Փոխվել է մի բան` Հայաստանում իշխանության են եկել թուրք-ադրբեջանական գործակալները. Մինասյան
Ներքաղաքական
Կառավարության նիստի ժամանակ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «ունենք դեպքեր, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ զենք եւ ռազմամթերք մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»: Անդրադառնալով վերոնշյալին` ՀՀԿ ԳՄ անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ հիշեցրեց, որ 4 եւ ավել տարիներ առաջ Հայաստանը նույնիսկ անվճար էր ստանում Ռուսաստանից տասնյակ հազարավոր տոննա զենք եւ ռազմամթերք:
— Այդ դեպքում` ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն անգամ գումարով չի կարողանում զենք եւ ռազմամթերք ձեռք բերել: Ի՞նչ է փոխվել:
— Փոխվել է մի բան` Հայաստանում իշխանության են եկել թուրք-ադրբեջանական գործակալները: Սա է պատճառը, որ այսօր փողի առկայության պարագայում` զենք ու ռազմամթերք հնարավոր չէ ստանալ: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կառավարության նիստի ժամանակ եւս մի չափազանց մտահոգիչ արտահայտություն արեց: Նա ասաց, որ «պետք է նորից անդրադառնանք մտածողության այն բանաձեւերին, որոնցով առաջնորդվել ենք` որպես պետություն եւ որպես ժողովուրդ: Պետք է վերստուգենք այդ բանաձեւերը եւ համոզվենք դրանց կենսունակության մեջ: Եթե չհամոզվենք կենսունակության մեջ, ուրեմն` պետք է այդ բանաձեւերում անել որոշակի սրբագրումներ»: Հիշեցնեմ, թե ինչ էր ասում դեռ արցախյան 44-օրյա ողբերգական պատերազմից առաջ այն ժամանակվա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Այո՛, նա նույնն էր ասում, թե պետք է Հայաստանը ձերբազատվի «պատմական կարծրատիպերից», ինչին հաջորդեց հայտարարություն, թե Հայաստան-Սյունիք ճանապարհը դարձել է նարկոտրաֆիկի գոտի, եւ ցանկացած ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը կարող է փակվել: Ըստ էության, խոսքն այն պետության մասին էր, որը կենսական կարեւորություն ունի Սյունիքի գոյատեւման համար: Ու հիմա, երբ կրկին խոսում են հարաբերությունների «վերստուգումների» մասին, սա առաջին հերթին վերաբերում է մեր բարեկամներին` Իրանին եւ Ռուսաստանին: Այստեղ պատահական բան չկա, ոչ թե տգետների մի խմբավորման կողմից իրականացվող ավերածություն է, այլ թուրք-ադրբեջանական գործակալների պլանավորած, իրենց ուսուցիչների կողմից գլուխները խցկած գաղափարների իրականացումն է: Եվ այս պարագայում ակնհայտ է դառնում, որ այն բոլոր չարիքները, որոնք ուղեկցել են մեզ, դրանք եղել են մշակված ծրագրի դրսեւորումներ, որը դեռ իր ավարտին չի հասել:
— Պարոն Մինասյան, Ձեր գնահատմամբ` ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այս ամենը:
— Եթե հեռանանք մեր բարեկամներից ու ընկնենք այս գայթակղությունների գիրկը, հայտնվելու ենք ծուղակում, ուր հմտորեն տանում է մեզ այս իշխանությունը: Ընդ որում` սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը տեղափոխվում է էսկալացիայի նոր փուլ: Հիշեցնեմ, որ 4 մարզերում տեղի ունեցավ ինքնորոշման իրավունքի իրացում, որոնց ներառումը ՌԴ-ի մեջ նոր խնդիրներ են առաջացնելու կոնֆլիկտում: Արեւմուտքը ուժեղացնելու է իր ճնշումները, իսկ ՌԴ-ն պատասխանելու է` դիտարկելով այն ագրեսիա` իր տարածքի նկատմամբ: Ինչպես նշել է ՌԴ ղեկավարությունը, բոլոր միջոցներով պաշտպանվելու են, եւ խոսք կարող է լինել անգամ միջուկային զենքի կիրառման մասին: 10 օր անց այդ լարվածությունը կլինի այնպիսին, որ այսօրվա զարգացումները մեզ կթվան նախերգանք` խնդիրների դրսեւորման: Մենք մի անգամ ընկել ենք այդ ծուղակը, պետք է հասկանալ, որ արեւմտյան երկրների շահը հակառակ է մեր գործընկերների շահին եւ համընկնում է թուրք-ադրբեջանական շահերի հետ: