Հոգնել եմ այս ամենից, օր ծերության մի երազանք ունեմ…74-ամյա ԳԵՆՅԱ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ նամակը
Հասարակություն
Այն, որ կյանքը շատ ավելի է դժվարացել, եւ այլեւս գոյության պայքարի մեջ են բոլորը, հայտնի իրականություն է: Սակայն ամենից մտահոգիչն այն է, որ անապահով ընտանիքները եւ թոշակառուները՝ որպես հասարակության ամենախոցելի խավ, դարձել են գրեթե սովորական երեւույթ։ Միայնակ տարեցները ու սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքները մնացել են՝ առանց ուշադրության, մինչդեռ նրանք էլ ունեն իրավունք` արժանապատիվ կյանքի։ Տատիկը, ով պետք է ապրի հանգիստ ու հարգանքի արժանանա, իրականում կանգնած է գոյատեւման խնդրի առջեւ, իսկ անապահով ընտանիքների թիվը շարունակում է աճել՝ խորը հիասթափություն եւ անհանգստություն առաջացնելով։ Այս մասին է փաստում «Իրավունք»-ին դիմած 74-ամյա ԳԵՆՅԱ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ նամակը, ում խնդրանքով հրապարակում ենք այն:
«Շուրջ 17 տարի Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտին պատկանող հանրակացարանում բնակվելուց հետո վտարվեցի: Անօթեւան եմ, չունեմ մշտական բնակության վայր՝ միայնակ, անժառանգ թոշակառու եմ: Որպես չաշխատող կենսաթոշակառու ստանում եմ պետական նպաստ, որը տարբեր պատճառաբանություններով շատ հաճախ կտրում են: Ամեն անգամ շեշտը դրվում է բնակությանս վայրի եւ գրանցման խնդրի վրա: Այսինքն` պարբերաբար զրկվում եմ անապահովության նպաստից: Արդյո՞ք սա է իրավահավասարությունն ու խտրականության բացառումը: Թոշակս եւ նպաստս տան վարձ եմ տալիս: Բնակվում եմ մարդկային նորմալ պայմաններից զուրկ մի տան մեջ: Գումարս չի բավականացնում կոմունալ ծախսերը հոգալու համար, էլ չեմ խոսում սննդի եւ դեղերի մասին: Հոգնել եմ այս ամենից եւ երազում եմ օր ծերության գոնե ունենալ սեփական անկյուն: Խնդրում եմ, ովքեր ի վիճակի են եւ կկամենան ինձ օգնել, արձագանքել, որպեսզի մի որեւէ հողակտոր ձեռք բերեմ, եւ գոնե տնակ դեղադրեմ: Տնակը խոստացել են, մնում է հողատարածքի հարցը լուծել: Հույս ունեմ, որ անհատները գոնե անտարբեր չեն գտնվի, ինչպես անտարբեր գտնվեց պետությունը, եւ ես կյանքիս վերջին տարիներին իմ փոքրիկ, բայց սեփական անկյունը կունենամ: Կանխավ շնորհակալ եմ: Սա իմ հեռախոսահամարն է՝ 077.230324»,- գրել է տիկին Գենյան իր դիմում-խնդրանքում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ