ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք«Կլասիկ» ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ այն զարմանալի կադրերից է, որ ավելի լավ է ընդհանրապես լռի, հատկապես` ողբերգական իրադարձություններից հետո: «Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայող է մահացու վիրավորում ստացել»,– այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ խաղաղության ադրբեջանական ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի «մեր» ընկալումից։ Ձեր կապիտուլյանտական թիմի դեպքում «փոքր–ինչ» է տարբերվում, իսկ նորմալ մարդիկ, ի տարբերություն ՔՊ–ի, հասկանում են, որ արյունարբու ոսոխի հետ խաղաղությունից խոսելը առնվազն մահացու մոլորություն է: «Խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր միջազգային գործընկերները պետք է միանշանակ դատապարտեն բանակցություններից խուսափելու և սահմանին նոր սպանություններ նախաձեռնելու Ադրբեջանի վերջին գործողությունները, ինչը խաթարում է խաղաղության ամբողջ գործընթացը»,– գրել է Մարուքյանը։ Զարմանալի է, «միջազգային գործընկերների» թղթերո՞վ պիտի պաշտպանվի երկիրը` բանակի փոխարեն, «միջազգային գործընկերնե՞րն» են մեղավոր, որ երեք տարվա ընթացքում բանակը կարգի չեք բերել և սահմանային ամրություններ չեք կառուցել:
Հակակոռուպցիոն դատարանում էլ տեղի ունեցավ Վանաձորի նախկին քաղաքապետ, քաղբանտարկյալ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ գործով հերթական դատական նիստը։ Իր ելույթում նա անդրադարձավ իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներին, ինչի արդյունքում կալանքի տակ է։ Նա իր ելույթում մատնանշեց, որ այսօր քաղաքականությունը որոշում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և զարմանալիորեն. «Եթե «պայմանագիր» բառը հանենք, տակը կմնա՝ «Ք»։ Այսօր ՀՀ–ում մենք միայն «Ք1» ենք նայում։ Արձանագրվել են մեծ տեկտոնական աշխարհաքաղաքական շարժեր, որոնք բերել են ՀՀ–ի միջազգային վարկանիշի բարձրացմանն ու մեր հանրապետությունը սովետի ոճով համարվել է կարմիր դրոշի «ժողովրդավարության բաստիոն»։ Եվ այս «բաստիոնում» ցույց են տալիս մի վարչատարածքային քարտեզ, որում մենք մասնակցում ենք ընտրությունների կամ ընտրական «փառատոների», և վերջում պարզվում է, որ «խաղը ծախված էր»,– իր ելույթում նշեց Ասլանյանը։ Դե եթե պատերազմն են սրանք «ծախված խաղ» սարքում, ընտրությունն ի՞նչ է, որ չսարքեն:
Ալավերդիում էլ ՔՊ–ական բանդաներն այնպիսի «բեսպրեդել» սարքեցին, որ զարմանալիորեն վրդովվեց անգամ սորոսական ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ: «Մեր թիմը պատրաստվում է դատախազություն ներկայացնել հանցագործության մասին հաղորդում՝ կապված այն փաստի հետ, որ Ալավերդիի՝ փաստացի գործող քաղաքապետին թույլ չեն տվել մասնակցել ավագանու նիստին»,– ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Ինչ վերաբերում է Ալավերդիի ավագանու անդամներից մեկի՝ խմբակցությունից դուրս գալուն, քաղաքապետին անվստահություն հայտնելուն, նոր քաղաքապետ ընտրելուն, համայնքապետարանի շենքում տեղի ունեցած քաշքշուկին, հնչած հայտարարություններին, ապա Իոաննիսյանի խոսքով, դրանք դեռ ուսումնասիրման փուլում են։ «Մյուս հարցերն ուսումնասիրվում են, ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ, կհայտնենք կարծիք»,– ասաց նա։ Դե ուսումնասիրեք, ուսամնասիրեք, մինչև ուսումնասիրեք, բանը բանից անցած կլինի: Դե արի ու մի ասա` բա «Սերժի վախտ» ինչո՞ւ էիք շատ արագ արձագանքում, ինչո՞ւ երկար «ուսումնասիրություններ» չէիք անում, ա՛յ սուտ իրավապաշտպաններ:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ