Ուր են տանում մոսկովյան ահաբեկչության թելերը
Վերլուծություն
Մոսկովյան Crocus City Hall-ում ահաբեկչական հարձակումը, երբ մի կողմ ենք թողնում դրա ողջ հուզական կողմը, միանգամից մի շարք հարցեր է առաջ քաշում: Եվ առաջին հերթին` իրականում ո՞ր ուղղությամբ պետք է փնտրել այս հարձակման պատվիրատուներին:
ԻԳԻԼ, ՈՒԿՐԱԻՆԱ, ԹԵ՞…
Այս պահին ունենք նման ընդհանրական ֆոն: Ռուսաստանի Դաշնությունում ռուս բնակիչների վրա հուզական հարձակումները շարունակվում են՝ մուսուլմանների նկատմամբ ատելությունից մինչեւ իշխանությունների նկատմամբ անվստահություն ուղղվածությամբ, սակայն սկսում է գերիշխող դառնալ ուկրաինական ուղղությամբ մեղադրանքների թեզը: Նման տրամադրությունը միանգամայն տրամաբանական է՝ հաշվի առնելով կատարվածի մասշտաբները եւ հուզականությունը։
Ուկրաինացիների մեծամասնությունը եւս, այն տպավորությունն է, որ նայում է այս ամենին, քիչ բան է հասկանում: Ու այս հատվածում աստիճանաբար սկսում է գերիշխել վախի մթնոլորտը: Բոլորն են տեսնում, որ ռուսական հանրության մեղադրանքներն արագորեն ուղղվում են ուկրաինական ուղղությամբ, եթե անգամ իրականում Ուկրաինայի հատուկ ծառայությունները չէին կանգնած հարձակման հետեւում: Իսկ այդ մեղադրանքների հեղեղը, որն առկա է նաեւ ռուսական բանակում, արագորեն կբերի պատերազմական իրողությունների ծայրահեղ կոշտացման։
Ռուսաստանում, ապա` Ուկրաինայում ծնունդ տված նման տրամադրությունների հիմնական պառճառներից էր ահաբեկչության ընտրված ձեւը, ահաբեկիչների պահվածքը բուն հարձակման ժամանակ եւ դրանից հետո: Այն հնարավորինս զգացմունքային էր՝ գործնականում ոչ ոքի անտարբեր չթողնելով։ Անզեն մարդկանց զանգվածային գնդակահարության օրինակները շատ են:
Եվ սա մտածելու առիթ տվող առաջին հիմքն է. իսլամիստներն իրենց այսպես չեն պահում՝ պատանդներ են վերցնում իրենց վրա ուշադրություն գրավելու համար, չեն փորձում թաքնվել։ Ռուսները եւս դա տեսել են` հիշեք Դուբրովկան եւ Բեսլանը:
Բայց այստեղ ամեն ինչ հակառակն է, որովհետեւ մոտիվացիան հավատը չէ, այլ` փողը:
Մի շարք այլ հարցեր է առաջ քաշում հարվածի ընտրված վայրը եւ ժամկետը:
Շատ ավելի հասկանալի կլիներ, եթե հարձակումն իրականացվեր ավելի վաղ` մինչ ընտրությունները: Այս դեպքում պարզ կլիներ մոտիվացիան` հարված Պուտինին: Միգուցե իրականում այդպես էլ ծրագրված էր` ԱՄՆ դեսպանատունն իր նախազգուշացման մեջ խոսում էր կոնկրետ ժամկետներից: Հնարավոր է նույնիսկ, որ էլի թիրախը լիներ Կրոկուսը, ասենք` Շամանի համերգին: Շամանն այսօր «գլխավոր քարոզիչն» է երիտասարդների համար, իսկ Պիկնիկ խումբը՝ 30-40 տարեկան ավագ սերնդի համար։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ ազդեցություն կունենա 150 երեխայի մահը եւ ընտրությունների պահին:
Հարձակման վայրը` Կրոկուսը, թեեւ իդեալական է, բայց էլի հարցեր կան: Այն գտնվում է Մոսկվայի օղակաձեւ ճանապարհի արտաքին մասում, որն ապահովում է արագ փախուստ: Այնտեղ միշտ էլ շատ թույլ անվտանգություն է եղել. Աղալարովները երկար ժամանակ խնայում են սրա վրա։ Այս ամենը հարձակվողներին թույլ էր տալիս մտածել` կարող ենք հանգիստ հեռանալ, հասնել ուկրաինական սահման, մեզ կէվակուացնեն, եւ կփրկվենք: Բայց իրականությունը ցույց տվեց` կազմակերպիչների պլաններն այլ էին, որ հարձակվողներին ռուսները կբռնեն հենց ուկրաինական սահմանների մոտ: Բայց դրանից կազմակերպիչները մտահոգված չէին. այլապես կատարողները կոչնչացվեին մեքենա նստելուն պես: Այսինքն, կատարողները, որոնք հավաքագրվել են համացանցով, շատ բան չգիտեն: Բայց կպատմեն կարեւորը` որ հավաքագրվել են համացանցով: Իսկ դա, մի կողմից, յուրահատուկ է ԻԳԻԼ-ին, մյուս կողմից` ուկրաինական հատուկ ծառայություններին:
Այսպիսով, բուն փաստերը:
Այս հարձակումը կապված չէր ընտրությունների հետ, այսինքն, միգուցե նաեւ ամերիկացիներին են կեղծ ազդակներ հղվել: Այն է` սա կապել ընտրությունների հետ, մեղադրանքները միանգամից ուղղել ԻԳԻԼ-ին: Իսկ ահա, ռուսական հատուկ ծառայությունների, ասենք նաեւ փորձագետների համար թողնում են բազում ու բազում հետքեր, որ հեշտությամբ բացահայտեն, որ ԻԳԻԼ-ի հետ կապ չկա: Ու նաեւ երկրորդ կեղծ հետքը. ԻԳԻԼ-ի հետ կապը բացառելուց զատ, ռուսական հատուկ ծառայությունների համար թողնվում են նույնքան պարզ հետքեր` ուկրաինացիների հետ կապ հիմնավորելու ուղղությամբ` ԱՄՆ-ի պահվածքը, դեպի Ուկրաինա փախչելու ահաբեկիչների փորձը եւ այլն: Իսկ այն, որ ընտրված էր Ալիեւի փեսայի ցեղի՝ Աղալարովների հաստատությունը, դա էլ շատ նման է Էրդողանին այս խաղի մեջ քաշելու փորձի: Ամեն դեպքում, երբ հայտնի է դառնում, որ ահաբեկիչներից երկուսը հանձնարարությունը ստացել են Թուրքիայում, եւ հարձակումն իրականացվել է պաշտպանություն չունեցող եւ փակված հակահրդեհային ելքերով ազերիական հաստատությունում, Էրդողան-Ալիեւի ուղղությամբ մեղադրանքներ շատերի մոտ կարող են մեխանիկորեն առաջանալ: Ու ի՞նչ է, Էրդողան-Ալիեւը դա չէի՞ն հասկանում, եթե պարզվի, որ իրոք նրանք են կանգնած այդ հարձակման թիկունքին: Այսինքն, որ դրանով Մոսկվայի համար դառնալու են մահացու թշնամի. ռեալ չէ:
Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ
Այս ամենը նաեւ մատնանշում է հնարավոր շարժառիթը:
Թվարկված փաստերը նշանակում են հետեւյալը. սրացման նոր մակարդակի են հասնում.
ԱՄՆ-ՌԴ հակասությունները,
Եվրոպա-ՌԴ հակասությունները (ռուսներն անմիջապես ցուցադրաբար հրթիռ ուղարկեցին Լեհաստանի տարածք),
ՌԴ-Թուրքիա_Ադրբեջան հարաբերություններում, ամեն դեպքում, որոշ լարվածություն կառաջանա,
Ռուսները գնալու են ուկրաինական ուղղությամբ նոր սրացումների, եւ այս ամենով հանդերձ, հակամարտությունը տեղափոխվելու է լարվածության գերբարձր փուլ:
Հանրագումարում, հնարավոր բանակցային գործընթացը, որի մասին բացահայտ խոսում է Հռոմի պապը, դառնում է չափազանց մշուշոտ:
Մեկ կողմ կա, որը մինչ այս ամեն ինչ արել է, որ հանկարծ ու հանկարծ ուկրաինական պատերազմը կանգ չառնի. Բրիտանիան:
Ուրեմն, պատահակա՞ն է, որ ԻԳԻԼ-ի իրական ստեղծող Օբաման այցելում է Սունակին, եւ հաջորդում է այս հարձակումը:
ՀԵՐԹԱԿԱՆ ՍԽԱԼ ՀԱՇՎԱՐԿԸ
Բայց մյուս կողմից, անկախ նրանից, թե ով է կանգնած մոսկովյան ահաբեկչության թիկունքին, մեկ հետեւանք եւս նշմարվում է: Այս պահին ակնհայտորեն Ռուսաստանում նախ՝ կա հանրային համախմբման նոր փուլ: Դա տեսանելի էր նաեւ նախագահական ընտրությունների համատեքստում, բայց ահա այս ահաբեկչական հարձակումը էլ ավելի է ակտիվացնում այդ գործընթացները: Շատերն իրենց անապահով են զգում, շատերը տեսնում են իրենց ոչնչացնել ցանկացող թշնամուն եւ այլն: Իսկ սրանք գործոններ են, որոնք, ինչպես հուշում է նաեւ պատմության փորձը, Ռուսաստանում առաջ են բերում ոչ թե հուսահատություն կամ նման այլ դրսեւորումներ, այլ համախմբում «за державу» գաղափարի շուրջ: Ըստ այդմ, պատահական չէ, որ ընդհանուր պահանջ է դառնում մահապատիժը վերականգնելու թեման, որը «դերժավնիկների» համար միշտ էլ եղել է ներքին դաշտը մաքրելու ռացիոնալ տարբերակ: Այս ֆոնը, թերեւս լավագույնս է նկարագրել իտալական «La Regione»-ն. «Ռուսաստանում սուգ է եւ վրեժխնդրության ծարավ»:
Այսպիսով, սպասելի է, որ ներռուսաստանյան այս գործընթացներն առաջին հերթին սեփական մաշկի վրա են զգալու ուկրաինական ռուսաֆոբ ուժերն ու պաշտոնական Կիեւը եւ առաջին հերթին ռազմական տեսանկյունից: Ու նման դետալներ արդեն իսկ կան: Այդ թվում, ռուսները կտրուկ ակտիվացրին հարձակողական գործողությունները գործնականում ողջ ուկրաինական ռազմաճակատով մեկ, ընդ որում, մի շարք առանցքային ուղղություններում կան նկատելի հաջողություններ: Այսպես, թեժ գոտիներից՝ Բախմուտի մերձակայքում գտնվող Իվանովսկոե (ռուսներն այն անվանում են Կրասնի) գյուղը, որի համար տեւական մարտեր էին ընթանում, ահաբեկչությունից հետո ռուսները գրավեցին հաշված ժամերի ընթացքում: Նույն պատկերն է մի փոքր ավելի հյուսիս գտնվող Բոգդանովկայի հետ կապված, եւ արդյունքում, ռուսական բանակը Չասով Յար ռազմավարական նշանակության քաղաքի շեմին է՝ սկսելով դրա գրավման գործողությունը: Նույն պատկերն Ավդեեւկայի հատվածում է, որտեղ որոշակի դադարից հետո ռուսական ուժերը վերսկսել են ակտիվ առաջընթացը: Չնայած, սկսած հյուսիսային՝ խարկովյան ուղղությունից, վերջացրած Զապորոժիեով, այս երկու օրերին ռուսական ուժերն ունեն առանցքային ուղղություններում ակտիվ տեղաշարժեր: Եվ հաշվի առնելով ուկրաինական բանակի ներկա «մաշվածությունը» եւ շարունակվող ակտիվ «հալոցը», ինչպես նաեւ, որ ռուսները նորանոր զինատեսակներ են մտցնում մարտադաշտ, այդ թվում՝ 3 տոննայանոց ավիառումբեր (երբ ուկրաինական ուժերի համար 1,5 տոննայանոցներն արդեն իսկ մեծագույն սարսափ էին), ուկրաինական ռազմաճակատներում շատ արագ զարգացումները դարձել են հիմնական հավանականություն ունեցող սցենար:
Առավել եւս, որ մեկ այլ նրբերանգ էլ կա: Վերջին ժամանակներս, նաեւ ահաբեկչությունից առաջ ռուսները սկսել էին ակտիվ հարվածները ուկրաինական էլ.էներգիա արտադրող օբյեկտներին, որի ցցուն դրվագներից դարձավ ԴնեպրոՀԷԿ-ի ոչնչացումը: Եվ ահա, դրան հաջորդեց Լվովի հատվածում՝ Պյատինչանի բնակավայրի մոտ գտնվող ուկրաինական ամենախոշոր՝ 17 միլիարդ խմ ծավալով (համեմատության համար նշենք, որ Հայաստանի տարեկան սպառումը 2 միլիարդի կարգի է) ստորգետնյա գազի պահեստարանների խոցումը «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով: Այս օբյեկտի նշանակությունն ընդամենը ներուկրաինական գազամատակարարումից շատ ավելի մեծ է: Գազի փոխանակման ամենամեծ եւ կարեւոր կետերից մեկն է ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ Ուկրաինայում։ Այն գտնվում է մայրուղային խողովակաշարերի խաչմերուկում եւ ապահովում է գազի մղումն ու բաշխումը տարբեր ուղղություններով։ Այսինքն, բացի Ուկրաինայում քաղաքացիական եւ ռազմական նշանակության մատակարարումներից, այն նաեւ առանցքային դեր ունի ԵՄ ռուսական գազի արտահանման հարցում: Մինչ այս, ռուսների համար գազի համակարգը մնում էր անձեռնմխելի: Եվ ահա, այս ցուցադրական հարվածը նաեւ ԵՄ-ի համար է ահազանգ՝ ռուսները ցույց տվեցին, որ պատրաստ են գնալ Եվրոպայի գազի մատակարարումը կանգնեցնելուն: Այլ հարց է, թե Եվրոպան պատրա՞ստ է մնալ առանց ռուսական գազի: Ընդ որում, սա նաեւ Եվրոպայի համար ցուցիչ է, որ Կրեմլը չի հավատում ԻԳԻԼ-ի մասին «լեգենդին» եւ հասկանում է, թե ում ականջներն են դրա հետեւում ցցված: Ասենք փաստը, որ այս հարվածի հետ միաժամանակ, ռուսական հրթիռը մտավ լեհական՝ եվրոպական, ՆԱՏՕ-ական տիրույթ եւ հեռացավ, դա եւս Արեւմուտքի համար պարզ ցուցիչ է՝ ուզո՞ւմ եք նույն մեխանիզմներով շարժվել, ձեր որոշելիքն է: