Քանի՞ կոպեկ արժի Նիկոլի կանգնելը կարմիր լույսի տակ
Արխիվ 16-20
Նիկոլի մոտ ամեն ինչ ձեւ է, շոու, ցուցադրություն: Չգիտես ինչի, մեկ-մեկ որոշում է հեծանիվ քշել ու իր ամբողջ աշխատակազմը ընկնում է իր համար հեծանիվ գնելու, ակերը փչելու, հետո էլ մի ամբողջ շքախմբով` մի երկուսը հեծանիվներով, մնացածը ավտոմեքենաներով, փողոցները փակելով, Նիկոլին առոք-փառոք ուղեկցում են, լրագրողներին էլ ասում են, թե նկարեք ու տարածեք, թե ինչ վարչապետ ունենք` հեծանիվով գործի է գնում: Սակայն դրա միտքը այդպես էլ պարզ չի դառնում. բացի շոուիից, որը կոչվում է «Նիկոլը հեծանիվի վրա», ինչ նպատակ է հետապնդում այդ ամենը:
Ոմանք ասում են, որ Նիկոլը բենզին է տնտեսում, սակայն պարզ է, որ այդ տարբերակով, երբ Նիկոլի փոխարեն իր մեքենայով բերում են իր բաճկոնը, շատ ավելի շատ վառելիք է սպառվում, բայց այդ սպռաված կամ չսպառվածն էլ այքան չնչին է, որ եթե Նիկոլը իր ամբողջ կյանքը միայն հեծանիվով գնա-գա գործի, առանց որեւէ ուղեկցող շքախմբի, միեւնույն է` տնտեսածը ավելի քիչ կլինի, քան Աննայի վարսավիրուհու աշխարհով մեկ ֆռֆռալու համար պետկան բյուջեի մեկ օրվա ծախսը: Այսինքն` տնտեսելու գաղափարը «չկպավ»:
Գուցե Նիկոլը պրոպագանդում է հեծանիվը որպես փոխադրման միջոց: Սակայն այդ դեպքում յուրաքանչյուրիս, ով կցանկանա հեծանիվով գնա գործի, պետք է ուղեկցի ոստիկանների եւ թիկնապահների մի այդպիսի բանակ, քանի որ հակառակ դեպքում, Երեւանի երթեւեկության պայմաններում հեծանիվով տեղ հասնելը դառնալու է խիստ վտանգավոր զբաղմունք, որի դրական արդյունքի հավանականությունը 50/50 է: Եթե Նիկոլը իսկապես ցանկանում է, որ Երեւանի փողոցներում ավելանան հեծանվորդները, դրա համար նախ պետք է կարգավորի անկանոն ու «գժական» երթեւեկությունը եւ երկորդ` հեծանվորդների համար պետք է ստեղծեր հատուկ երթեւեկելու գոտիներ, ինչպես քիչ թե շատ զարգացած երկներում: Եվ միայն դրանից հետո կարող էր նստել հեծանիվ եւ այդ գոտիներով երթեւեկել: Իսկ մինչ այդ այն ժամանակը, որ ծախսում է շոուի վրա, լավ կլիներ տրամադրեր հենց վերոհիշյալ հարցերը կարգավորելու համար:
Մի խոսքով, Նիկոլը հեծանիվի վրա տեսարանը, իհարկե, զվարճալի է, սակայն եթե փողոցով անցներ, ասենք` արջը հեծանիվի վրա, էլ զվարճալի կլիներ: Հիշում եք երեւի, որ ժամանակին կրկեսում կար այդպիսի` բոլոր երեխաների կողմից սիրված համար, երբ արջը հեծանիվ էր քշում:
Քանի որ խոսեցինք Նիկոլի երթեւեկության մասին, ապա չենք կարող չհիշել իր ինքնագովազդը այն առումով, որ մեկ անգամ կանգնել է կարմիր լույսի տակ: Ուզում է ասել, թե նա բոլորի նման է եւ շատ կարգապահ վարորդ: Սակայն Նիկոլից պահնաջվում է ոչ թե, որ նա կանգնի կարմիր լույսի տակ, այլ որպեսզի կարմիր լույսի տակ կանգնեն եւ ընդհանրապես երթեւեկության կանոնները պահպանեն բոլոր մնացած երթեւեկության մասնակիցները: Ի վերջո, բոլոր պետությունների բոլոր ղեկավարները անհրաժեշտության դեպքում իրավունք ունեն երթեւեկել հատուկ կանոններով, բայց այդ նույն պետություններում բացի ղեկավարից ոչ ոք իրավունք չունի խախտել երթեւեկության կանոնները: Մեզանում հակառակն է. պետության ղեկավարը իբր պահպանում է կանոնները, բայց փողոցներում խայտառակ վիճակ է, ինչի արդյունքում աճել են վթարները եւ դրանց, շատ հաճախ ողբերգական, հետեւանքները: Այնպես որ ճիշտ կլիներ Նիկոլը ոչ թե կազմակերպեր կարմիր լույսի տակ կանգնելու շոուն, այլ զբաղվեր երթեւեկության խայտառակ վիճակով: Ընդ որում, պետք է զբաղվել սկսի հենց իր շրջապատից, քանի որ կառավարական «դաչաների» Պռոշյանի մուտքից, ոստիկանների քթի տակով, սեփական համարներով ճոխ-ճոխ ավտոմեքենաները այնպես են ելումուտ անում, կարծես թե իրենց սեփական քաղաքն է: Դրանից հետո քանի՞ կոպեկ արժի Նիկոլի կանգնելը կարմիր լույսի տակ:
Ա. Հովհաննիսյան