Ֆինանսների նախարարը չի բացառում 2019-ի բյուջեում աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման հնարավորությունը
Արխիվ 16-20
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի հստակեցրել հաջորդ տարվա բյուջեում աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում կլինի, թե ոչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստից առաջ լրագրողների հնչեցրած հարցին՝ արդյոք 2019-ի բյուջեի հիմքում կլինի աշխատավարձի և թոշակի բարձրացում՝ նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Էական տարբերություններ բավականին վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրից քննարկվող տարբերակում առայժմ չկան»:
Նա խորհուրդ տվեց ծանոթանալ միջնաժամկետ ծախսերի ծրագրին, 2019-ին կանխատեսվող հիմնական ցուցանիշներին: «Ես առաջարկում եմ ուսումնասիրել փաստաթղթերը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան «սոցիալական ծախսերն ավելանալու են, թե ոչ» ճշտող հարցին:
Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացմանը, ապա Ֆինանսների նախարարը նշեց, որ դա տրամաբանական ավելացում է՝ կապված ՀՆԱ-ի հետ: «Ինչպես սովորաբար նախատեսվում է, հենց այդ տրամաբանությամբ էլ անվանական մեծությամբ թվերն ավելանում են պաշտպանական ոլորտում: Այն կախվածության մեջ է ՀՆԱ-ից»,- հավելեց նա: