ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած «Երևանի թքող տղա» ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ զարմանալիորեն նորեց թքեց դավաճանված Արցախի վրա: Նա կարծում է, որ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը. «Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ այստեղ պետականության ինստիտուտներ պահելու և զարգացնելու նպատակ ես չեմ տեսնում, համարում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ուղիղ սպառնալիք է և հարված։ Կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել»: Բայց մի՞թե ազգային անվտանգությանն ավելի մեծ սպառնալիք կա, քան կապիտուլյանտական ամբողջ խունտան` մեծով ու փոքրով, այդ թվում` Ալենով: Ինչպես իրավամբ հիշեցնում է Մարգարիտ Եսայանը. «Ոմն Սիմոնյան Ալեն այսօր լրագրողների մոտ այսպես է բարբաջել, երկրորդելով պուճուրիկ մի մարդու, ով նույնն ասել էր մի քանի շաբաթ առաջ․ «Արցախում պետականություն ստեղծելու կամ այստեղ պետականության ինչ–որ ինստիտուտներ պահելու կամ զարգացնելու նպատակ ես չեմ տեսնում: Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանը ուղիղ սպառնալիք է և հարված» (Տխրահռչակ «կլասիկ» Էդմոնը–խմբ.)։ Հայտնի խոսք կա, գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»:
Իսկ կապիտուլյանտը կեղտոտագույն ձևով նորից դրսևորեց իր արցախատյացությունը` այս անգամ զարմանալիորեն ձգելով մինչև 1996–ը և թիրախավորելով հոգևոր հայրիկ ԼՏՊ–ին. «Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո։ Եվ նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի կոնսենսուս մինուս մեկին (ընդ որում, մինուս մեկը Հայաստանն էր) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում եւ ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է, եւ մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մեկ նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել՝ Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար...»։ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ մանրամասն պատասխանել է, սակայն մեջբերենք ընդամենը այսքանը. «Նիկոլ Փաշինյանը այսուհետեւ զբաղված է միայն մեկ գործով` իր վրայից մաքրել Արցախի կորստի եւ Հայաստանի անկախության վտանգման համար իր մեղավորությունը եւ պատասխանատվությունը: Եթե դրա համար պետք է կեղծել պատմական ճշմարտությունը, Նիկոլ Փաշինյանը մեկ վայրկյան անգամ չի վարանելու...»:
ԱՄՆ ՍԵՆԱՏՆ ընդունել է բանաձև, որով արգելվում է ԱՄՆ–ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Օրինագիծը նախագահին արգելում է առաջիկա երկու տարում հրաժարվել Ազատության աջակցության ակտի 907–րդ հոդվածից, որը ԱՄՆ կառավարությանն արգելել է Ադրբեջանի կառավարությանն ուղիղ օժանդակություն ցուցաբերել։ Ամերիկացի սենատոր Գարի Փիթերսը օրինագիծը ներկայացրել էր 2023 թվականի սեպտեմբերի 29–ին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի հարձակումների. «Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին...»: Իհարկե, շնորհալություն սենատոր Գարի Փիթերսին, սակայն դա Ադրբեջանի զենքի չնչին մասն է: Զարմանալի է, ԱՄՆ–ին «слабо՛» ստիպել Իսրայելին, որ չզինի մազութային տեռորիստներին...
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ