«ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՄԱՍՆԱԿՑԵՑԻ ՈՒ ՀԱՂԹԵՑԻ». ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՍպորտՕրերս Եգիպտոսում կայացած Ուժային եռամարտի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ մեր երկրի մարզիկները հաջող են հանդես եկել, նվաճելով 3 ոսկե և 1 արծաթե մեդալ։ Ոսկե մեդալ են նվաճել ԱՐԹՈՒՐ, ԱՐՏԱՎԱԶԴ, ՍՈՒՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԵՐԸ, իսկ արծաթե մեդալի արժանացել է ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
Iravunk. com - ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել Հայաստանի բազմակի չեմպիոն /7 անգամ /, Եվրոպայի բացարձակ չեմպիոն, Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ու արդեն Աշխարհի գավաթակիր, 37-ամյա ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարն ու հաղթանակը. «Հանդես եկա 110 կգ քաշային կարգում։ Կատարել եմ Ուժային եռամարտի բոլոր երեք վարժությունները. Կքանիստ վարժությունը 230 կգ, պառկած սեղմում հենարանից 165 կգ և պոկում 250 կգ։ Միջազգային այս մրցաշարին մասնակցում էին 15 երկրների ավելի քան 400 ուժեղագույն մարզիկներ, մրցակիցներս հիմնականում տեղացի եգիպտացի մարզիկներ էին։ Հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր անմահացած հերոսներին ու այժմ ծառայող զինվորներին։ Երկու տարվա դադարից հետո մասնակցեցի ու հաղթեցի, ինչը շատ պարտավորեցնող է»։
- Արթուր, հետաքրքիր է, թե ինչ է իրենից ներկայացնում ուժային եռամարտը, մեր երկրում զարգացած մարզաձև է։
- Ուժային եռամարտը մի այնպիսի մարզաձև է, որը տարբերվում է բոլոր մարզաձևերից իր աննկարագրելի ծանր կիլոգրամներով։ Եռամարտի մի օրվա մարզումը մարզիկից խլում է ամբողջ էներգիայի գրեթե 80 տոկոսը։ Վերականգնվելու համար պետք է 35 օր։ Իր մեջ ներառում է 3 տարբեր վարժություններ, դրանք են կքանիստ, պառկած սեղմում հենարանից և պոկում գետնից մինչև գոտկատեղ։ Այո, բավականին զարգացած մարզաձև է մեր երկրում։
- Շնորհակալություն, Արթուր, մեզ ժամանակ տրամադրելու համար, սպասենք հաջորդ հաղթանակիդ ։
֊ Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեությունՁեր թերթին ։ Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ