վրա հենց նրանք գան` վերջինիս փոխարինելու:
ԹԱՏՐՈՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Արեւմտյան գծագրերով Հայաստանի վերաֆորմատավորման գաղափարի ճարտարապետները, բնականաբար, խիստ անհանգստացան, երբ տեսան Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ժողովրդական այն մեծ հոսքը, որ գալիս էր իր ցավակցությունը եւ աջակցությունը ՌԴ-ին հայտնելու: Այստեղ էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը, «Հանրապետական» կուսակցության երիտասարդական թեւը, վերջերս ակտիվացած «Միասնություն» շարժումը, այլ կազմակերպություններ ու բազմաթիվ անհատ քաղաքացիներ:
Իհարկե, հակառուսական ալիքի նախաձեռնողները չէին սպասում, որ իրենց վարած ու նախաձեռնած այդ գործընթացի արդյունքում Հայաստանում կպահպանվի այդքան սեր ու հարգանք Ռուսաստանի հանդեպ, իսկ այդ փաստը խառնում է Արեւմուտքի բոլոր խաղաքարտերը: Այսինքն` այն ծրագիրը, ըստ որի` Նիկոլը, իբր ժողովրդական ալիքի արդյունքում, պետք է հանձնի իշխանությունը «Նիկոլ երկրորդին», կարող է տապալվել եւ կեղծ «ընդդիմության» փոխարեն իշխանության գան իսկապես ազգային հայրենասիրական ուժերը, որոնք կդադարեցնեն Արեւմուտքում թխած ազգակործան ծրագրի իրականացումը եւ կփկեն Հայաստանը Արեւմուտքի կողմից նախատեսված վախճանից:
Արմենակ Հովհաննիսյան