Հերի՛ք է, լուծումները չպետք է լինեն տուժած ու տառապած ազգին տուգանելով ու ապրանքը բռնագրավելով. Մանրիկյան
Ներքաղաքական
Երեւանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել նոր օրինագիծ, որով փողոցում չթույլատրվող տեղերում վաճառվող ապրանքը կբռնագրավվի: Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը պարզաբանել է, որ քաղաքապետարանն օրինախախտներին զգուշացնում է, տուգանում, սակայն ժամեր անց առեւտրականները կրկին փողոց են դուրս գալիս: Փոխքաղաքապետն ընդգծել է, որ ապրանքի բռնագրավումը ծայրահեղ քայլ է, սակայն խնդրի լուծման միակ գործուն միջոցն է: Այս մտքի հետ համամիտ չէ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԸ: Նա «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ հարցը դեռ իրենց խմբակցությունում չեն քննարկել, բայց ինքը` որպես ավագանու անդամ, դեմ եմ նմանատիպ խստացնող օրինագծերի մշակմանը:
– Այս խնդրին անդրադարձել եմ դեռեւս ամիսներ առաջ: Այո՛, սա շատ լուրջ խնդիր է, որը տարիներ շարունակ ոչ մի քաղաքային իշխանության կողմից այդպես էլ վերջնական լուծում չի ստացել: Մի կողմից երկիրը գտնվում է հետպատերազմյան ծանր սոցիալական վիճակում եւ մարդկանց պետք է այս առեւտուրը, որ գոյատեւեն, հատկապես, որ նմանատիպ առեւտրի դեպքում` շատ ժամանակ բնակիչները մի քանի անգամ ավելի մատչելի գնով են մթերք գնում, քան, օրինակ, խանութներից ու սուպերմարկետներից: Բայց մյուս կողմից էլ այս առեւտուրը վտանգավոր է սանիտարական առումով: Օրինակ` արկղով ձուկն ամառվա այս շոգին դնել գետին եւ ծախելը, սխալ է, այն պետք է սառեցման հնարավորություն ունենա: Այստեղ լուծման տարբերակ մենք առաջարկել ենք, որ ստեղծվեն գեղեցիկ մինի տաղավարներ, որոնք կօգտագործվեն տվյալ մարդկանց կողմից` որպես վաճառասեղան, որով սանիտարական վիճակը կապահովեինք եւ կպաշտպանեինք: Մինչդեռ այն մոտեցումը, որը հիմա է առաջարկվում, թե մարդկանցից ապրանքը բռնագրավենք, ուղղակի, անընդունելի է: Իհարկե, պետք է պայքարել փողոցային առեւտրի դեմ, բայց` հերի՛ք է, լուծումները չպետք է լինեն տուժած ու տառապած ազգին տուգանելով ու ապրանքը բռնագրավելով: Ի դեպ, հիշեցնեմ, որ շրջիկ առեւտրի վերաբերյալ օրինագծի փոփոխությունը, որը կատարվեց վերջերս, ինչի համաձայն հատուկ վայրեր հատկացվեցին շրջիկ առեւտրի համար, հիմա այդքան էլ արդյունավետ չի գործում հիմա: Վերջիվերջո, պետք է հաշվի առնել զարգացած այլ երկրների մոտեցումները նման դեպքում ու ըստ դրա առաջնորդվել: Բնականաբար, փողոցային առեւտուրը վատ է նաեւ գեղագիտական առումով, տուրիստների համար էլ բացասական էֆեկտ է տալիս, բայց կարելի է այնպիսի լուծում ստանալ, որով բոլոր կողմերն էլ առնվազն շահող դուրս կգան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ