Մեծ պատերազմը չհատեց Մեղրու սահմանը, բայց հավերժ մնաց ամեն մի հայի սրտում
Թեմա
ՌԴ սահմանապահ ծառայության վետերան ԼԵՎ ԱԶԱՏԽԱՆՅԱՆԸ Մեծ Հայրենականի 80-ամյակի նախաշեմին պատմում է պատերազմի դժվարին ուղու, հայ ժողովրդի սխրանքների եւ հիշատակի պահպանման կարեւորության մասին։
«2025 թվականի մայիսի 9-ին աշխարհը կնշի ամենաարյունալի պատերազմի՝ միլիոնավոր մարդկանց կյանք խլած մեծ հաղթանակի 80-ամյակը», - նշում է վետերանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար, ինչպես ամբողջ խորհրդային ժողովրդի, պատերազմը սկսվեց անսպասելիորեն։
«Երկիրը նոր էր սկսում վերականգնվել 20-րդ դարի սկզբին անցած փորձություններից հետո։ Արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զարգացման ճանապարհին էին։ Հայաստանը, ինչպես երբեք, խաղաղության եւ կայունության կարիք ուներ։ Սակայն թշնամին ներխուժեց հայրենիք, եւ նախկին գյուղացիները, ինժեներները, ուսանողներն ու աշխատողները զանգվածաբար միացան Կարմիր բանակին՝ պաշտպանելու իրենց ապագան։ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ մեկնեց ռազմաճակատ»,- պատմում է Ազատխանյանը։
Նա ընդգծում է, որ պատերազմին մասնակցել է ավելի քան 300 հազար մարդ միայն Հայկական ԽՍՀ-ից․«Ավելին՝ շուրջ 200 հազար էթնիկ հայեր մոբիլիզացվել էին ԽՍՀՄ այլ հանրապետություններից։ Եվս 100 հազար հայեր ծառայել են հակահիտլերյան դաշինքի անդամ պետությունների զինված ուժերում։ Ավելի քան 200 հազար հայ չի վերադարձել պատերազմից։ Մեր ժողովրդի կորուստները համեմատելի են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ»։
Վետերանը հիշեցնում է, որ Մեծ Հայրենականին մասնակցել են վեց հայկական ազգային դիվիզիաներ. «Հայ զինվորները, ցուցաբերելով քաջություն, մասնակցել են Մեծ Հայրենականի բոլոր խոշոր ճակատամարտերին։ Հայաստանում ձեւավորվել եւ համալրվել են ութ դիվիզիաներ։ Պատերազմի տարիներին այստեղ պատրաստվել է ավելի քան 85 հազար նորակոչիկ։ Քանի որ Հայաստանը համարվում էր ռազմաճակատի մոտ գտնվող գոտի եւ ուներ զգալի սահմանային գոտի, առաջնային էր անձնակազմի պատրաստվածությունը՝ թշնամու հնարավոր ներխուժումները հետ մղելու համար»։
Խոսելով հայրենիքի հոգեւոր եւ սփյուռքյան աջակցությունից՝ Լեւ Ազատխանյանը նշում է. «Հայ Առաքելական եկեղեցին եւ Սփյուռքը նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել։ Նրանց միջոցներով 1944 թ. փետրվարին ռազմաճակատ է ուղարկվել «Դավիթ Սասունցի» տանկային շարասյունը, իսկ ավելի ուշ՝ նաեւ «Գեներալ Բաղրամյան» շարասյունը»։
Ազատխանյանը ընդգծում է, որ չնայած պատերազմը ֆիզիկապես չի հասել Հայաստանի տարածք, Կովկասում գործել են դիվերսիոն խմբեր։
«Սահմանը հատել են լրտեսներ, դիվերսանտներ։ Պատերազմի տարիներին ձերբակալվել ու դատարանի առաջ են կանգնել հարյուրավոր սահմանախախտներ ու թշնամական հետախուզությունների գործակալներ», - ասում է նա։
Թուրքիայի ներգրավման հավանականությունը նույնպես անհանգստացնող էր։
«1941 թ. հունիսի 18-ին՝ ընդամենը չորս օր առաջ մինչեւ պատերազմի սկսվելը, Անկարայում ստորագրվել էր թուրք-գերմանական բարեկամության պայմանագիր։ Թուրքիան մոբիլիզացրել էր միլիոնանոց բանակ։ Սեւ ծովի նեղուցները նրա վերահսկողության տակ էին, իսկ Իրանով անցնում էր ռազմավարական մատակարարման ուղի», - նշում է վետերանը։
Նա ընդգծում է, որ հայկական ստորաբաժանումները հերոսաբար մասնակցել են բոլոր խոշոր ճակատամարտերին. «Մեր սահմանապահները կռվել են Բրեստի ամրոցում, Սեւաստոպոլում, Մոսկվայի ու Լենինգրադի մատույցներում, Ստալինգրադում, Կուրսկի կամարում։ Նրանք պաշտպանել են Հյուսիսային Կովկասը, ազատագրել Ուկրաինան, Բելառուսը, Բալթյան երկրները, գրոհել Բեռլինը։ Ավելի քան 60 հազար սահմանապահ զոհվել է, 200-ը դարձել են Խորհրդային Միության հերոս»։
Խոսելով սահմանապահների հերոսության մասին՝ Ազատխանյանը նշում է․«Լենինականյան սահմանապահ ջոկատի համար պատերազմը դարձել էր ծանր փորձություն։ Պատերազմի առաջին օրերին ռազմաճակատ է մեկնել 380 զինվոր եւ սերժանտ, 57 սպա։ 1943-ին ռազմաճակատ են ուղարկվել 26 լավագույն դիպուկահարները, որոնցից 6-ը զոհվել են»։
«Լենինականցի սահմանապահների սխրանքի վառ օրինակն է 3-րդ գվարդիական սահմանապահ գնդի գործողությունները։ Գնդապետ Լուկա Մինովիչ Դուդկոն՝ Լենինականյան սահմանապահ ջոկատի սանը, Դնեպրի անցման ժամանակ ցուցաբերել է աննախադեպ հերոսություն։ Նա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, նրա անունն է կրում սահմանապահ ջոկատի առաջին կետը», - պատմում է վետերանը։
Վետերանը հպարտությամբ է հիշում նաեւ Սյունիքից ծնված ավագ սերժանտ Հունան Ավետիսյանի սխրագործությունները. «Նրա ստորաբաժանումը հերոսաբար կռվել է Նովոռոսիյսկի համար։ Վիրավորվելով՝ նա իր մարմնով փակել է թշնամու կրակակետը՝ կյանքը զոհելով հանուն ընկերների։ Նրա անունն է կրում «Հարավային Օզերևկա» սահմանապահ կետը»։
Ազատխանյանը մանրամասնում է, որ Մեղրու սահմանապահները եւս ակտիվ մասնակցություն են ունեցել Իրանի սահմանային գործողություններին. «1941 թ. օգոստոսի 25-ին նրանք մասնակցել են սահմանային հենակետերի չեզոքացմանը։ Նրանց թվում էին կապիտան Պավլովը, լեյտենանտ Կլեշչովը, սերժանտներ Դեմենտեւը, Նիկիտինը եւ ուրիշներ։ Զոհվածների հիշատակին 1946-ին հուշարձան է կանգնեցվել»։
Վետերանը նաեւ պատմում է, որ նույն տարվա օգոստոսի 27-30-ին սահմանապահները մասնակցել են ռմբակոծիչի որոնման գործողությանը Իրանում. «Կապիտան Սահակյանի, ավագ լեյտենանտ Սմորոգովի եւ կրտսեր լեյտենանտ Լակոմովի գլխավորած խմբերը անցել են շուրջ 40 կմ լեռներում, գտել են այրված ինքնաթիռը եւ պատշաճ թաղել զոհված օդաչուներին»։
Լեւ Ազատխանյանը հիշատակում է նաեւ սերժանտ Ալեքսանդր Կորյակովին. «1944-ին նա մասնակցել է Վարշավայի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը, սակայն իր ամենամեծ սխրանքը գործել է 1948 թ.՝ խաղաղության օրերին։ Նա, որպես հերթապահության ավագ, մենակ է դիմակայել դիվերսանտների խմբին, մահացու վիրավորվել, բայց շարունակել է մարտը մինչեւ օգնության ժամանումը։ Նրա անունն է կրում Արտաշատի սահմանապահ ջոկատի մի կետ եւ Արարատի փողոցներից մեկը»։
Ամփոփելով՝ վետերանը շեշտում է. «Մեր Հաղթանակի կարեւոր բաղադրիչն է հերոսների հիշատակի պահպանումը։ Հայաստանում պետական պահպանության տակ է գրեթե 600 հուշարձան։ Հայ ժողովուրդը հիշում է ու մեծարում իր բոլոր հերոսներին։ Հավերժ փառք նրանց»։
Իսկ խոսքի վերջում Լեւ Ազատխանյանը հղում է հուզիչ մաղթանք. «Սրտանց շնորհավորում եմ բոլորին Հաղթանակի մեծ տոնի կապակցությամբ։ Թող նոր սերունդը արժանի լինի մեր հերոսների հիշատակին եւ շարունակի պաշտպանել Հայաստանի սուրբ սահմանները ու խաղաղ կյանքը»։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ