Մոլախոտը՝ թուրքի նման, պատել էր Փիերի գերեզմանը ու «խեղդում էր» նրան. Ալլա Հակոբյան
Հասարակություն
«Առատ անձրեւներից հետո մոլախոտը՝ թուրքի նման, պատել էր Փիերի գերեզմանը ու «խեղդում էր» նրան... Ուզում եմ հիշատակել Կարեն անունով մի երիտասարդի, ով աշխատում է գերեզմանոցում եւ ում եղբայրը կամավոր է գնացել պատերազմ եւ զոհվել... Կարե՛ն, ինչ եղբայրդ չհասցրեց ապրել դու ապրես... Եվ լա՛վ ապրես... Միասին մաքրեցինք գերեզմանը... Գումար վերցնել ԿԱՏԵԳՈՐԻԿ հրաժարվեց... Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...», - նշել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ մայիսի 21-ին, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, Սուրբ Պատարագի ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների ներկայությամբ կատարվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Փիեր Գյուլումյանի հոգեհանգստյան կարգը։ Նույն օրը, Փիեր Գյուլումյանի աճյունը՝ տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարազատների եւ մի խումբ մարտական ընկերների ներկայությամբ, առժամանակ ամփոփվեց Երեւանի Շահումյանի անվան գերեզմանատանը։
Փիեր Գուլումյանը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի Եվրոպայի տարածքի ռազմական պատասխանատուն էր։ Կազմակերպել ու անձամբ մասնակցել է բազմաթիվ զինված գործողությունների, այդ թվում՝ 1981-ի մարտի 4-ին, Փարիզում ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբակի իրականացրած գործողությանը, որի ընթացքում գնդակահարվել են երկու թուրք բարձրաստիճան դիվանագետներ: Նրա նահատակությունից 40 տարի անց՝ նախորդ տարի դեկտեմբերի սկզբին, Փարիզից Հայրենիք փոխադրվեց Գյուլումյանի աճյունը՝ ընտանիքի ցանկությամբ եւ Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական Խորհրդի (Վերակազմյալ) նախաձեռնությամբ։
1982-ի օգոստոսի 2-ին, Փարիզում` դժբախտ պատահարի հետեւանքով մահացած ՀԱՀԳԲ մարտիկի աճյունը պետք է ամփոփվեր Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում, որտեղ արդեն 23 տարի տեղադրված է նրա տապանաքարը։ Սակայն մայիսի 19-ի առավոտյան, Հայաստանի գործող իշխանությունը հղում կատարելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հրամայականներին եւ պատրվակելով անհիմն ու հերյուրածին պատճառաբանություններ՝ պաշտոնապես հաղորդել է, որ չի արտոնվում Փիեր Գուլումյանի աճյունի ամփոփումը Եռաբլուրում։





