«Փաստ». Խոստումային «փուչիկների» հերթական «խմբաքանակը»
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում է հանրային ուշադրությունը շեղել իր իրական խոստումներից, ձևափոխել և այլ լույսի ներքո ներկայացնել։ Մի խոսքով՝ ամենօրյա մանիպուլյացիա: Մենք առիթ ունեցել ենք ներկայացնելու խոստումային «փուչիկների» տարբեր «խմբաքանակներ», սակայն դրանք, կարծես, անվերջ լինեն:
Օրինակ՝ Փաշինյանը նշում էր, թե Հայաստանում ընդունելի աշխատավարձը պետք է լինի 500 հազար դրամ, բայց արդեն 7 տարի նա իշխանության է, իսկ ընդհանուրի մեջ շատ քիչ թիվ են կազմում այն աշխատողները, որոնք 500 հազար դրամի չափով աշխատավարձ են ստանում։ Դե իշխանավորներին չենք հաշվում, նրանց թիվը բավական մեծ է, նրանք շատ ավելին են ստանում, քան 500 հազար դրամն է (սոսկ աշխատավարձի մասին է խոսքը), չհաշված պարգևավճարները:
Չէ, փոփոխություն, իհարկե կա, բայց միայն այն առումով, որ բազմաթիվ ուղղություններով նույն ծառայությունների ու ապրանքների համար մարդիկ նախկինում քիչ գումար էին վճարում, իսկ հիմա՝ անհամեմատ շատ։ Այսինքն, Հայաստանի «հպարտ քաղաքացիների» գրպանները Նիկոլ Փաշինյանի օրոք գնալով ավելի ու ավելի են դատարկվում:
Մյուս կողմից էլ՝ մատի փաթաթան են դարձրել այն, որ որոշակիորեն բարձրացրել են գիտաշխատողների աշխատավարձերը, բայց գիտության ոլորտում աշխատողների աշխատավարձն ավելացնելու հետ մեկտեղ այնպիսի պահանջներ են դրվում, որ այդ ոլորտում ընդգրկված աշխատողների թիվը կրճատեն։ Գումարած, որ գիտաշխատողների աշխատավարձերն այնքան ցածր են եղել, որ նույնիսկ որոշակի բարձրացումից հետո ուղղակի անհամեմատելի են իշխանական պաշտոնյաների աշխատավարձերի հետ, որոնցից շատերը սոցցանցերում «զվռնելուց» բացի ոչինչ չեն անում։
Փաստացի կարելի է արձանագրել, որ Փաշինյանն աշխատավարձերի մասով իր խոստումներն իրականություն չի դարձրել։ Իսկ այս պարագայում լիովին անարժեք է դառնում նրա այն խոստումը, թե մինչև 2050 թվականը յոթնապատկելու են աշխատավարձերը։ Նախ՝ դեռ պետք է կարողանան կրկնապատկել աշխատավարձերը, հետո միայն խոսել յոթնապատկելուց։
Նույնը վերաբերում է նաև աշխատատեղերի ստեղծմանը։ Մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ Փաշինյանը խոստանում է 1,5 միլիոն նոր աշխատատեղ ստեղծել։ Բայց ունենք մի իրավիճակ, երբ աշխատատեղերը ստվերից անցնում են գրանցման դաշտ, ապա այդ թիվը կառավարության ղեկավարը ներկայացնում է ոչ թե որպես, օրինակ՝ արդյունավետ վարչարարության հանգամանք, ինչը ավելի քիչ ազդեցիկ է PR տեսանկյունից, այլ որպես աշխատատեղերի աննախադեպ ավելացում։
Հետաքրքրական է, որ իշխանության գալուց մեկ տարի անց՝ 2019 թվականին, նա հայտարարում էր, թե 2018 թվականի համեմատ 50 հազարից ավելի աշխատատեղ է գրանցվել Հայաստանում՝ փորձելով այն ներկայացնել աշխատատեղերի ստեղծման սոուսով։ Ւսկ ահա 2024 թվականի դեկտեմբերի արդյունքներով Հայաստանում գրանցվել է 778094 աշխատատեղ: Այս ցուցանիշը 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ ավելի է 189 հազարով կամ 34,4 տոկոսով, ինչը շատ փոքր թիվ է յոթ տարվա համար։ Առավել ևս, եթե հաշվի առնենք հենց վերը նշված հանգամանքը և պարզապես նշենք, որ խոսքն ընդամենը «գրանցված աշխատողների» մասին է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում