Փոլ Բիլզերյան.«Իմ եւ իմ տղաների այցը Արցախ ուղերձ էր Ադրբեջանին»
Արխիվ 16-20
Պոկերի արքա, իր սկանդալային լուսանկարներով ու գործունեությամբ համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ միլիոնատեր ԴԵՆ ԲԻԼԶԵՐՅԱՆԸ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ուղեկցությամբ` երեկ Արցախում էր: Սակայն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում պաշտոնական հանդիպումներ տեղի չեն ունեցել: Միակ պաշտոնյան, ում հետ մասնավոր հանդիպում է ունեցել Դեն Բիլզերյանը, եղել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ: Ի դեպ, հատկանշական է այն, որ արհամարհելով ադրբեջանական «սեւ ցուցակն» ու մի շարք այլ հանգամանքներ, աշխարհի ամենահայտնի հայերից մեկը այցելում է Արցախ, սակայն այն արժանանում է որոշակի շրջանակների քննադատությանը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Արցախի ՄԻՊ Ռ. Մելիքյանի հետ:
– Պարոն Մելիքյան, Դեն Բիլզերյանի այցը զարմանալիորեն քննադատության է արժանացել նաեւ հայաստանյան որոշ շրջանակների կողմից: Կարելի՞ է համարել, որ սա պայմանավորված է նրանով, որ Դենը Հայաստանում որեւէ պաշտոնյայի հետ հանդիպում չունեցավ:
– Նախ նշեմ, որ Արցախում էլ բարձրաստիճան պաշոտանատար անձանց հետ հանդիպում տեղի չի ունեցել: Ես չեմ կարծում, որ Մարդու իրավունքների պաշտպանը բարձրաստիճան պաշտոնատար անձ է` բառիս քաղաքական իմաստով: ՄԻՊ-ը քաղաքական դերակատարություն չունեցող պաշտոնատար անձ է: Ինչ վերաբերում է քննադատությունների պատճառներին, ես ձեռնպահ կմնամ դրանք գնահատել, ընդամենը կբավարարվեմ ասելով, որ դրանց մի մասը գուցե պայմանավորված է անձի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքով, որը նույնպես կարող եմ հասկանալ: Բայց որեւէ մեկս սուրբ չենք, եւ չեմ ուզում առաջնորդվենք այն կանխավարկածով, որ մեր շարքերում կան սրբեր եւ մեղսագործներ: Ես առաջնորդվում եմ հետեւյալ հանգամանքով` ինչն է պիտանի Արցախի խնդիրները բարձրաձայնելու համար: Իսկ այս այցը պիտանի է Արցախի խնդիրները բարձրաձայնելու համար, հետեւաբար օգտակար է: Այս առումով` միայն կմեջբերեմ Դենի հոր` Փոլ Բիլզերյանի հետեւյալ խոսքը. «Իմ եւ իմ տղաների այցը Արցախ համարում եմ նաեւ ուղերձ Ադրբեջանին, որ դուք 9 միլիոնով չեք պայքարում 150 հազարի կամ 3 միլոնի դեմ, այլ ավելի քան 9 միլիոնի դեմ եք պայքարում, եւ մենք էլ այդ 9 միլիոնի մասն ենք»: Ինձ թվում է` սա կարեւոր ուղերձ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Ռ. Մելիքյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք այստեղ: