Խոտանել խեղաթյուրված դասագիրքը. «Հայոց պատմություն» ապազգային դասագրքի մերժմանն ուղղված քայլեր կձեռնարկվեն
Հասարակություն«Հայաստանի Հայկական Ժողովրդային Շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը, «ԿԱՄՔ» նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, հասարակական գործիչներ Նարե Նավասարդյանը, Արման Մխիթարյանը, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը նախորդ շաբաթ խորհրդակցություն էին անցկացրել՝ քննարկելու ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ապազգային բովանդակությամբ դասագրքի մերժմանն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու միջոցառումները։
Ազգային այս կարեւոր խնդրի վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելու համար հունվարի 24-ին՝ չորեքշաբթի, ժամը՝ 14:00-ին, Երեւանի Թեքեյան Կենտրոնի սրահում (հասցե՝ Խանջյան 50) տեղի կունենա հանդիպում:
Կլոր սեղանին ելույթներով կմասնակցեն Կարո Վարդանյանը («Պատմության խեղաթյուրումը՝ որպես ազգային անվտանգությանն սպառնացող վտանգ»), Կարինե Նալչաջյանը («Պղծված դասագրքի հոգեբանական որոգայթները») եւ Կարին Տոնոյանը («Պատմության խեղաթյուրման ազդեցությունը ապագա սերունդների վրա»):
Ողջյունի խոսքով հանդես կգան փաստաբան Արա Զոհրաբյանը եւ ուրիշներ: Կլոր սեղանը կվարի Հակոբ Ավետիքյանը: Հանդիպման ավարտին նախաձեռնող մարմինը կհայտարարի առաջիկա գործողությունների ծրագիրը:
Հանդիպմանը հրավիրված են այս հիմնախնդիրով մտահոգ մարդիկ: