Ո՞ւմ պատվիրով եւ ո՞ւր են տանում ՌԴ-ին հիմնական թշնամի համարող իշխանությունները եւ նմանատիպ հռետորաբանությամբ հանդես եկող «ընդդիմությունը». Ադամյան
Ներքաղաքական
«Հայաստանն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, խիստ սահմանափակ ռազմական ռեսուրս, բարոյալքված, պառակտված հասարակություն, անհասկանալի, թույլ, անմիաբան քաղաքական համակարգ:
Թուրքիա. բնակչությունը 85 միլիոն, տարածքով 25 անգամ Հայաստանից մեծ, բանակը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է: Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունի, բազմիցս արտահայտվել է տարածքային նկրտումների եւ իր պատկերացրած Հայաստանի մասին (տե՛ս Ալեքսանդրապոլի պայմանագիրը):
Ադրբեջանի մասին անիմաստ է խոսել, քանզի ամենամսյա հաճախականությամբ, ամենաբարձր մակարդակով (ընդհուպ նախագահ) խոսում են Արեւմտյան Ադրբեջանի մասին՝ նկատի ունենալով Հայաստանի տարածքը: Ռազմական պոտենցիալի մասին չխոսենք, մեր զինանոցների հաշվին էլ են զինվում:
Վրաստանը 2020-ին փակել էր ճանապարհը Հայաստան եկող զինտեխնիկայի համար:
Իրան. Իրանը Հայաստանի նկատմամբ ունի բարեկամական վերաբերմունք, եթե հակարեւմտյան քաղաքական կուրսի մեջ է Հայաստանը, թշնամական, եթե պրոարեւմտյան կուրսի մեջ է:
Շատ վաղուց ՀՀ իշխանությունները խոսում են Ռուսաստանի վատ դաշնակից լինելու մասին, իսկ վերջին ամիսներին Ռուսաստանին սարքել են միակ թշնամի:
Հիմա հարց. ո՞ւմ պատվիրով եւ ո՞ւր են տանում Ռուսաստանին հիմնական թշնամի համարող իշխանությունները եւ նմանատիպ հռետորաբանությամբ հանդես եկող «ընդդիմությունը», - գրել է քաղաքագետ ԱԶԱԴ ԱԴԱՄՅԱՆԸ: