«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Մամուլի տեսություն«Իրավունք» թերթը գրում է. «Գրեթե մեկ շաբաթ է արդեն, ինչ ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի համաշխարհային դեպարտամենտում: «Իրավունք»-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ տարածք:
«Ինձ հետ էին նաեւ մի ֆրանսիացի պատգամավոր եւ բիզնեսմեն, բայց երբ ինքնաթիռը վայրեջք կատարեց, չգիտեմ, թե ինչ պատճառով իմ մուտքն արգելեցին: Ի՞նչ հիմքով, ոչինչ չեն ասում: Հետո ինձ փորձում էին ուղարկել հետ Փարիզ, չհամաձայնեցի, ինձ զոռով չեն կարող հետ ուղարկել: Ավելին՝ ամբողջ գիշեր այլ չվերթներով էին փորձում ինձ հետ ուղարկել, բայց ասել եմ, որ ես հետ գնացողը չեմ: Որքանով հասկանում եմ, սա կապված է Ոսկեպարի հետ, որպեսզի չգնամ այնտեղ եւ նկարահանումներ իրականացնեմ:
Ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, ո՞ւր մնացին լրագրողի իրավունքները: Եթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում»,-շեշտեց մի շարք առողջական խնդիրներ ունեցող Լեո Նիկոլյանը, ում վիճակն օր օրի վատթարանում է, քանի նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հ.Գ.- Ի դեպ, ստացվեցին լուրեր, որ ֆրանսահայ հեղինակավոր լրագրողի մուտքը փակելու համար Հայաստանում ֆրանսիական դեսպանն է «հատուկ խնդրանքով» դիմել հայաստանյան պատկան գերատեսչությանը: Պատճառը, ըստ աղբյուրի, այն բացահայտումներն է, որը Լ.Նիկոլյանը ժամանակին արել է դեսպանի հետ կապված: Դե այստեղ էլ, հանուն Մակրոնի հանդեպ ջերմ սիրո, իհարկե, նման «չնչին» հարցերում չէին մերժի: Միայն թե, պատշաճ հիմնավորում չեն կարողանում գտնել, եւ հիմա կարող են հայտնվել շատ լուրջ սկանդալի առաջ: Այսինքն, ֆրանցուզները հերթական անգամ նիկոլյան խունտայի «գլխին սարքեցին»: