«Հաղթանակ» զբոսայգում անցկացվեց շաբաթօրյակ
Արխիվ 16-20
Մայիսի 7-ին Ժամը 13:00-ին «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ շաբաթօրյակ: Մասնակիցների թվում էին տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տարբեր բուհերի ուսանողներ:
Լրագրողների հետ զրույցում Միջազգային հումանիտար զարգացման հկ-ի նախագահ Արման Ղուկասյանը ասաց.
«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մեջ հայ ազգը մեծ ավանդ է ներդրել, 600.000 հայ է մասնակցել պատերազմին, 300 հազար կորուստ է ունեցել: Մենք այս ամենը կազմակերպում ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու համար»:
Նրա խոսքով՝ այս և նմանատիպ այլ միջոցառումներով փորձելու են իրենց հարգանքի տուրքը մատուցել հայրենական պատերազմի հայ նահատակներին:
«600.000 հայ է մասնակցել հայրենական պատերազմին՝ բնակչության 20-23 տոկոսը, 100 հազար մարդ Սփյուռքից է միացել հայկական ջոկատներին: Ընդհանուր առմամբ հայ ազգը շատ հերոսներ է ունեցել՝ 106 հերոս, և մոտ 300 000 կորուստ է եղել: Համեմատության համար ասեմ, որ Վրաստանը տվել է 89 հերոս, Ադրբեջանը՝43:
Մեր հարևան երկրների համեմատ Հայաստանն ավելի շատ մարշալներ է ունեցել: Հայ ժողովրդի ավանդը հայրենական պատերազմում հաղթանակում մեծ է»,- ասաց նա:
Արման Ղուկասյանը կարծում է, որ երիտասարդ սերունդը պարտավոր է հիշել Հայրենական մեծ պատերազմը և հերոսներին:
Հումանիտար զարգացման միջազգային կազմակերպության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ Հայրենական պատերազմի ժամանակ ոչ միայն ռազմաճակատում են պայքարել հայերը, այլև տեղում առաջնագիծ գնացածներին փոխարինել են կանայք և ծերերը, քանի որ շարունակվում էր տանկերի համար տարբեր դետալների, փամփուշտների արտադրությունը: Նա շեշտեց՝ հայերը Հայրենական պատերազմի բոլոր թեժ կետերի մարտերին են մասնակցել:
«Երիտասարդ սերունդը պետք է գնահատի այդ հաղթանակը, քանի որ պետք է գիտակցել, որ եթե 45 թվին մեր պապերի օգնությամբ չհաղթահարվեր ֆաշիզմը, չի բացառվում, որ մենք չունենայինք արցախյան հերոսամարտը: Որոշ երկրներում այս հաղթանակի իմաստն ու գաղափարը փորձում են խեղաթյուրել, ինչը չի կարելի թույլ տալ»,- ընդգծեց Ծովինար Կոստանյանը:
Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի միջտարածաշրջանային համագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանը նշեց, որ իրենց կենտրոնը յուրաքանչյուր տարի անցկացնում է տարբեր միջոցառումներ, և իրենք կարևորում են հենց այն հանգամանքը, որ երիտասարդներ են մասնակցում և իրենց հարգանքի տուրքն են մատուցում: «Մայիսի 1-9-ն անցկացվելու է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան, որի շրջանակում մարդկանց ամեն օր տարբեր ժամերի բաժանվելու են ժապավեններ` Հյուսիսային պողոտայում, Ազատության և Հանրապետության հրապարակներում, ինչպես նաև Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնում: Մայիսի 9-ին Սիրահարների այգում կայանալու է տոնական համերգ` երիտասարդական կազմակերպությունների, ՀՀ քաղաքացիների և պատերազմի վետերանների մասնակցությամբ :