Կին քաղբանտարկյալ, 11 եւ 7 տարեկան երեխաների մայր, պատերազմի նահատակի քույր, արցախցի, որ 2 ամիս կալանավորվել է ֆեսբուքյան հրապարակման համար. Վարդանյանը՝ Տաթեւ Արցախի մասին
Ներքաղաքական«Կին քաղբանտարկյալ, 11 եւ 7 տարեկան երեխաների մայր, պատերազմի նահատակի քույր, արցախցի, որ 2 ամիս կալանավորվել է ֆեսբուքյան հրապարակման համար: Տաթեւին տեսակցություններն արգելված են, բացարձակ անօրինականության պայմաններում նրա փաստաբան Արսեն Բաբայանը փորձում է պաշտպանել Տաթեւի իրավունքները: Իսկ դուք գիտե՞ք որեւէ մեկին, որ պատասխանատվության է ենթարկվել արցախի հայերի նկատմամբ ազգամիջյան ատելություն սերմանելու պատճառով: Իհարկե՝ ոչ, որովհետեւ ներազգային թշնամանքի սերմանումը հիմա պետական քաղաքականություն է Հայաստանում», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
Պատգամավորը նաեւ հիշեցրել է, որ վերջին ցույցերի հետեւանքով այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են՝ 20 օրից մինչեւ 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են: Ավելի վաղ ապօրինի կալանավորվել են քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր ամիսներ շարունակ գտնվում են անազատության մեջ:
«Այս մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղված են նվիրյալ փաստաբանները եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները», - ընդգծել է պատգամավորը: