«Միանշանակ, երեխաներին դասի նստեցնել, իսկ մեծերին` բանտ գցել»
Արխիվ 16-20
Գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ կարծիքով` ստեղծված իրավիճակը կազմակերպիչները տանում են դեպի Մայդանի: Ըստ նրա` այստեղ թեկնածուների հարց չկա, ու ոչ թե անձերի այլ համակարգի փոփոխություն պետք է արվի. «Այս ամենը տարվում է դեպի Մայդանի, դեպի օտար ուժին` երկրի վաճառքին»:
Լ. Ավետիսյանի դիտարկմամբ` ցուցարարներն այս անգամ լավ են պատրաստված. «Վրաններով, տարբեր սարքերով, մեթոդիկան նույնն է, ինչ Կիեւում էր, եւ, չգիտես ինչու, ֆլայերների գույնը ուկրաինական դրոշի գույներն էին` դեղին եւ կապույտ: Նրանք հո ինքնուրույն չե՞ն, դա նույն ուժի կողմից պատրաստված է: Ամեն անգամ, երբ որեւէ երկրում պատրաստվում է հեղաշրջում, հեղափոխություն կամ նման մի բան, այդ երկրի քաղաքական ստատուսն ընկնում է` ինքնուրույնության մի հատվածը մեկ անգամ եւս կորցնում է: Ընդամենը մեկ սերունդ է անցել` երբ 12 տարեկանում աղջկաս ընտրել էին, որպեսզի արտասահմանում մասնակցեր ելույթների, ես հանգիստ սրտով Լատինական Ամերիկա ուղարկեցի աղջկաս, հիմա նույն բանը կատարվել է իր աղջկա հետ, որը նույն տարիքում է, բայց վախենում ենք իրեն Եվրոպա ուղարկել, որովհետեւ գիտենք` այնտեղ մեկ շաբաթվա մեջ կփչացնեն երեխային: Աշխարհը փոխվել է դեպի վատը, եւ Հայաստանին ուզում են ներքաշել այդ բանի մեջ»:
Անդրադառնալով ցուցարարների, այսպես ասած, պահանջին` մերժել Ս. Սարգսյանի վարչապետ ընտրվելուն, հրապարակախոսը հետեւյալ համեմատությունն ասաց. «Հոսանքազրկել են շենքը, տանեցիները փոխում են տան ջահերի լամպը, բայց եթե հոսանքազրկված է, ինչքան էլ լամպը` թեկնածուները փոխեք, սուտ է, պետք է հարցը համակարգային լուծել: Համակարգը ստորացրել է մեր երկիրը, մենք ասում ենք` ազատ ենք, անկախ ենք... Ոչ, մենք ազատությունը եւ անկախությունը կորցրել ենք` չունենք գործարաններ, դա նշանակում է, որ երկիրը ստորացված է, որովհետեւ իրեն հարգող երկիրն ունենում է արդյունաբերություն: Էլ չեմ ասում, որ ծառայություն է դարձել նույնիսկ մանկավարժությունը, ուսուցիչն իրավունք չունի երեխային դաստիարակելու, սեռական դաստիարակության դասեր են անցկացնում տարբեր դպրոցներում, ինչը եւս երկրի ինքնուրույնության կարգավիճակի ստորացում է: Երբ երկիրը իջեցնում են դեպի վար, այդ մեթոդներն են կիրառում»:
Լ. Ավետիսյանի դիտարկմամբ. «Երբ երկրում կա դավադրություն, խժդժոցում հաղթում է, այսպես ասած, ըմբոստ ուժը: Եթե իշխանության ներսում դավադրություն չլինի, այդ հանցագործներին, որ Ռադիոտան եւ այլ հաստատությունների դուռն են կոտրում եւ այլ անկարգություններ անում, նույն րոպեին դարձի կբերեին, չեն բերում` ուրեմն կա դավադրություն»,- շեշտում է հրապարակախոսն ու այս ամենի հանգուցալուծումը տեսնում հետեւյալ կերպ. «Միանշանակ, երեխաներին դասի նստացնել, իսկ մեծերին` բանտ գցել»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ