85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում
Մշակութային
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա «թափառող թավջութակահար՝ ռուսական հոգով» բնորոշումն ստացած լեգենդար
երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Երաժիշտը ծնվել է ԽՍՀՄ-ում, ունի Իսրայելի և Ֆրանսիայի քաղաքացիություն, իսկ ինքն իրեն համարում է աշխարհաքաղաքացի։ Չնայած իր միջազգային ճանաչմանը՝ Մարկ Դրոբինսկին հատկապես կապված է Ռուսաստանի հետ։ Երաժիշտը խոստովանում է, որ ամենաշատը սիրում է նվագել մայրաքաղաքներից դուրս։ «Ես սիրում եմ ելույթ ունենալ Ռուսաստանի նահանգներում։ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը ինձ համար Եվրոպա են, իսկ իրական Ռուսաստանը՝ նահանգներում է։» — ասել է Դրոբինսկին։
Նա ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական ազդեցությամբ էլ կերտվել են նրա կատարողական արվեստի խորությունն ու վարպետությունը։ 1974 թվականից, երբ Մարկ Դրոբինսկին հաստատվեց Իսրայելում, նրա երաժշտական ուղին ձեռք բերեց իսկապես միջազգային մասշտաբ։ Նա համերգներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ ներառյալ Ամստերդամի Կոնցերտգեբաուն, Լոնդոնի Վիգմոր Հոլը, Բուենոս Այրեսի Տեատրո Կոլոնը, Փարիզի Սալ Պլեյելը, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճները և այլն։
Քննադատները Դրոբինսկուն անվանում են «թավջութակի վարպետ», իսկ երբեմն՝ «թավջութակի դև»։ Նրա կատարումները բազմիցս արժանացել են բարձր գնահատականների ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային մամուլի կողմից։ Նա համագործակցել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մստիսլավ Ռոստրոպովիչը, Առնոլդ Կացը, Ֆուատ Մանսուրովը, Վալերի Գերգիևը, Սաուլիուս Սոնդեկիսը, Շառլ Դյուտուան, Մաքսիմ Շոստակովիչը և ուրիշներ։ Մարկ Դրոբինսկին նվագում է Կառլո Անտոնիո Տեստորեի կողմից 1748 թվականին պատրաստված իտալական թավջութակով: Երաժիշտը պատմում է, որ այն պատահաբար է գտել․
«Իսրայելում տեղի ունեցող համերգի կազմակերպիչներից մեկն ինձ ասաց, որ ինքը շատ հին գործիք ունի, և այն երկար ժամանակ պահվել է խոնավ ռմբապաստարանում: Երբ տեսա թավջութակը, այն սարսափելի վիճակում էր՝ ծածկված սարդոստայնով և մամուռով»: Իսրայելցի մասնագետները հանձն չառան «այդ աղբի» վերականգնումը: Բայց երբ Դրոբինսկին թավջութակը տարավ Փարիզ և ցույց տվեց մի ծանոթ արհեստավորի, վերջինս անմիջապես հասկացավ, որ այն հին ու արժեքավոր գործիքը է, և երկրորդ կյանք տվեց նրան։ Մայիսի 8-ին՝ ժամը 19-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների և Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին մասնակցություն կունենա դաշնակահարուհի Աստղիկ Ղուկասյանը։