Ավստրալիայում Զարեհ Սինանյանի ուղղությամբ շշեր են նետել
ՆերքաղաքականՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆՆ առաջին անգամ աշխատանքային այցով գտնվում է Ավստրալիայում: Եվ որքան էլ վերջինս փորձում է պաշտոնական հաղորդագրություններով ներկայացնել, թե իբր իր այցելությամբ ոգեւորված են Սփյուռքում, պարզվում է՝ իրականությունը բոլորովին այլ է, եթե չասենք, որ հուզիչ է անձամբ Սինանյանի համար:
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին Զարեհ Սինանյանը Ավստրալիայում բնակվող Սիմոնյան ընտանիքի կողմից հրավիրված է եղել փակ հանդիպման, որին ներկա են եղել սահմանափակ թվով մարդիկ՝ մոտ 50-60 հոգի: Եվ հանկարծ հանդիպման ժամանակ մի խումբ հայ երիտասարդներ անսպասելի մտել են հանդիպման վայր, վանկարկել «դավաճան», «հողատու» եւ շշեր են նետել վերջինիս ուղղությամբ:
Ասում են՝ Սինանյանն իր հին սովորության համաձայն, անվտանգության աշխատակիցներ է կանչել եւ բողոքել հայ երիտասարդների դեմ: Նրա բողոքի հիման վրա մի քանի հոգի ձերբակալվել են, հարցաքննվել, սակայն, երիտասարդներին հաջողվել է տապալել հանդիպումը: Մեզ հասած լուրերի համաձայն, Ավստրալիայի ոստիկանությունը երիտասարդների հեռախոսները վերցրել է եւ ջնջել արված տեսանյութերն ու լուսանկարները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ