«5-6 ոլորտների համար մի նախարարը չի կարող ինքնուրույն քաղաքականություն մշակել» (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Շաբաթներ առաջ Հայաստանի որոշ մարզերում ու Երեւանում ֆորսմաժորային իրավիճակ էր, քանի որ մի քանի ժամով տեղի ունեցան համատարած հոսանքազրկումներ եւ հոսանքի տատանումներ: Հայտարարվեց, որ երկրի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, դրա հետեւանքով սկզբում անջատվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, ապա Երեւանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ: Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե էլեկտրաէներգիայի խափանման պատճառների վարկածները երկուսն են, երկուսն էլ` արտաքին, ներքին պատճառ չկա: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն քննություն է սկսել` պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի խափանման պատճառները: Թե ինչ հաջողվեց պարզել, այդպես էլ ձեն-ձուն չկա ո՛չ ԱԱԾ հետաքննությունից, ո՛չ էլ վարչապետի վարկածներից: Այդուհանդերձ, ինչ էր տեղի ունեցել իրականում, «Իրավունքը» պարզեց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ:
- Բնականաբար, վերջին փորձաքննության արդյունքներից տեղյակ չեմ, բայց խնդիրն իհարկե, կապված էր Իրանի Իսլամական Հանրապետությունում լարումների, տատանումների հետ: Ինչպես գիտեք, մեր համակարգն այս պահին գործող հզորությամբ` միացված է Իրանի համակարգին: Մենք Իրանից ստանում ենք գազ` մոտավորապես օրական 1.5 մլն խորանարդ մետր (նախկինում մեկ է եղել) եւ տալիս ենք էլեկտրաէներգիա` 1 խորանարդի դիմաց` 3 կվտ/Ժ: Այդ մեծ տատանումները հանգեցրին նրան, որ էլեկտրաէներգիա մատակարարող Հրազդանի ՋԵԿ-ը շարքից դուրս եկավ, քանի որ այդ պահին` հունիսի 1-ից ատոմակայանը կանգնած էր, ու դեֆիցիտ առաջացավ պահանջարկի եւ առաջարկի միջեւ: Իսկ եթե այդ դեֆիցիտն առաջանում է, պետք է անջատվի, որ վերականգնվի: Հետագայում Երեւանի ջերմային էլեկտրակայանը շարքից դուրս եկավ: Իհարկե, մի քանի ժամում այն վերականգնվեց, բայց սա խոսում է էներգետիկ անվտանգության խնդրի մասին: Ընդ որում` պետք է ասեմ, որ շարքից դուրս չեկան հատկապես փոքր ՀԵԿ-երը: Ամեն դեպքում, սա խոսում է այն մասին, որ մենք խնդիր ունենք այստեղ, եւ այստեղ դեռ քննարկելու հարցեր կան: Ի վերջո, ինչո՞ւ պետք է այդ տատանումները հանգեցնեին նման հետեւանքների, մենք կարգավորիչների, ապահովիչների համակարգ չունե՞նք, որը կհակազդեր դրան: Սրանք հարցեր են, որ պետք է հասկանանք: Եվ քանի որ այս ոլորտը համակարգող նախարարությունը եւս միավորված նախարարությունների կազմում է գտնվում, ինչը քննադատել ենք, հիմա էլ ասում եմ, որ 5-6 ոլորտների համար մի նախարարը չի կարող ինքնուրույն մշակել քաղաքականություն եւ կրել քաղաքական պատասխանատվություն: Ինչպես տեսաք, այդ ժամանակ համապատասխան փոխնախարարն էր հանդես գալիս: Սա բարդ բան է, ինչպե՞ս կարող ես 5-6 ոլորտի ծրագիր մշակել եւ ինքնուրույն կրել պատասխպանատվությունը, պետք մտնես այդ գործի մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.