Ինչու էր սիրիացի կինը երեխայի հետ որոշել ցած նետվել «Հաղթանակ» զբոսայգու բարձունքից
ՏեսանյութերՀայն ու ռուսը փրկեցին սիրիացուն, եւ սա բոլորովին էլ ֆանտաստիկ ֆիլմի անոնս չէ: «Հաղթանակ» զբոսայգում երեկ տեղի ունեցածը ցնցել էր ականատեսներին: Սիրիացի կինը երեխայի հետ որոշել էր ինքնասպանություն գործել` նետվելով բարձունքից, եւ եթե չլիներ մոտակայքում հեռադիտակով նայող ռուս զբոսաշրջիկը, այս պատմությունը կավարտվեր ողբերգությամբ:
Մինչ կժամաներ ոստիկանությունը` դեպքի վայրում տեղի ունեցածի մասին «Իրավունք»-ը բացառիկ մանրամասներ պարզեց ռուս զբոսաշրջիկ ՍԱՇԱ ՇԱՐԻՊՈՎԻՑ, որը Երեւան է եկել Սանկտ Պետերբուրգից:
«Ընկերուհուս հետ նկատեցինք, որ այդ կինը հեռախոսով է խոսում, հետո պայուսակն ու հեռախոսը մի կողմ գցեց ու անցավ արգելապատնեշը, ոտքերը կտրվել էին հողից: Միանգամից մոտեցա ու գրկեցի: Հետաքրքիր է, որ մինչեւ վերջին պահը պինդ գրկել էր երեխային: Նախ փորձեցինք երեխային դուրս բերել, հետո` նրան: Իսկ հեռախոսից լսվում էր ինչ-որ տղամարդու ձայն», - պատմեց Շարիպովը:
Ավելի ուշ սիրիացի կնոջը մոտեցավ նաեւ «Մայր Հայաստան» հուշակաթողի մոտ ակցիա իրականացնող ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Նա համոզեց սիրիացուն հետ կանգնել իր որոշումից եւ սպասել` մինչեւ կմոտենան ոստիկանները:
Ի դեպ, սիրիացի կինը, որը խոսում էր արաբերեն, մեզ ցույց տվեց այն թուղթը, ինչը, ըստ էության, դարձել էր ինքնասպանության փորձ կատարելու պատճառը: Թուղթը ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Ապաստանի հարցերի եւ իրավական ապահովման բաժնի պետ ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ պատասխանն էր` ուղղված վերոնշյալ տիկնոջ ամուսնուն` Ամիրին:
«Հայտնում ենք, որ ներկայումս «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում հատկացման ենթակա ազատ սենյակներ չկան: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 22.08.2023 թ. Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից ընդունվել է որոշում` Ձեզ եւ Ձեր ընտանիքի անդամներին ՀՀ-ում փախստական չճանաչելու եւ ապաստանի տրամադրում չհատկացնելու մասին, ուստի` Ձեզ դրամական օգնություն տրամադրվել չի կարող», - ասված էր Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գրավոր պատասխանում:
Ինչ է լինելու սիրիացի ընտանիքի ճակատագիրը դեռ պարզ չէ: Ամեն դեպքում, ահազանգից 25 րոպե անց ոստիկանությունը եկավ եւ տարավ զբոսայգուց սիրիացի կնոջն ու երեխային: Ինքնասպանությունը կանխվեց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ