Ինչ որոշում են կայացրել «Հանրային Ձայն»-ի ավագանու անդամները
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը երեկ խմբակցության փակ նիստ էր հրավիրել: Թե արդյոք խմբակցությունը որեւէ որոշում կայացրել է «Հանրային Ձայն» կուսակցության շուրջ վերջին օրերին բարձրացված աղմուկի վերաբերյալ, «Իրավունք»-ը փորձեց պարզել ավագանու անդամներից: Ի պատասխան մեր հարցադրմանը` խմբակցության ավագանու անդամները հղում կատարեցին ուշ երեկոյան իրենց հրապարակած հայտարարության վրա:
«Հանրային Ձայն» խմբակցության անդամները չեն մասնակցել որեւէ նիստի կամ համագումարի, ինչպես նաեւ՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ կատարելուն վերաբերող որեւէ քննարկման։ Ինչից հետեւում է, որ ցանկացած որոշում կայացվել է առանց մեր ազատ կամքի եւ մոտեցման արտահայտման, ինչը ոչ միայն անընդունելի է բոլորիս համար, այլեւ` խիստ դատապարտելի», - ասված է խմբակցության հայտարարության մեջ:
Ըստ էության, խմբակցությունն անուղղակի իր անհամաձայնությունն է հայտնում կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նախաձեռնությամբ` «Հանրային Ձայն» կուսակցության ֆեյսբուքյան էջերից մեկով հրապարակված այն հայտարարությանը, թե իբրեւ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն այլեւս որեւիցե քաղաքական առնչություն չունի ո՛չ «Հանրային Ձայն» կուսակցության, ո՛չ կուսակցության Երեւանի ավագանիում գործող համանուն խմբակցության հետ: Իսկ թե արդյոք «Հանրային Ձայն» -ի ավագանու անդամները հունվարի 19-ին ներկա կլինեն Վարդան Ղուկասյանի հրավիրած համագումարին, դեռեւս չեն շտապում պատասխանել: