Նիկոլը շարունակում է մնալ արդեն հարազատ դարձած փակուղու առաջ
Վերլուծություն
Նախօրեին Իլհամ Հեյդարովիչը հանդես եկավ հերթական պահանջատիրական հայտարարությամբ: Նա հերթական անգամ ուղիղ տեքստով Նիկոլից պահանջեց՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը:
ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
Նիկոլյան թիմը, ի դեմս, օրինակ, ԱԳ նախարարություն կոչվող «դուքյանը» ղեկավարող Միրզոյան Արոյի, փորձում են համոզել, թե Սահմանադրություն փոխելու հարց չկա: Այսինքն, Բաքվի հետ համաձայնեցրել են դրույթը, որ «խաղաղության պայմանագիրը» գերակա է կողմերի ներքին օրենսդրության հանդեպ, այսինքն, ինչ գրված է ՀՀ Սահմանադրության մեջ, ստորադասվելու է այդ պայմանագրին: Իսկ ահա Ալիեւը հերթական անգամ միանգամայն «չոր» կանգնեցրեց նիկոլյան այդ բոլոր բացատրությունները, թե «խաղաղության պայմանագիր» կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, «քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»: Այ, երբ կփոխվի, ապա, ըստ Հեյդարովիչի՝ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստի աշխատանքները մի քանի ամսվա ընթացքում:
Գրեթե միաժամանակ Թուրքիան չեղարկեց Հայաստանի ներկայացուցչի հետ ծրագրված հանդիպումը, դրանով եւս մեկ անգամ ցույց տալով, որ որքան էլ Էրդողանի հրահանգով Պաղեստին են ճանաչում, մեկ է, «սայլը տեղից չի շարժվի», քանի դեռ Ալիեւի «դաբրոն» չկա:
Հերթական անգամ չհիշեցնենք՝ քանի դեռ Հայաստանում Նիկոլ կա, Ալիեւի նման պահանջներին վերջ չի լինելու: Այլ ընդամենը նկատենք, որ Հեյդարովիչի այդ հայտարարության հիմքում իրոք հեռուն տանող մտքեր առաջացնող ակնարկների պակաս չկա: Բայց մինչ դրան հասնելը` նախ հիշեցնենք օրերս տեղի ունեցած մեկ դրվագի մասին: Խոսքը պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի Ադրբեջան այցի մասին էր: Մինչ այդ, Օ'Բրայենը Հայաստան էր եկել՝ Նիկոլին պարտադրելու, որ հանկարծ չփորձի գնալ «խաղաղության պայմանագիր» կնքելու, որի հիմքում կլինեն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունները, ինչը Ալիեւի հիմնական պահանջներից մեկն է: Ապա շրջանառության մեջ մտան խոսակցություններ, որ Նիկոլը Օ'Բրայենի մոտ մի լավ նվնվացել է, թե այդ դեպքում գնացեք, Ալիեւին համոզեք, որ գա Արեւմուտքի ներկայացրած պայմաններով պայմանագիր ստորագրելու, ինչի մասին պայմանավորվել էին դեռ Պրահայի հանդիպման ժամանակներից: Որ եթե չեն կարողանում Ալիեւին «բերման ենթարկել», իրենից էլ ի՞նչ են պահանջում: Զուգահեռ, հնչեցվեցին հրապարակային հայտարարություններ, թե իրենք պատրաստ են ընդամենը մեկ ամսում պայմանագիր ստորագրել, թող ամերիկացիները Ալիեւին համոզեն:
Ահա այդ ֆոնին էլ Օ'Բրայենը մեկնեց Բաքու, ընդ որում, մինչ գնալը միանգամայն կոշտ հրապարակային հայտարարություններով, թերեւս, որպես հավելյալ ճնշման միջոց, ի ցույց դնելով, թե Վաշինգտոնն ինչ է սպասում Ալիեւից: Այն է՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը հանդիսանում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Կենտրոնական Ասիայի երկրների խնդիրը։ Այսինքն, Ալիեւը պարզապես պարտավոր է այդ ամենը հաշվի առնել: Իսկ նպատակը սա է. «Այս բոլոր երկրները (Կենտրոնական Ասիայի- Հեղ.) աշխարհի այլ վայրեր այժմ արտահանումներն իրականացնում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով եւ որպեսզի ելք ունենան, պետք է աշխատեն արտահանում իրականացնել Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանի տարածքով՝ դեպի Սեւ ծով, իսկ մյուսը՝ հավանական շատ ավելի մեծ երթուղի, կանցնի Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով: Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»: Այն է՝ ԱՄՆ-ն ուզում է սարքել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցք, որը Ռուսաստանին կտարանջատի Իրանից, ու Ալիեւը պարտավոր է «վերջապես արդարացնել իր նկատմամբ բարձր վստահությունը»:
Բայց ահա Օ'Բրայենի Բաքու այցից հետո մեկնաբանությունները բավականին սառն էին, որն արդեն իսկ ակնարկում էր, որ Ալիեւը շարունակում է համառել՝ Արեւմուտքի պահանջած «խաղաղության պայմանագրի» տարբերակի հարցում: Իսկ հիշատակված հայտարարությունը, որը հնչեցրեց Հեյդարովիչը նախօրեին, գալիս է ավելորդ անգամ հաստատելու, որ Օ'Բրայենի այդ այցը եւս ձախողվել է: Այսինքն, եթե Նիկոլը պատրաստ է նույնիսկ մեկ ամսում պայմանագիր ստորագրել, ապա Ալիեւը լավագույն դեպքում դա պատկերացնում է «մի քանի ամսվա ընթացքում»: Իսկ մի քանի ամսից ԱՄՆ գործող վարչակազմը գոյություն կունենա՞, որ մի բան էլ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հարց լուծի:
Ընդ որում, լավագույն դեպքում «մի քանի ամսվա ընթացքում», քանի որ մինչ դրան հասնելը, Ալիեւը ներկայացնում է մի այնպիսի նախապայման, որի տակից, մեծ հարց է, որ Նիկոլը կկարողանա դուրս գալ: Խոսքը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին է, որի հետ կապված Նիկոլը պարզապես անելանելի վիճակում է: Պետք է կազմակերպել հանրաքվե, սակայն Նիկոլը նման գործընթացներից վախենում է այնպես, որքան «սատանան խնկից»: Ցանկացած նման համապետական միջոցառում, որը ենթադրում է քվեարկություն, միանգամից վերածվելու է Նիկոլի հանդեպ վստահության հանրաքվեի: Ու ներկայիս «մինուսավոր» վարկանիշի պարագայում, որքան էլ կեղծեն կամ «հին ձայնապնակը» միացնեն, թե՝ չփոխենք, պատերազմ կլինի, պարզապես բացառվում է, որ քվեարկողների 50%+1 ձայնը կարողանան ապահովել: Ընդ որում, դա նաեւ խոստանում է մի այնպիսի մասշտաբային անհանդուրժողականության ալիք, որը մարել ոչ մի Վազգեն կամ Բագրատ դժվար թե կարողանան: Իսկ դա արդեն ոչ թե «մի քանի ամիս», այլ շատ ավելի երկար ժամանակ է ենթադրում: Ամենագլխավորը՝ Ալիեւը սրանով փաստացի ակնարկում է, որ հաստատ մինչ ամերիկյան ընտրությունները պայմանագիր չի լինելու, եւ եթե ամերիկացիները մտածում էին նաեւ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հաշվին Բայդենի համար քարոզչական ակցիա սարքել, հիմա դրանից եւս պետք է հրաժարվեն:
ԻՆՉ ՄՆԱՑ ՆԻԿՈԼԻՆ
Բայց այս պատմության ֆոնին այլ հարցեր եւս կան: Իսկ Ալիեւը չի՞ գիտակցում, թե Սահմանադրություն փոխելու, այն է՝ հանրաքվե կազմակերպելու պահանջով ինչ անելանելի վիճակում է դնում իր սիրասուն Նիկոլին. դժվար թե չգիտակցի: Բայց եթե գիտակցելով է դրան գնում, ապա դա նշանակո՞ւմ է, որ Ալիեւին առհասարակ «խաղաղության պայմանագիր» պետք չէ:
Իհարկե, կարելի է մտածել, որ Ալիեւը սրանով պատերազմ սարքելու համար հող է նախապատրաստում: Բայց չէ, այդ տրամաբանությունը Նիկոլի օգտին կլիներ: Ալիեւը, անկասկած, ցանկանում է Սյունիքը, ասենք, նաեւ Երեւանը գրավել: Բայց նաեւ հասկանում է, որ դա կնշանակի ռուս-իրանական հիմնական «կարմիր գծերի» ոտնահարում՝ անխուսափելի հետեւանքներով հանդերձ: Էրդողանի համար եւս Սյունիքն ախորժելի պատառ է, բայց հետեւանքը նույնն է՝ պատրա՞ստ է պատերազմի մեջ մտնել Մոսկվայի եւ Թեհրանի հետ, որոնց համար նույն Սյունիքը սեփական անվտանգության եւ ռազմավարական ծրագրերի կարեւորագույն բաղադրիչ է:
Չէ, մեծ պատերազմի Ալիեւը, համենայնդեպս, քանի դեռ ներկա իրողությունները պահպանվում են, հազիվ թե գնա: «Խաղաղության պայմանագիրն» էլ նրա համար, իհարկե, միանգամայն կարեւոր է, ընդ որում, ոչ թե Հայաստանի հետ ինչ-ինչ հարցեր լուծելու, այլ՝ մեր տարածաշրջանի հետ կապված հսկայածավալ ծրագրերին մաս դառնալու եւ մեծ փողեր աշխատելու իմաստով: Դրա համար պետք է տարածաշրջանում անգլոսաքսերի ներկայությունը բացառել, մինչդեռ Նիկոլը «դեմ է տալիս» պայմանագրի տարբերակ, որը հակառակ ազդեցութունն է ունենալու: Ընդ որում, խոսքն այն մասին չէ, թե Ալիեւը անգլոսաքսերին տանել չի կարող. ընդհակառակը, իր ներկա հաջողություններով հենց այդ թեւին է պարտական: Պարզապես, աշխարհն է փոխվել, անգլոսաքսերի ներկայությունը Ալիեւին կարող է ներքաշել կործանարար պատերազմի մեջ…
Փոխարենը, Նիկոլն է մնում նույն «կոտրած տաշտակի» առաջ, որի վրա եւս մի քանի ճաք առաջացավ: Ամերիկացիները հերթական անգամ չկարողացան Ալիեւի հետ հարցեր լուծել: Առաջիկա ամիսներին էլ, ենթադրելի է, որ ներամերիկյան իրողություններն այն կարգի են սրվելու, որ մեծ հարց է՝ Նիկոլով եւ Ալիեւով զբաղվելու ժամանակ Պետդեպարտամենտը կունենա՞: Իսկ ամերիկյան ընտրություններից հետո ո՞վ իմանա, թե ինչ կլինի: Համենայնդեպս, այն բոլոր խոստումները, հուսադրումները, որոնք Նիկոլը ստացել է ամերիկյան գործող վարչակազմից, մեծ հավանականությամբ կարող են զրոյանալ, եթե ԱՄՆ-ում իշխանափոխություն լինի: Մակրոնն էլ, ով պարբերաբար հանդես էր գալիս «հարց լուծողի» կերպարով, իր հերթին է ծանր վիճակում, Նիկոլը չէ, որ այս պահին նրա ամենամեծ դարդն է: Մի հասարակ Շառլ Միշելն ի՞նչ է, անգամ նա է հորիզոնից անհետացել, որ գնաս մոտը, նվնվաս, մի քիչ դարդերդ թեթեւացնես: Ու այս միտումը Նիկոլի համար առաջիկա չորս ամիսներին միայն խորանալու է:
Այսպիսով, Վովայիչը, ինչպես եւ ենթադրելի էր, մնացել է նույն փակուղու առաջ, որտեղ նա հայտնվեց անցած հոկտեմբերին՝ Գրանադայի չկայացած քառակողմ հանդիպումից անմիջապես հետո: Այդ պահից էլ նրա առաջ նույն հարցն է՝ պե՞տք է «խաղաղության պայմանագիրը», թե՞ կարող է առանց դրա յոլա գնալ: Եթե պետք է, պայմանն էլ գլխից էր հայտնի՝ դադարեցնել արեւմտյան զեղումները եւ վերադառնալ իր իսկ ստորագրած եռակողմ պայմանավորվածությունների դաշտ: Եթե ոչ, պայմանագիր չի լինելու, իսկ դա ենթադրում է ոչ թե պարզապես մեկուսացում, այլ ծայրահեղ խորը փակուղի: Իսկ ահա Ալիեւը, էլ ավելի խորացնելով Նիկոլի առջեւառաջացած փակուղին, դրանով շարունակում է ճնշումը՝ իր պահանջած տարբերակով «խաղաղության պայմանագիր» կնքելու հարցում:
Այն, որ Նիկոլն իրեն յուրահատուկ արդեն չափազանց «տափակ» բառապաշարով մեկնաբանեց, թե ԵՄ-ի հետ կապված հանրաքվե չի անելու, թերեւս որոշակի հետաքրքրություն պարունակում էր: Համենայնդեպս, նա, իհարկե, դես ու դեն ընկնելով, այնուամենայնիվ, դրանով խոստովանեց, որ չունի հարցի պատասխանը՝ իսկ ԵՄ-ում մեզ սպասող կա՞: Իսկ դա նման է խոստովանության, որ սպասող չկա, անհեռանկարային ուղղություն է: Ու եթե անհեռանկարային է, ապա հիմա ի՞նչ է անելու, ո՞ւր է ուղղվելու. ահա այս հարցի պատասխանն է, որ նա հիմա պետք է տա: