Հայե՛ր ջան, մի դարձեք թուրքերի ծրագրի մաս, մի՛ դարձեք թշնամու ձեռքում խաղալիք. Նաիրա Կարապետյան
Ներքաղաքական
«Հայե՛ր ջան, մի դարձեք թուրքերի ծրագրի մաս, մի՛ դարձեք թշնամու ձեռքում խաղալիք: Ծանր էր, աննկարագրելի ու անասելի ցավոտ էր Ադրբեջանի տարածած նկարները նայել, որտեղ հայրենիք ազատագրած և պատմություն կերտած, համաշխարհային ճանաչում վայելող մարդիկ թշնամու գերության մեջ՝ դատարանի դահլիճում մասնակցում են Իլհամի հաղթական բեմադրությունների հերթական արարին:
Վստահ եմ, որ հաղթանակած նախագահների ու գեներալների, ռազմաքաղաքական ղեկավարության մյուս գերիների միայն արտաքին տեսքը շատերի համար հերիք էր պատկերացում կազմելու, թե ինչի միջով են նրանք անցնում: Ռուբեն Վարդանյանի նամակը միայն չնչին ապացույցն է այն բանի, թե ինչպես և ինչ մեթոդներով են սարքվում հատորներով ապօրինի այս գործերը՝ միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտումներով:
Առաջիկայում ավելի ցավոտ է լինելու՝ Ադրբեջանը սկսելու է տարածել իր համար հաճելի, բայց իրականության հետ զրո կապ ունեցող, այսպես կոչված, «ցուցմունքները», որոնք իբր թե տրվել են մերոնց կողմից: Պատերազմն ավարտված չէ, ուղղակի այն հիմա կիբեր-պատերազմ է, այն տեղեկատվական դաշտում է, սոցիալական ցանցերի միջոցով է, և սա ժամանակակից իրականության մեջ լուրջ զենք է:
Խնդրանք՝ մի տարածեք ադրբեջանական քարոզչական զենքերը, մի դարձեք թշնամու ծրագրի մաս, մի դարձեք նրանց ձեռքում խաղալիք: Էրդողանի, Իլհամի, հենց նույն Նիկոլի իշխանությունները անպարտելի ու անվերջ չեն, ժամանակը գալու է, ճշմարտությունն ի հայտ է գալու, շատերն են պատասխան տալու: Իսկ Բաքվի բանտում մեր գերիներին միայն մեկ բան եմ կարող ասել՝ պինդ մնացե՛ք, սիրելի ավագ ընկերներ, պատիվ ունեմ ձեզ ճանաչելու, բայց անզորությունից միայն լուռ հառաչում եմ:
Հ.Գ. Գիտեմ, որ շատերդ ունեք վերապահում այսօր դատվողներից մեկի նկատմամբ, ամեն դեպքում, նրա արարծներն ու չարածները դատողը պետք է հայը, ոչ ոք չպետք է լիներ հիմա Բաքվում», - գրել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ մի քանի գումարման պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: