Հարցականի տակ են դրվում երրորդ հանրապետության ակունքներում գտնվող իրավական ակտերը. Մելոյան
ՆերքաղաքականԻշխանության առաջ քաշած Սահմանադրության փոփոխության հարցում, ըստ սահմանադրագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ, միակ շոշափելի փաստն այն է, որ սա թշնամի պետության ղեկավարի պահանջն է, որը նա 2021 թվականից բացահատորեն հրապարակային ելույթներում ներկայացրել է:
— Իշխանությունը պաշտոնապես տվել է արցախյան հիմնահարցի իրավական հիմքերը վերացնելու մեկնարկը: Փորձ է արվում իրավական հենասյուներից, որը մեր սերունդները, եթե հաջողվի հետագայում արցախյան հարցի շրջանակներում օգտագործեն եւ հղում կատարեն, իրավական եղանակով ձերբազատվել: Եթե Հայաստանը հրաժարվում է Սահմանադրության նախաբանից, դրանով հարցականի տակ են դրվում Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում գտնվող իրավական ակտերը: Իշխանությունը պաշտոնապես տվել է արցախյան հիմնահարցի իրավական հիմքերը վերացնելու մեկնարկը: Ընդ որում` օրակարգ է դարձել ոչ թե սահմանադրական փոփոխությունը, այլ նոր սահմանադրության ընդունումը: Սահմանադրական փոփոխության դեպքում կարող էին ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրել Սահմանադրության տեքստը, բայց իրենք սահմանափակված էին անփոփոխելի դրույթներով։ Այդ դրույթներն են՝ Սահմանադրության նախաբանը, 1-ին, 2-րդ, 3-րդ, 203-րդ հոդվածները։ Այսինքն, մենք կարող ենք այս տեխնիկական նրբությունից հետեւություն անել, որ թիրախում գտնվում են մեր Սահմանադրության հիմնարար դրույթները, ինչը նաեւ չեն թաքցրել իշխող ուժի ներկայացուցիչները: