Վարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեց

Եղիշե Հակոբյանը իմ տված առաջադրանքները կատարել է, բայց ինքը թափթփված էր, ընտանեկան խնդիրներ ուներ եւ չգիտեմ, թե միտքը որտեղ էր: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստի ժամանակ նշեց զորամասի հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանը:
«Վարկածներ կան, որ ասում են՝ հաշիշ է օգտագործել, բայց չգիտեմ ինչ է օգտագործել, բայց ես ռեալ չեմ տեսել մարդու ձեռքին ծխած կամ ինչ որ նման բան:
Ինքը ընտանեկան խնդիրների պատճառով ուզում էր զորացրվեր, հետո տեղափոխման զեկուցագիր գրեց: Եթե մարդը դիմում է, ասում է՝ չեմ կարողանում ծառայել, չեմ ուզում, պիտի ընթացք տրվի, որ հետագայում խնդիր չլինի: Դեպքից 5 օր առաջ արդեն ընթացքավորվել էր զեկուցագիրը»:
Հարցին՝ ի՞նչ է տեղի ունեցել դեպքին նախորդող շրջանում, որը կարող էր պատճառ լինել, Գեւորգյանը պատասխանեց, որ ինքը գոնե 6 ամսվա հրամանատար լիներ, կկարողանար հասկանալ, նաեւ նշեց, որ իրենից առաջ զորամասը հրամանատար չի ունեցել, ինքն էլ պահեստազորից է եկել:
«կարծում եմ՝ անփութություն է եղել, ես չեմ մտածում, որ ինքը կարող էր դիտավորյալ վառել: Այնքան անփույթ է, որ բենզինի շիշը, որ բացում ես, հոտը պիտի զգաս: Բենզինը կրակի վրա չեն լցնում, պարզ է՝ պիտի պայթի: Պիտի ձեն տար, գոռար, սրան ասեր, նրան ասեր, չգիտեմ ինչ է արել ինքը։ Հինգ լիտր բենզինը 10 հատ կրակմարիչ էլ լիներ, չէր կարող հանգցնել, մանավանդ այդ հարթակում, որը փետից էր: