Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա սահմանված 145% մաքսատուրքերը շարունակում են ճնշել Amazon-ի և այլ տեխնոլոգիական ընկերությունների գործունեությունը։ Վաճառողները, փորձելով ժամանակ շահել, մեծացրել են ապրանքների պահեստավորումը ԱՄՆ-ում՝ նախքան նոր տուրքերի ուժի մեջ մտնելը։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ այդ պաշարները հազիվ թե բավականացնեն վեց ամսից ավելի։
Amazon-ի ղեկավար Էնդի Ջեսին նշել է, որ ընկերությունը խրախուսում է վաճառողներին ապրանքները շուտ տեղափոխել ԱՄՆ՝ պահելով գների վերահսկողությունը։ Չնայած դրան, վերլուծաբանները պնդում են, որ որքան էլ վաճառողները փորձեն խուսափել բարձր գներից, վերջիններիս չեն հաջողվի չբարձրացնել գները կամ չտանել շահութաբերության նվազում՝ երբ պահեստային պաշարները սպառվեն։ Մասնավոր հատվածում աշխատող մատակարարներն արդեն որոշում են չմասնակցել առաջիկա վաճառքային ակցիաներին, այդ թվում՝ Amazon Prime Day-ին։ Բացի դրանից, երրորդ կողմի վաճառողներից ստացվող եկամտի աճը զգալիորեն դանդաղել է՝ հասնելով ընդամենը 7 տոկոսի, ինչը գործնականում ընկերության եկամտի մեկ քառորդն է կազմում։
Amazon-ի բաժնետոմսերը նվազել են շուրջ 1%-ով, իսկ Apple-ի բաժնետոմսերը՝ գրեթե 4%-ով։ Վերջինս նշել է, որ մաքսատուրքերը կարող են ավելացնել իր եռամսյակային ծախսերը 900 միլիոն դոլարով, հայտնում է Reurters-ը։Թեև ընկերությունները այս պահին փորձում են հաղթահարել ճգնաժամը կարճաժամկետ լուծումներով, տնտեսական վերլուծաբանները զգուշացնում են՝ իսկական հետևանքները զգալու են 2025 թվականի երկրորդ կեսին, երբ հնարավոր է ստիպված լինեն գնաճի և շահույթի կրճատման իրական գործիքներ կիրառել։