Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում կրկին նոր խոստումներ է տվել` դրա դիմաց որեւէ բան չստանալու ակնկալիքով. Համբարյան
ՆերքաղաքականՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում տեղի ունեցավ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:
«ԿԱՊԻՏՈՒԼԱՑՎԱԾ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՈՉ ՈՔ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԻ ԴՆՈՒՄ»
— Մյունխենյան հանդիպումից հետո` ի՞նչ արդյունք ակնկալել, թե՞ դրանք կլինեն միայն Ադրբեջանի համար եւ ոչ հօգուտ Հայաստանի:
— Ադրբեջանի նախագահը, նախ չմոռանանք, որ Մյունխեն այցից հետո շատ արագ այցելել է Անկարա, բացի այդ, հանդիպումից հետո բավականին լավ տրամադրությամբ էր դուրս եկել Մյունխենից: Ալիեւը ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ հանդիպման արդյունքներից գոհ է, իսկ Ալիեւի գոհ լինելն աղետ է հայ ժողովրդի ու Հայաստանի համար: Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում կրկին նոր խոստումներ է տվել` դրա դիմաց որեւէ բան չստանալու ակնկալիքով: Ադրբեջանը չէր կարող բարձր մակարդակով իր գոհունակությունը հայտնել, եթե, իրոք, Ալիեւը չհասկանար եւ չհավատար, որ ինքը իր ուզածին հասնելու է: Պատերազմից հետո, վերջին երեք տարիների ընթացքում, ապացուցվել է, որ Հայաստանի պարտված ղեկավարությունը չի կարող հավասարը հավասարի հետ բանակցել իրեն պարտության մատնած ղեկավարի հետ եւ չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել հայ ժողովրդին: Մյունխենում Նիկոլ Փաշինյանը եվրոպացիների անմիջական հովանավորության ներքո, համոզված եմ, որ բանակցություններ վարելով Ալիեւի հետ, նորանոր աղետներ է բերելու հայ ժողովրդին, ինչպես դա եղավ 2022թ.-ին հոկտեմբերի 6-ից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ եվրոպացի հայտնի գործիչ Շարլ Միշելի անմիջական քավորությամբ` ստորագրվեց Պրահայի փաստաթուղթը, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ամբողջ Արցախը հայաթափված վիճակում, որպես բոնուս, սկուտեղի վրա նվիրեց Ադրբեջանին` դրա դիմաց չստանալով որեւէ բան: Պաշտոնական Բաքուն պարզ հասկացրեց, որ հայ-ադրբեջանական սահման` որպես այդպիսին, չկա, եւ հայ-ադրբեջանական սահմանը ինքն է գծելու հրով ու թրով, այնպես, ինչպես որ կցանկանա:
— Մյունխենահայության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի գործընկերը չէ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս աստիճան «ուկրաինամետությունը»:
— Շատ ծիծաղելի է, որ այս անձը մինչեւ հիմա չի հասկանում, որ ինքը չի կարող հազարամյակներով ընդունված օրենքները փոփոխել: Այս անձը մտածում է, որ երբ որ իրեն դիմավորում են, ժպտում են երեսին, ուրեմն` իր հետ բանակցում են հավասարը հավասարի հետ: Ինքը մոռանում է, որ նախ կապիտուլյանտ է, ցավով եմ նշում, բայց կապիտուլացված Հայաստանի ղեկավարն է, իսկ կապիտուլացված երկիրը որեւէ ձեւաչափով ինչ-որ բանի վրա չի կարող ազդել: ՀՀ-ն անգամ չի կարող իրեն վերաբերող գործընթացների վրա ազդել: Ավելին ասեմ, մենք այսօր ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ ենք, այլ` բանակցությունների սեղանի վրա: Մեր հարցերը Թուրքիան ու Մոսկվան իրար հետ են քննարկում, Թուրքիան ու Վաշինգտոնը իրար հետ են քննարկում, Բրյուսելն ու Բաքուն իրար հետ են քննարկում, Թեհրանն ու Մոսկվան իրար հետ են քննարկում, Թեհրանն ու Բաքուն իրար հետ են քննարկում, նկատեցի՞ք, որ Երեւանն այստեղ չկար, որովհետեւ չէր էլ կարող լիներ,կապիտուլացված ղեկավարին ոչ ոք բանի տեղ չի դնում, ավելին` արհամարհում են: Մարդը կամ իրականում չի հասկանում, որ ինքը ով է իրականում, կամ ինքը փորձում է իր գեղցի ճարպկությամբ ցույց տալ, թե հզոր է, որովհետեւ այդ ապուշությանը հավատում են նիկոլականը, ժեխն ու փթիրը: Պարզվեց, որ, ըստ Նիկոլի, ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է, մենք էլ պետք է դա հաշվի առնենք, շնորհակալության հարց կա, Ուկրաինայում հայերը ինչպե՞ս են իրենց զգացել, լավ են զգացել, մենք հո երախտամոռ չենք, չենք կարող սա մոռանալ: Նախ Ռուսաստանի Դաշնությունում, ոչ պաշտոնական տվյալներով ապրում է 3.5 մլնից ավելի հայ, Ուկրաինայում՝ 150-ից 200 հազար հայ: Մինչ ռուս-ուկրաինական պատերազմը այնտեղ ապրել է մոտ 400 հազար մարդ: Հիմա հետաքրքիր է, ուկրաինացի ժողովուրդը լա՞վ է ընդունել հայերին, ռուսները լավ չե՞ն ընդունել: Մենք ռուսներին շնորհակալություն չպե՞տք է հայտնենք, մեր երախտամոռությո՞ւնը պետք է ցույց տանք ռուսներին, ըստ Նիկոլի, ովքեր 3.5 մլն հայ են ընդունել: Ռուսաստանում տարածաշրջաններ կան, որտեղ հայերը ավելի լավ են ապրում, քան ռուսները, օրինակ՝ Կրասնոդար, Սոչի, հեռավոր արեւելյան տարածքներ: Նիկոլը չի՞ հասկանում, որ իր այս մեկ արտահայտությամբ կարող է հայերին այն նույն կարգավիճակի մեջ դնել, ինչ եղավ 2008թ.-ի օգոստոսի 8-ից հետո վրացիների հետ, որոնք Ռուսաստանում կորցրին գրեթե ամեն ինչ, ո՞վ տուժեց դրանից, Ռուսաստա՞նը, իհարկե` ոչ:
«ԿԱ՛Մ ԱՆԳՐԱԳԵՏ Է, ԿԱ՛Մ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅԼԱՍԵՐՎԱԾ Է»
— Հետաքրքիր է, ի՞նչ փաստերի հիման վրա է Նիկոլ Փաշինյանը ուկրաինացիներին որակում` որպես հայ ժողովրդի բարեկամ:
— Այսպիսի արտահայտություն կարող է անել կա՛մ անգրագետ անձնավորությունը, որն ընդհանրապես չգիտի 1991թ.-ից հետո հայ-ուկրաինական հարաբերությունների մանրամասները, կա՛մ դիվանագիտական այլասերված է: 1991թ.-ից ի վեր պաշտոնական Կիեւը բոլոր հարթակներում վարել է հակահայկական քաղաքականություն: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ուկրաինան ոչ միայն դիվանագիտական մակարդակով է աջակցել պաշտոնական Բաքվին, այլեւ Ուկրաինան արցախյան առաջին պատերազմի ժամանակ Բաքվին մատակարարել է ահռելի քանակությամբ զենք, զինամթերք, առաջին արցախյան պատերազմին մասնակցել են ուկրաինական ազգայնական «Ունա ուսո» ահաբեկչական կազմակերպության զինյալները, Արցախի եւ Հայաստանի բնակավայրերը ռմբակոծում էին ուկրաինացի ռազմական օդաչուները:Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ամերիկյան սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մենենդեսի հայտարարության համաձայն` Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆոր, որը օգտագործվել է մեր զինվորների ու խաղաղ բնակչության դեմ: 2020թ.-ի նոյեմբերի 9-ից ի վեր պաշտոնական Կիեւը ուղղակիորեն մրցակցում է Անկարայի հետ, թե որը ավելի շուտ կշնորհավորի Բաքվին 44-օրյա պատերազմում Բաքվի տարած հաղթանակի կապակցությամբ, թե որի շնորհավորական ուղերձն ավելի ադրբեջանամետ կլինի: 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո հայ-ադրբեջանական բոլոր լոկալ բախումների ժամանակ Կիեւը եղել է Բաքվի կողքին: Հիմա հարց, այս ամեն ինչից հետո` ինչպե՞ս կարելի է մի հարց հորջորջել եւ դրա վերաբերյալ հակահայաստանյան դատողություններ առաջ տանել` շատ լավ իմանալով, որ ուկրաինական թեման Ռուսաստանում ցավոտ թեմա է, եւ դրան ի հակակշիռ Մոսկվան կարող է շատ վատ ձեւով արձագանքնել պաշտոնական Երեւանին: Ամեն դեպքում, այստեղ տուժողը Ռուսաստանը չի լինելու:
— Մյունխենյան հանդիպումից հետո հայտարարեցին, որ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով կլինի հանդիպում, բայց թե որտե՞ղ կամ ո՞ւմ միջնորդությամբ՝ հայտնի չէ: Ըստ Ձեզ` այդ հանդիպման համար միջնորդներ կլինե՞ն, թե, ինչպես Ալիեւը հայտնեց, իրեն միջնորդներ պետք չեն:
— Այո, Ալիեւը եվրոպացիների միջոցով, կոնկրետ Ֆրանսիայի ու Եվրամիության անմիջական քավորությամբ` Հայաստանից ստացավ Արցախը: Հիմա ռուսների միջոցով փորձում է պահպանել ստատուս քվոն, բայց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պարագայում Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի որեւէ միջնորդ կամ երաշխավոր պայմանագրի մեջ իր ստորագրությունը չդնի: Ադրբեջանին բացարձակ միջնորդներ պետք չեն, որովհետեւ ինքն ունի հեռավար ծրագրեր Հայաստանի հետ կապված, իսկ ծրագիրը հետեւյալն է` Հայաստանի Հանրապետությունը պետք է կործանվի, իսկ հայերը պետք է դառնան քոչվոր: Միջնորդի առկայության դեպքում, եթե վաղը մյուս օր, Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, այդ միջնորդը գոնե իր անունը պատիվը պահելու համար պարտավորված է լինելու Ադրբեջանից պահանջելու բացատրություն, իսկ քանի որ միջնորդ չկա, Ադրբեջանը թքած ունի ե՛ւ Նիկոլի, ե՛ւ պարտված Հայաստանի ե՛ւ հայ ժողովրդի վրա: Ինքը հիմա Նիկոլին պարտադրելու է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որը ինքն անընդհատ խախտելու է, իսկ քանի որ չկա միջնորդ, ապա Ադրբեջանը այդ պայմանագիրը զուգարանի թղթի նման պատռելու է գցելու մի կողմ: Ադրբեջանի բռնապետը անընդհատ իր հարցազրույցներում նշում է, որ եթե մինչեւ 2021թ.-ի Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ԱԺ ընտրություններն ինքը համաձայնեց, որ Նիկոլն է պարտություն կրել, ապա 2021թ.-ի ամռանը տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` հայ ժողովուրդն է պարտություն կրել: Ինքը ճիշտ է մեկնաբանում, ասում է` եթե հայ ժողովրդին անհարմար էր կապիտուլացված ժողովրդի կեցվածքը, ապա չէր ընտրի Նիկոլին, իսկ եթե ընտրել է Նիկոլին, ուրեմն` համաձայն է, որ պարտված է, կապիտուլացված է, բոլոր իմ պարտադրանքները անելու է եւ ինքն ավելին է անելու, քան արել է:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ