«Փաստ». Ինչո՞ւ և ե՞րբ սկսվեցին խոսակցությունները կոնկրետ նոր Սահմանադրության մասին
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրության թեմայի խմորն սկսել է ավելի ու ավելի շատ «ջուր քաշել»: Բայց մինչ փոփոխությունների թեմային անդրադառնալը եկեք չալարենք և, ինչպես ասում են, հատիկը զատենք որոմից:
Նախ՝ հակիրճ «պատմական էքսկուրս»: Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով: Հետագայում ՀՀ Սահմանադրությունը երկու անգամ, հասկանալի է, նույնպես հանրաքվեներով, ենթարկվել է փոփոխությունների. ա) 2005 թվականին, երբ նախագահական կառավարման մոդելը փոխարինվեց կիսանախագահականով՝ ԱԺ դերի մեծացմամբ, բ) 2015 թվականին, երբ կիսանախագահական կառավարման մոդելը փոխարինվեց խորհրդարանականով, կատարվեցին մի շարք այլ փոփոխություններ՝ պետական տարբեր կառույցների սահմանադրականացման հետ կապված (ՄԻՊ, ԲԴԽ և այլն): Այսինքն, մինչև օրս գործում է 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունը՝ 2005 և 2015 թթ. կատարված փոփոխություններով:
Բայց Փաշինյանի «կռուտիտային» քարոզիչները շրջանառության մեջ դրեցին մի զգլխիչ «թեզ», թե Փաշինյանը դեռ շատ ավելի վաղ, օրինակ՝ 2019 թվականին էր խոսում Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին, անգամ փոփոխություններ նախապատրաստելու հանձնաժողով էին ձևավորում, հետո անգամ հանրաքվեի պատրաստություն էին տեսնում (նույնիսկ բուկլետներ էին տպել), բայց «կովիդի» համաճարակն ու 2020-ի աղետաբեր պատերազմը խանգարեցին այդ մտահղացումների իրականացմանը: Ուստի, հիմա են վերադարձել 5-6 տարի առաջվա մտքերին: Ասել կուզի՝ դա իրենց վաղեմի վարդագույն երազանքն էր, ու իրենք Ալիևի հրամանները չեն կատարում:
Այո, նախկինում, նախքան պատերազմը, Փաշինյանն ու ՔՊ-ն իսկապես խոսում էին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին ու, այո, դրան ուղղված պատրաստություններ էլ էին տեսնում: Բայց: Կրկնում ենք՝ խոսքը բացառապես որոշակի փոփոխությունների մասին է: Հիմա թե՛ Փաշինյանը, թե՛ նրա ՔՊ-ն խոսում են լրիվ նոր Սահմանադրություն գրելու և ընդունելու մասին: Իսկ դա էապես այլ բան է, քան Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը: Այսինքն, Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են չեղարկել, «ջրել», ոչնչացնել գործող Սահմանադրությունը և ընդունել բոլորովին այլ կամ լրիվ նոր, իսկ այդ «նախաձեռնության» ուղղորդողի պարագան նկատի ունենալով՝ «թափ-թազա» Սահմանադրություն:
Սա՛ է խնդիրը: Ավելին, այստեղ կա նաև ուրիշ շատ կարևոր նրբություն, թե ինչու չի կարող աշխատել փոփոխությունների տարբերակը, և ինչու է նոր Սահմանադրության ընդունումը Ալիևի պահանջ: Բանն այն է, որ գործող Սահմանադրության նախաբանը հղում է անում Հայաստանի Հանրապետության ձևավորման հիմնարար փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին, որն արտացոլում է և՛ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, և՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, և՛ ՀՀ-ի՝ զինված ուժեր ունենալու սուվերեն իրավունքը:
Իսկ Սահմանադրության նախաբանը, հղումով հանդերձ, անփոփոխելի է: Նմանապես անփոփոխելի են Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և այդ իմպերատիվը սահմանող 203-րդ հոդվածները: Այսինքն, զուտ փոփոխություններով նշյալ թեզերը հանել հնարավոր չէր:
Ուրեմն, ինչպե՞ս անել, որ և՛ իրենց «կիրթ ու կառուցողական» Ալիևի պահանջը կատարեն, և՛ շրջանցեն այդ անշրջանցելի թվացող իմպերատիվ նորմերը: Շատ պարզ, եթե ոչ՝ պարզունակ. վերցնել և ընդհանրապես հեչ անել գործող Սահմանադրությունը ու տեղն ընդունել լրիվ նորը: Հենց դա անելու ցրցամն էլ տալիս էր Նիկոլ Փաշինյանը:
Այսինքն, չկա հին Սահմանադրությունը, չկա և իր նախաբանը՝ Անկախության հռչակագրին հղումով ու անփոփոխելի հոդվածներով: Ընդսմին. Սահմանադրության մեջ փոփոխություններ անելը մեկ բան է, իսկ զրոյից լրիվ նոր Սահմանադրություն գրելն ու ընդունելը՝ բոլորովին այլ բան:
Իսկ «նոր Սահմանադրության» մասին Փաշինյանն ու նրա ՔՊ-ն սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ Ալիևը նման պահանջ առաջ քաշեց: Այնպես որ, մնացյալը սովորական «մուտիտներ» ու մանիպուլ յացիաներ են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում