ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ՀԻՇԵՑՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Արխիվ 16-20
Չորեքշաբթի տեղի ունեցած վտանգավոր եւ տհաճ իրադարձությունը` համապետական մասշտաբի հոսանքանջատումը, միանգամից շատ տհաճ հուշեր արթնացրեց ավագ եւ միջին տարիքի մեր հայրենակիցների մոտ: Հուշեր Լեւոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ կառավարման տարիների մասին, երբ ցուրտ էր, մութ էր, եւ մարդկանց գլխին կախված էր սովի ուրվականը: Ճիշտ է, ներկայիս երիտասարդությունը այդ մղձավանջը թեեւ չէր տեսել, կամ այն ժամանակ պարզապես երեխա էին, սակայն, այսպես ասած, «լայթ» տարբերակով սեփական աչքով տեսան այն, ինչի մասին լսել են ավագ սերնդից:
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Այն, որ խայտառակ վթարի ուսումնասիրությամբ զբաղվում է ԱԱԾ-ն, շատ ճիշտ մոտեցում է: Քանզի այդպիսի վթարի փաստն իսկ այն պայմաններում, երբ էներգադեֆիցիտ երկրում չկա, ինքնին առավել քան մտահոգիչ է: Թերեւս սահմանադրական կարգի տապալումից հետո այնպիսի բարձիթողի վիճակի են մատնվել երկրի բոլոր ենթակառուցվածքները, որ մի օր դա մի տեղից պետք է «պայթեր»: Ու փնտրել այդտեղ Իրանի էլցանցերի մեղավորությունը, ինչը ջանում են կառավարության ներկայացուցիչները, ճիշտն ասած բոլորովին արժանահավատ չի հնչում: Իրանը լրջագույն պետություն է, եւ այդ պետության էլցանցերում առավել քան անհավանական է, որ «բարդակ» լինի: Իսկ մեզանում թեկուզ ներդրումների բացակայության իրողությունը, ինչպես նաեւ պահպանման ծախսերի սակավությունը, արդեն իսկ լուրջ սպառնալիք են ստեղծում էներգետիկ անվտանգության համար: Այստեղ ավելորդ չէ հիշեցնել նաեւ դեռ անցյալ տարվա խոսակցությունները, որ ատոմակայանում 500 հոգի պետք է կրճատել: Եվ դա հնչում էր ոչ թե պատահմամբ համացանցի ելք ստացած գժանոցից, այլ պետական ամբիոններից: Մյուս ռազմավարական սպառնալիքը, որ բոլորիս աչքի առաջ է` ճահճի վերածվող Սեւանը: Այդ ինչ աստիճանի բարձիթողի վիճակում պետք է լինի հսկողությունը տարբեր տնտեսվարողների կեղտաջրերի եւ թափոնների նկատմամբ, այդ ինչ աստիճանի պետք է հասնի ձկնագողությունը, որ Սեւանը չկարողանա ինքնամաքրվել: ԼՏՊ-ի տարիներին նույն Սեւանը ՀՀ բնակչությանը փաստացի սովից փրկեց, բայց նման է, որ այլեւս այդպիսի գործառույթ չի կարող ունենալ: Բնապահպաններն էլ խայտառակ լուսանկարներ են հրապարակել` տարբեր տեղերում` ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում վաճառասեղաններին մինչեւ առաստաղը լցված սեւանյան սիգի պահածոները...
Էլ չենք խոսում, որ ոստիկանությունը գործնականում չի կատարում քաղաքացիներին հանցագործներից պաշտպանելու գործառույթը: Փոխարենը շրջանառության մեջ են հայտնվում տխմարագույն նախաձեռնություններ` մարդկանց «քրեական ենթամշակույթին պատկանելու» համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Իսկ «խաղաղության պատրաստելու» զազրելի քարոզչությունը, բանակի վարկաբեկման մշտական փորձերը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը կրթական համակարգից արմատախիլ անելը շատ վատ բաներ են հուշում: Էլի զուգահեռներ ԼՏՊ-ի տարիների հետ` 1992-ին ծերուկը հրապարակավ հայտարարել էր, թե մենք անպայման կպարտվենք Ադրբեջանին, սակայն այն ժամանակ բարեբախտաբար չկար համացանց, որ այդ դավաճանական խոսքը հասնի առաջնագիծ...
Իսկ այսօր ամեն մի քայքայիչ խոսք միանգամից տեղ է հասնում: Եվ այն ժամանակ չկար այնպիսի հիմարություն, ինչպիսին է «ԼԳԲՏ իրավունքները» եւ գենդերի եսիմ քանի տեսակները, իսկ այսօր այդ հակաբնական բանը քարոզվում է, առաջ է տարվում պետական մակարդակով: Ռեֆորմիստներ կուսակցության փոխնախագահ, քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանը ներկայիս իրավիճակի առնչությամբ դիպուկ նկատել է. «Ես ասում էի չէ՞, որ այս իշխանությունը տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի ռեինկարնացիան է: Բոլոր չափանիշներով համընկնում է, բոլոր` տնտեսական անկում, մարդկանց սոցիալական վիճակի վատացում, գործազրկության ու արտագաղթի ավելացում, ընդդիմության նկատմամբ ճնշումներ ու բռնություններ, հանցագործությունների աճ, ամենաթողության մթնոլորտ, հիմա էլ էլեկտրաէներգիայի կոլապս: Բարեւ, Լեւոն, բարեւ, մութ ու ցուրտ տարիներ»:
ԼԵՎՈՆԱՆԻԿՈԼԻԶՄ. ՀԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԼԿՏԻԱՆՈՒՄ ԵՆ
Եվ այսպես, գիշերով ԼՏՊ-ի որդուն պատկանող սրճարանում տեղի է ունենում գիշերային հավաք, որին մասնակցում էին Դավիթ Տեր-Պետրոսյանը, օրեր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) անդամ պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը եւ ՀԱԿ որոշ երիտասարդներ: Ընդ որում, սրճարանում միայն իրենք են եղել, այն փակ է եղել հաճախորդների համար: Ավելի ուշ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հարցով Արմեն Մարտիրոսյանը չքմեղանում է. «Մենք ընկերներով ենք այնտեղ հանդիպել, Վահե Գրիգորյանն էլ իր իրերից մեկն էր թողել այնտեղ` եկել էր վերցնելու: Հանդիպման ամբողջ ընթացքում նա մեզ հետ չի եղել, վերջին պահին նոր եկել է: Մենք պարբերաբար ընկերներով այնտեղ հանդիպում ենք, բայց դա Վահե Գրիգորյանին չի վերաբերում, նա այնտեղ է եկել շատ ուշ ժամի»: Պատկերացնո՞ւմ եք` «պատահականորեն» սրճարանում բան է մոռանում եւ «պատահականորեն» գիշերային հավաքի ժամանակ իր մոռացած առարկայի հետեւից վերադառնում է նա, ով եղել է ՀԱԿ եւ, մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստաբանը: Մի տեսակ չափազանց շատ չե՞ն «պատահականությունները», մանավանդ, որ Վահե Գրիգորյանը ե՛ւ Նիկոլի, ե՛ւ Գագիկ Ջհանգիրյանի կողմից նախատեսված է Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը հակասահմանադրական եղանակով զավթելու համար: Գումարած դրան, ինչ-որ կասկածելիորեն, այն էլ արդեն պատգամավորական մակարդակով ակտիվանում են խոսակցությունները Վանոյի վերադարձի մասին: Բարձրաձայն այդ վերադարձը երազում է լեւոնական ռեժիմի ամենամռայլ դեմքերից մեկը` Անդրանիկ Քոչարյանը, ով այժմ ոչ միայն պատգամավոր է, այլեւ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ: Ի դեպ, նույն հակադատարանային շրջափակումների ակտիվագույն կազմակերպիչներից մեկը եղել է «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանը, ով վաշխառուից ինչ-որ հրաշքով վերածվել է իրավապաշտպանի եւ դատական փորձագետի: Եվ նա, իհարկե, զերծ չմնաց ռեւանշիստական կարոտով ներծծված. «Վանոն միակն էր, որը դեմ գնաց ամբողջ ՀՀՇ-ի վերնախավին, երբ վերջիններս Հայաստանը հանձնում էին Ռոբերտ-Սերժ կլանին եւ դրա համար էլ պատասխան տվեց: Վանոն միակն էր, որ դեռ 20 տարի առաջ իր գրվածքներով, հոդվածներով եւ ելույթներով կանխատեսում էր այն ամենը, ինչ կկատարվի Հայաստանում, եթե Ռոբերտ-Սերժ կլանը ստանա լիակատար իշխանություն: Վանոն միակն է, որի ստվերի դեմ, մինչեւ օրս պայքարել են Ռոբերտը, Սերժը եւ նրանց խամաճիկները»: Եվ սույն տհաճ կերպարանքը հասնում է նրան, որ համարձակվում է պնդել, իբրեւ թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վախենում են Վանոյից... Ինչպիսի վառ երեւակայություն:
ԼԵՎՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
Եթե համեմատենք ցուցարարներ-ոստիկանություն հարաբերությունները նախորդ իշխանությունների օրոք ու հիմա, ապա այդ համեմատությունն ամենեւին էլ թավշիստների օգտին չէ: Դա առանձնահատուկ վառ դրսեւորվեց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի պարագայում: Նախորդ ավագանիում այդ տիկինը Զարուհի Փոստաջյանի այլ կուսակիցների հետ միասին կոյուղաջուրը բերել էր հենց նիստերի դահլիճ ու պատրաստվում էր դնել քաղաքապետի սեղանին: Այն ժամանակ իշխանությունը ինչ-որ ռեպրեսիվ քայլեր չձեռնարկեց: Իսկ հիմա, երբ բողոքելով «թավշյա» քաղաքապետի անգործությունից նույն Սոնա Աղեկյանը, ի թիվս այլ քաղաքացիների, աղբ բերեցին քաղաքապետարանի դուռը, նրանց շատ կոպտորեն բերման ենթարկեցին, եւ ոստիկանությունը քրեական գործ հարուցեց` խուլիգանություն հոդվածով, քաշքշվելու պատճառով էլ ցուցարարները վնասվածքներ ստացան: Նաեւ տեսանյութեր կան, որոնք ցույց են տալիս ոստիկանների բավականին բռի վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հանդեպ, երբ նրանք որոշեցին երեւալ ի տես Դոնալդ Տուսկի հետ զբոսնող Նիկոլի: Երբ մոտակայքում լրագրող չկար պահվածքը շատ կոպիտ էր, իսկ լրագրողների ներկայությամբ փորձում էին իրենց քչից-շատից կիրթ պահել: Իսկ, օրինակ, նույն ոստիկանությունը մինչ օրս անօգնական է Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողին պատժելու հարցում: Բացարձակ անօգնական են տրանսգենդերների հանդեպ, ովքեր ոստիկաններին ծեծում են եւ հայհոյում, ուր քեֆները տա...
Հիմա արդեն ԼԳԲՏ-ները համարձակվում են վրա քշել այն պատգամավորներին, ովքեր դեմ են տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը: Լպիրշաբար անգամ սպառնում են նրանց վառել, պահանջում են հրաժարվել մանդատից, եւ այլն: 1990-ականների ՀՀՇ-ական բեսպրեդելի փոխարեն այժմ ունենք ԼԳԲՏ բեսպրեդել: Եվ բանը հասնում է նրան, որ, օրինակ, իշխող խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին սպառնում են, ճնշումների են ենթարկում, ինչպես ԼԳԲՏ-ները, այնպես էլ ՀԱԿ-ի կադրերը: Եվ դա նորություն չէ` լեւոնականները նրա դեմ տգեղագույն համացանցային հարձակումն սկսել էին դեռ այն ժամանակ, երբ այդ պատգամավորը հրապարակավ հայտարարել էր, որ Արցախի հարցում զիջումներ ու առավել եւս հող հանձնելը անընդունելի է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ