Կիմ Չեն Ինին այցելելով, Պուտինը միաժամանակ մի քանի «նապաստակ խփեց»
Վերլուծություն
Այս օրերի ուշագրավ իրադարձություններից մեկը, իհարկե, Պուտինի այցն էր Հյուսիսային Կորեա: Օրինակ, բրիտանացիներին դա այնքան էր հետաքրքրել, որ ՌԴ նախագահի Փհենյան հասնելու մասին էին հայտնել այն պահին, երբ Պուտինը ճանապարհին դեռ նոր էր վայրէջք կատարել Յակուտիայում:
Թե որն է Արեւմուտքի նման հետաքրքրության պատճառը, կարելի է հասկանալ: Անցած տարի Հս.Կորեա էր մեկնել Շոյգուն, այցի արդյունքում Ռուսաստանը ստացավ մի քանի միլիոն հրետանային արկ, որի կարիքն այդ պահին բավականին սուր կերպով զգում էր: Դա ոչ միայն թույլ տվեց համեմատաբար հեշտ կանգնեցնել ողջ Արեւմուտքի օգնությամբ եւ անգլոսաքսոնական քավորությամբ անցած տարի իրականացված ուկրաինական հակահարձակումը, այն նաեւ ռուսական ուժերը հարձակման անցնելու հնարավորություն ստացան: Արդյունքում, արեւմտյան ողջ քաղաքականությունն Ուկրաինայում հայտնվեց ներկա փակուղային վիճակում:
Թե ինչով Մոսկվան փոխհատուցեց Փհենյանին այդ նշանակալից օգնության համար, դա էլ առանձին հարց է: Լրատվական դաշտում խոսվում է հատկապես ռազմական ուղղվածության տեխնոլոգիական աջակցության մասին, եւ այն, որ Հս. Կորեան այսօր խոսում է հիպերձայնային հրթիռներից, դա պատահական չէ:
Կարճ ասած, Շոյգուի այդ այցը լրջագույն խնդիր դարձավ Արեւմուտքի համար, դա հաստատ է: Ու հիմա ինչի՞ սպասեն, երբ դրանից հետո նախ Կիմ Չեն Ինի այցը Ռուսաստան, ապա երկկողմ ամենաջերմ հայտարարություններն են եղել հարաբերությունների հետագա զարգացման մասին, Փհենյանը, որ մշտապես զերծ է մնացել բոլոր դաշինքներից՝ գտնվելով խորը բլոկադայի մեջ, անգամ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ ներկայացրեց: Այսքանից հետո էլ Պուտինն է մեկնում, եւ Արեւմուտքը, իհարկե, լրջորեն մտահոգվելու առիթ ունի:
Թերեւս, այդ մտավախությունները հիմնավոր են: Առավել եւս, երբ այցի շեմին հայտնի դարձավ, որ Պուտինը եւ Կիմ Չեն Ինը կստորագրեն «Համապարփակ ռազմավարական գործընկերության» պայմանագիրը: Դրա դետալների մասին, իհարկե, դեռ տեղեկություններ չկան, սակայն մի շարք արեւմտյան աղբյուրներ ենթադրում են հետեւյալը: Նախ, ռուսական կողմը կշարունակի ստանալ իրեն դեռ անհրաժեշտ զինամթերքը, հաշվի առնելով, որ ռազմականացված Հս. Կորեայի պահեստներում կան հսկայական քանակություններ: Այսինքն, դրանով Մոսկվան հնարավորություն կստանա ջանքերը սովորական «մանր-մունը» զինատեսակների վրա կենտրոնացնելու փոխարեն, զբաղվել բարձր տեխնոլոգիական ուղղությունների զարգացման: Որոշ աղբյուրներ ընդհուպ պնդում են, որ Կիմ Չեն Ինը համաձայնություն կտա, որ հյուսիսկորեացիները, բացառապես «կամավորության» հիման վրա պայմանագիր կնքեն ՌԴ ՊՆ-ի հետ, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ «աշխատելու» համար: Եթե այդպես է, ապա մի քանի հարյուր հազար լավ պատրաստված, բոլոր իրավիճակներին վարժված, մեծ մոտիվացիայով եւ միանգամայն կարգապահ հյուսիսկորեացի «կամավորները» լավ պատասխան կարող են դառնալ Ուկրաինային արեւմտյան զենք մատակարարելու խնդրին:
Նույն աղբյուրների գնահատմամբ, Փհենյանն էլ իր հերթին լուրջ ակնկալիքներ ունի նման պայմանագրից: Նախ, սա այս երկրի դեմ տարվող երկարամյա բլոկադայի ճեղքում է, ընդ որում, բոլոր առումներով՝ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական եւ առանց երկրի ներքին իրավիճակին միջնորդելու: Սոցիալ-տնտեսական իմաստով. մատակարարումները (սննդամթերքային հումքատեսակներից սկսած` մինչեւ արդյունաբերական հումք), որոնք զինամթերքի դիմաց կիրականացնի Մոսկվան, ի զորու են կտրուկ փոխել երկրի ներկա իրողությունները, բայց նաեւ իրենց ներքին պլանավորումից ելնելով: Տեխնոլոգիական մատակարարումները (այդ թվում՝ Չինաստանից՝ Ռուսաստանի միջոցով) Հս. Կորեայի արդյունաբերական թռիչքի հիմք կարող են դառնալ: Իսկ քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տասնամյակների բլոկադայի ճեղքումը Փհենյանում արդեն իսկ գնահատում են` որպես ԱՄՆ-ի դեմ հաղթանակ: Առավել եւս, որ Մոսկվան բավականին հետաքրքիր հարաբերություններ ունի նաեւ Սեուլի հետ, եւ դա եթե ոչ Հյուսիսի եւ Հարավի հաշտության, ապա գոնե լարվածության զգալի մեղմման հեռանկար է պարունակում:
Մի խոսքով, գրեթե միանշանակ է, որ Պուտինի այս այցը մի նոր գլխացավանք է առաջացնելու ԱՄՆ-ի համար: Դրան գումարած` Չինաստանի հետ միայն սրվող հարաբերությունները, եւ կստանանք, որ Վաշինգտոնի համար էականորեն ավելի է կարեւորվելու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրողությունները՝ բերելով ուժերի ավելացման սուր կարիք: Իսկ դա կարող է լինել միայն այլ խաղատախտակներում (այդ թվում՝ ուկրաինական, մերձավորարեւելյան) դիրքերի հաշվին:
Արդյունքում, այս այցով Պուտինը միաժամանակ մի քանի «նապաստակ է խփում»: Էապես շահում է նաեւ Կիմ Չեն Ինը: Սա առնվազն շատ հետաքրքիր է Չինաստանի համար: Մնացածն էլ Վաշինգտոնի գործն է: