Իսրայելցի գիտնականները 3D տպիչով «կենդանի» սրտամկան են տպել
Հասարակություն
Թել Ավիվի համալսարանի գիտնականներին հաջողվել է 3D տպիչով «կենդանի» սիրտ տպել: Ինչպես հաղորդում է Jerusalem Post-ը, համալսարանի լաբորատորիաներից մեկի ղեկավար, պրոֆեսոր Թալ Դվիրը ցույց է տվել 3D տպիչի օգտագործման ու սիրտը տպելու գործընթացը:
«Կենդանի» սիրտ տպելու համար գիտնականներն օգտագործել են հիվանդներից մեկից վերցված հյուսվածքներ, ինչպես նաև կենսաբանական նյութ, որը նույնպես ստեղծվել է մարդկային բջիջների միջոցով: Տպված սիրտն ամբողջական էր և բաղկացած էր բջիջներից, արյունատար անոթներից, սրտի փորոքներից ու խոռոչներից: Այն կենդանի էր և բաբախում էր:
Տպիչով ստեղծված սրտի միակ տարբերությունն իրական սրտից դրա չափերն են. այն չի գերազանցում մի քանի սանտիմետրը (2.5 սմ) և նախատեսված է ճագարի օրգանիզմի համար: Գիտափորձի ընթացքում 3D տպիչով «տպվել է» մի քանի տասնյակ սիրտ, որոնցից յուրաքանչյուրի ստեղծման համար պահանջվել է 3.5 ժամ: Գիտնականները մտադիր են փոխպատվաստել սրտերը կենդանիներին դրանց ֆունկցիոնալությունը ստուգելու համար:
Իսրայելցի գիտնականները վստահ են, որ այս տեխնոլոգիան ապագայում թույլ կտա «տպել» նաև մարդկային սրտեր, ուստի հիվանդներն ստիպված չեն լինի սպասել փոխպատվաստման իրենց հերթին կամ ընդունել օրգանիզմի կողմից դոնորական սրտի չընդունվելուց խուսափելու համար նախատեսված վնասակար դեղամիջոցներ: Գիտնականների խոսքով՝ սա հնարավորություն կտա 3D տպիչի միջոցով յուրաքանչյուրին համապատասխան սիրտ և ցանկացած այլ օրգան ստեղծել: