Եկեղեցին կանգուն է եւ հավերժ, քանզի հավերժ է հայ ժողովուրդը եւ Հայաստանը. Գայանե Ներսիսյան
Մշակութային
Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ է բացվում Սյունիքի մարզկենտրոն Գորիսում՝ քաղաքապետարանին կից շենքում։ Պատվո հյուպատոսի լիազորությունները ստանձնելու է Կարմեն Ափունցը՝ ազգությամբ հայ, ով նաեւ Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է։ Այն, որ պաշտոնական Փարիզը հակառակ նախկին քննարկումների՝ Սյունիքում որոշեց ոչ թե գլխավոր հյուպատոսություն, այլ պատվո հյուպատոսարան բացել, մինչ այժմ հստակ չի մեկնաբանվել, թե ինչու: Նշենք, որ ի տարբերություն գլխավոր հյուպատոսության՝ պատվո հյուպատոսարաններն ունեն սահմանափակ լիազորություններ. դրանք քաղաքական գործառույթներ չեն իրականացնում, չունեն դիվանագիտական անձեռնմխելիություն եւ հիմնականում կենտրոնանում են հումանիտար ու մշակութային գործունեության վրա։
Հիշեցնենք, որ Իրանը դեռ 2022 թվականին Կապանում բացեց գլխավոր հյուպատոսություն, իսկ Ռուսաստանը երկար տարիներ արտահայտում է նման ցանկություն, որը մինչ օրս չի իրականացել։ Թե ինչու այդպես էլ չի բացվում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Կապանում՝ հարցը, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի, պետք է ուղղել հայկական կողմին։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:
— Ինչպես հայտնի է, Գորիսում բացվում է Ֆրանսիայի պատվո հյուպատոսարան, ի՞նչպես եք գնահատում այս որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի դեպքում՝ գործընթացը շարունակում է ձգձգվել, չնայած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հարցը քննարկել է ՀՀ ԱԳ նախարարի հետ, եւ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են։
— Վերջերս՝ ի հեճուկս ներսի եւ դրսի թշնամիների, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հարցազրույցը տալիս էր հայ ժողովրդի խորհրդանիշ Արարատ լեռան պատկերի դիմաց՝ ցույց տալով Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: Սակայն, ներկայիս դավաճան իշխանության եւ ազգային պատուհասի կողմից չի տրվում Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու համաձայնագիրը: Մինչդեռ մենք լավ ենք հիշում, թե ինչպիսի արագությամբ բացվեց իսրայելական դեսպանություն եւ ի երախտագիտություն՝ այս ազգադավ պատուհասի, հրեական հրթիռները լցվեցին մեր անմեղ զավակների գլխին:
— Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը հոգեւորականների մասին սկսել են վիրավորական գրառումներ կատարել, մեղադրել բազում մեղքերի մեջ: Ի վերջո, ինչո՞ւ եկեղեցին կրկին հայտնվեց այս իշխանության թիրախում:
— Կապված՝ այն հանգամանքի հետ, որ Հայոց Հայրապետը Բեռնում բարձրացրեց հայ ժողովրդի ցավոտ հարցերը, ազգադավ պատուհասի եւ իր մերձավոր շրջապատի մոտ առաջացրեց ջղաձգված անկառավարելի եւ անպատկառ դրսեւորումներ: Պետք է, որ թշնամիները եւ գլխավոր թշնամի ազգային պատուհասը հասկանա, որ Հայոց եկեղեցին դարերի ընթացքում շատ փորձությունների է ենթարկվել, սակայն այն կանգուն է եւ հավերժ, քանզի հավերժ է հայ ժողովուրդը եւ Հայաստանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ