Եթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան
Ներքաղաքական
Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե ինչպես է պատկերացնում «Քաղաքացիական պայմանագրի» հետ հետագա համագործակցությունը։
«Մենք աշխատելու ենք ի շահ քաղաքի և համագործակցելու ենք քաղաքի հետ կապված հարցերով։ Եթե դրական կարծիք ունենանք քաղաքապետի կողմից ներկայացված ծրագրերի վերաբերյալ՝ կողմ կքվեարկենք, եթե բացասական կարծիք ունեցանք կամ կասկածներ ունենանք՝ կփորձենք միասին աշխատել և ավելի լավացնել այդ ծրագիրը և այդ ժամանակ մեր դրական եզրակացությունը կտանք։ Չեմ կարծում՝ այստեղ պետք է առանձնացնենք ՔՊ–ի հետ համագործակցություն կլինի, թե ոչ․ քվորում հասկացողություն կա, եթե քվորում եղավ՝ մնացածն էական չէ»,– ասաց Մխիթարյանը։
Նա նաև բացատրեց, թե ինչու է դեմ քվեարկել հանձնաժողովերի անդամների և տեղակալների պաշտոններում ՔՊ–ի թեկնածուներին․ «Ես տեսել եմ վերջին 7 տարված ընթացքում ՔՊ կուսակցության կադրային քաղաքականությունն իրենից ինչ է ներկայացնում, դրանից բողոքում է նաև երկրի այսօրվա ղեկավարը, ասում է, որ կադրերի խնդիր ունեն իրենք։ Հիմա 7 տարի տեսել եմ այս պետությունն ինչի են հասցրել իրենց կադրերով, հիմա ինչո՞ւ պետք է վստահեմ ՔՊ–ի այս կամ այն թեկնածուին»,– ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ եթե ՔՊ–ն միամիտ երկնի այնպիսի մի օրինագիծ, որն ի նպաստ Գյումրու կլինի, կողմ կքվեարկեն․ «Հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք դրան»։