ՀՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԿՀԻՇՎԻ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Արխիվ 16-20
Հայ քանդակագործության եւ գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցչի, եռաչափ եւ կինետիկ գեղանկարչության հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի թանգարանում օրերս տեղի ունեցավ նրա վենետիկյան շրջանի եզակի ստեղծագործություններից մեկի՝ Ժորժ Զաքարյանի դիմաքանդակի ցուցադրություն-շնորհանդեսը: Եվրոպական արվեստին մոտիկից ծանոթանալու նպատակով Քոչարը 1922 թվականին մեկնում է Եվրոպա: Վենետիկում ապրում է Սուրբ Ղազար կղզում, որտեղ էլ ստեղծում է իր առաջին քանդակները, այդ թվում նաեւ իր ընկերոջ՝ Ժորժ Զաքարյանինը, որն այդ տարիներին նույնպես ուսանել է Իտալիայում:
Երվանդ Քոչարի հարսը՝ Լալա Քոչարը, 1999 թվականին Հայաստանի ազգային արխիվում հայտնաբերում է հոդված, որում լինում է քանդակի լուսանկարը՝ մակագրությամբ՝ Ժորժ Զաքարյան, գործ՝ Երվանդ Քոչարի: Լ. Քոչարն էլ մտաբերում է, որ Ավետիք Իսահակյանը Քոչարին շատ էր գրում, թե՝ Ժորժիկը քեզ բարեւում է: Այնուամենայնիվ, տարիներ անց, բայց Լ. Քոչարին հաջողվում է գտնել Ժորժ Զաքարյանի հասցեն ու նամակ է գրում նրան, սակայն պատասխանում է որդին՝ Պաոլոն, թե հոր քանդակն իր գրասեղանի վրա է եւ չի պատրաստվում բաժանվել նրանից: Տարիներ անց՝ 2015 թվականին, Զաքարյանի ժառանգն անձամբ է կապվում տիկին Լալայի հետ եւ ցանկություն հայտնում հոր դիմաքանդակը թանգարանին նվիրաբերել:
Քանդակն արդեն Հայաստանում է, ու 84-ամյա Պաոլո Զաքարյանը քանդակի ցուցադրություն-շնորհանդեսի ողջ ընթացքը հետեւում էր տեսակապով եւ արարողության ավարտին պատմեց քանդակի պատմությունը. «Հայրս շատ է պատմել Երվանդ Քոչարի եւ իրենց երկար տարիների ընկերության մասին: Հայրս նաեւ պատմում էր, որ այս քանդակի հեղինակն իր ընկերն է՝ Երվանդ Քոչարյանը, նա այդ տարիներին դեռ Քոչարյան էր, հետո է կրճատ տարբերակն ընտրել, եւ ասաց, որ նրա հետ ապրել են Վենետիկում: Քանդակը երկար տարիներ իմ գրասեղանին էր, կարծում էի, որ այն պիտի անբաժան լինի ինձնից, բայց հիմա արդեն 84 տարեկան եմ ու, կարծում եմ՝ հորս հիշատակը լավագույնս կհիշվի Քոչարի թանգարանում, դրա համար նվիրաբերեցի թանգարանին: Ուրախ եմ, որ քանդակը վերջապես ճիշտ տեղում է, համոզված եմ՝ այն ավելի լավ կպահպանվի թանգարանում, քան եթե ապագայում մնար իմ տղաների ու թոռների տանը: Իսկ հիմա այն ապահով ձեռքերում է, նրա իրական տեղը Քոչարի թանգարանում է, համոզված եմ՝ Քոչարի թանգարանում այն հավերժ կապրի»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ