Մեր քաղաքական վերնախավի հոգեվիճակը շատ ծեծված է եւ անհարիր է իր գրաված դիրքին. Ավագյան
ՏեսանյութերԸստ ԽՍՀ–ից փախստականների համագումարի համակարգող, գիտությունների թեկնածու, դոցենտ ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԻ, այսօր արցախյան Փառուխի համար պետք է կռիվ տանք, Քարագլխի մասին չլռենք, որպեսզի այսօր Բերձորն ու Աղավնոն պաշտպանենք եւ սահմանազատման ու սահմանագծման խնդիրը, անկլավների հարցը թրքանպաստ չլուծենք: «Իրավունքի» այն դիտարկմանը, որ նման հայտարարությունները հայաստանյան իշխանությունը դիտարկում է ռեւանշիստական, մինչդեռ իրենք պատրաստվում են «խաղաղության դարաշրջան» բացել, Մ. Ավագյանը հակադարձեց՝ շեշտելով, որ ռեւանշ անում է ագրեսորը:
– Ի՞նչ է նշանակում «ռեւանշ»: Սումգայիթյան դեպքերի ժամանակ ասում էին, թե Կապանում հայերն են ինչ–որ ադրբեջանցիների վատ վերաբերվել: Անգամ Մոսկվայից եկավ հատուկ հանձնաժողով, եթե չեմ սխալվում, գեներալ–մայոր Ռեեւի գլխավորությամբ, նրանք քչփորեցին ու որեւէ դրվագ չգտան Կապանում, որը կարող էր Սումգայիթի դեպքերի առիթ տալ: Այսօր էլ այդ «ռեւանշ» տերմինն են մեր վզին փաթաթում եւ կեղծ նարատիվներ ստեղծում: Այս ամենը մի ամբողջական համակարգում պետք է դիտարկել, ի վերջո, մենք որեւէ տեղ չե՞նք դիմադրելու ու ասելու ենք՝ հանկարծ մեզ չմեղադրեն ռեւանշիզմի մե՞ջ: Իսկ ցեղասպանությունից ինչպե՞ս պաշտպանվենք: Այսպիսի պահվածքը նշանակում է, որ մեր քաղաքական վերնախավի հոգեվիճակը շատ ծեծված է, անհարիր է իր գրաված դիրքին կամ ընդհանրապես՝ քաղաքական վերնախավ կոչվելուն: Դրա համար էլ վախենում են ռեւանշիստ երեւալուց կամ ինչ–որ խաղաղության մասին են խոսում: Հիմա թուրքի նպատակը խաղաղությո՞ւնն է, ո՞ւմ են խաբում, աբսուրդ վիճակ է: Ինչ է, մտածում են, որ մենք էլի պետք է կրկին ու կրկիրն մորթվենք, որ խաղաղությո՞ւն լինի: Ո՞ւմ համար… Առանց հայերի՝ թուրքերին խաղաղություն կլինի: Այս 25 քառ. կմ–ն էլ տանք, անշուշտ, թուրքերի համար կլինի խաղաղություն` առանց հայերի: Բայց խոսքը մեր կենսատարածքը, գոյությունը եւ մեր հայրենիքն այս բեկորի վրա պահելու մասին է: Իսկ այդ բառախաղերը ինքնաբավարարման ինչ–որ մեթոդներ են եւ որեւէ հիմնավորում ու հենարան, անշուշտ, չունեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ