ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հայրենակցական միության նախագահի ընտրությունը վատ նախադեպ եմ համարում. Բալասանյան
Ներքաղաքական
ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում, որը նախատեսված է ակադեմիական, գիտակրթական նպատակների համար՝ անցկացվել է «Տավուշ» հայրենակցական միության համագումարը, որի ընթացքում նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հայաստանի պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, որը ծնունդով Չինարի գյուղից է: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ, տավուշցի ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
— Դուք, լինելով ծնունդով Տավուշից, մասնակցե՞լ եք «Տավուշ» հայրենակցական միության համագումարին եւ նախագահի ընտրությանը:
— Միանգամից ասեմ, որ չեմ մասնակցել: Քանի որ այս հարցով շատ են դիմել ինձ, հարկ եմ համարում պարզաբանել, որ «Տավուշ» հայրենակցական միությունը բաղկացած է նախկին Շամշադինի շրջանի ազգաբնակչությունից, եւ դա մարզի մյուս բնակավայրերի հետ որեւէ կապ չունի: Հետեւաբար, ես լինելով ծագումով Տավուշի մարզից, բայց ոչ Շամշադինից, բնականաբար, այդ հայրենակցական միության անդամ չեմ: Պարզապես, անունն է խառնաշփոթ առաջացնում:
— Այդուհանդերձ, ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ համագումարն ու ընտրությունը տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի գիտխորհրդի դահլիճում:
— Ինձ համար մի փոքր տարօրինակ է առհասարակ հայրենակցական միության նիստի անցկացումը Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի դահլիճում, քանզի այդտեղ անցկացվում են բացարձակապես ԵՊՀ գիտխորհրդի նիստերը եւ այն բարձրաստիճան պատվիրակությունների ընդունելությունները, որոնք պարբերաբար ժամանում են համալսարան: Խոսքը ե՛ւ տարբեր համալսարաններից, ե՛ւ պետական տարբեր կառույցներից ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների մասին է: Իսկ հայրենակցական միության նախագահի ընտրության կազմակերպումը ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում վատ նախադեպ եմ համարում, որովհետեւ սա կարող է դոմինոյի էֆեկտ ստանալ: Մյուս հայրենակցական միությունները եւս կարող են չդիմանալ «գայթակղությանը» եւ իրենք եւս որոշեն ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հավաքներ ու նիստեր անցկացնել:
— «Տավուշ» հայրենակցական միության նախագահ ընտրվեց Ռոմանոս Պետրոսյանը, որը թեպետ Չինարիից է, բայց այնտեղ հաստատ չի բնակվում: Ի՞նչ կասեք այս մասին:
— Գիտեք, սովորաբար հայրենակցական միության ղեկավարը լինում է մարդ, ով կա՛մ պետական բարձր պաշտոն է զբաղեցնում, կա՛մ գիտական շատ բարձր կոչում եւ ճանաչում ունի: Հաշվի առնելով, որ «Տավուշ» հայրենակցական միության նորընտիր նախագահը Պետական վերահսկողական ծառայության ղեկավարն է, սա օրինաչափ եմ համարում: Մեծ հաշվով՝ նշանակություն չունի եւ երբեք էլ չի ունեցել, թե տվյալ մարդն ապրում է արդյոք հայրենի գյուղում, թե՝ ոչ: Հաշվի է առնվում նրա ծագումը, որ Շամշադինի տարածաշրջանի գյուղերից է եւ հետեւաբար ունի հնարավարություն դառնալ «Տավուշ» հայրենակցական միության նախագահ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ