Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում
ՎերլուծությունԵրբ Նիկոլը եւ իր ոհմակը, հայկական բնակավայրերն ու տարածքները ներկայացնելով ադրբեջանական, հասարակությանը վախեցնելու եւ նրա դիմադրության կամքը կոտրելու նպատակով ասում են, որ դրանք Ադրբեջանին չտալու դեպքում, Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, սպասվող պատերազմի առումով թերեւս ճշմարտությունն են ներկայացնում, սակայն թաքցնում են մեկ այլ ճշմարտություն՝ խնդրո առարկա բնակավայրերը, տարածքները հանձնելու դեպքում մեզ նույնպես պատերազմ է սպասվում, ընդ որում` Հայաստանի համար ավելի վատ պայմաններում:
ԻՍԿ ՄԵԶ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ…
Եթե այժմ Ադրբեջանի պահանջած 4 բնակավայրն ու դրանց տարածքները չհանձնելու դեպքում պատերազմի հավանականությունը շուրջ 90 տոկոս է, ապա դրանք հանձնելու դեպքում արդեն՝ 100 տոկոս: Ինչո՞ւ…
Բացատրենք. իրեն խնդրո առարկա բնակավայրերի ու դրանց տարածքների հանձնմամբ ռազմավարական նշանակության բարձունքներին տիրելուց, այդ տարածքներով անցնող Ռուսաստան-Հայաստան գազամուղի, Վրաստան-Հայաստան ճանապարհի, Բերքաբերի (Ջողազի) ջրամբարի նկատմամբ վերահսկողություն ձեռքբերելուց, այսինքն՝ Հայաստանն իր բռի մեջ առնելուց հետո, Ադրբեջանի համար դյուրին կդառնա Հայաստանին ծնկի բերելը: Թշնամու համար հեշտ, արագ ու հաղթական պատերազմի ելքը կլինի երաշխավորված, հետեւաբար` պատերազմով իր նպատակներին հասնելը կդառնա ավելի գայթակղիչ, քան այսօր:
Այսպիսով, այժմ հայկական չորս բնակավայր ու դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելով, պատերազմը մի կարճ ժամանակ հետաձգելով` Նիկոլը եւ իր ոհմակն Ադրբեջանի համար պատերազմով Հայաստանի հետ խնդիրներ լուծելը դարձնելու են ավելի գայթակղիչ:
Այսօր արդեն պարզ է, որ Տավուշում Ներքին Ոսկեպարը, հին Բաղանիսը եւ մյուս երկու բնակավայրերն ու դրանց տարածքները ստանալուց հետո, Ադրբեջանը Հայաստանին տարածքային նորանոր պահանջներ է ներկայացնելու. սկզբում հայկական եւս չորս բնակավայր, այսպես կոչված, անկլավները (դրանց թվում նաեւ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում` Արարատի մարզում, Երեւան-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի անմիջապես աջ կողմում գտնվող Տիգրանաշենը, որն ադրբեջանցիները Քյարքի են անվանում), իսկ 8 բնակավայրն ու դրանց տարածքներն իրենով անելուց հետո, դարձյալ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող այլ բնակավայրեր ու տարածքներ, որոնք չստանալու դեպքում պատերազմ է սադրելու կամ սանձազերծելու:
Տիգրանաշենը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ այնտեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի ու Սյունիքի մարզերին եւ, ընդհանրապես, Հայաստանն Իրանին կապող միակ միջպետական նշանակության ավտոճանապարհը։ Նիկոլն իր ոհմակի հետ միասին չի թաքցնում Տիգրանաշենի հանձնումը, այն, որ Տիգրանաշենն արդեն խոստացել է Ալիեւին, սակայն դավադիր լռություն է պահպանում Հայաստանի նկատմամբ Ալիեւի կողմից ոչ հրապարակային ու հրապարակային կերպով արտահայտված մյուս պահանջների ու հավակնությունների նկատմամբ;
Ալիեւի կողմից ոչ հրապարակայնորեն արտահայտված հավակնություններից մեկն օրերս ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ ներկայացրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը: Նշելով, որ Պուտինի եւ Ալիեւի հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, Հոխիկյանը գրել է. «Ալիեւը ասել է, որ Վարդենիսի շրջանում 10-ից ավելի գյուղեր ԽՍՀՄ տարիներին եղել են ադրբեջանաբնակ, եւ հայերի ճնշման տակ ադրբեջանցիները 1990-ականներին լքել են այդ վայրերը։ Հետեւաբար, Տավուշից հետո ինքը Հայաստանի հետ քննարկելու է Վարդենիսի գյուղերը դատարկելու եւ ադրբեջանցիներին վերադարձնելու հարցը՝ Վարդենիս քաղաքն անվանելով պատմական ադրբեջանական տարածք, որը Տավուշի օրինակով իրենք պահանջելու են հայերից։ Հայաստանի հետ հարաբերությունների մասին Ալիեւի խոսքի ամբողջ ընթացքում Պուտինը լուռ լսել ու ժպտացել է»։
Հոխիկյանի այս գրառումը համապատասխանում է այն ամենին, ինչն ավելի վաղ հրապարակայնորեն արտահայտվել է Նիկոլի «բարեկիրթ» եղբայր Ալիեւի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, քաղաքական, հասարակական բազմաթիվ գործիչների ու «մտավորական» կոչվածների կողմից, որոնք մեր Վարդենիսը վաղուց անվանել եւ անվանում են Բասարգեչար ու համարում իրենցը, նմանապես եւ Սեւանա լիճն են համարում ադրբեջանական եւ անվանում Գյոկչայ: Վերոնշյալի առումով լիովին կարելի է հասկանալ Գեղարքունիքի մարզի այն բնակիչներին, որոնք ոտքի են ելել ու փակել Երեւան-Սեւան մայրուղին:
Հայաստանի արտգործնախարարության ապրիլի 19-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»:
Կրկնում եւ պնդում ենք, որ միջհանրապետական սահմանն իրավաբանորեն հիմնավորված չէ, ապացույցները՝ թե՛ Հայաստանի առաջին հանրապետության 1918- 1920 թթ. քարտեզը, թե՛ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1926 եւ 1939 թթ. քարտեզները:
Երկրորդ. եթե խոսքը Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու մասին է, ապա երբ Ադրբեջանը Հայաստանին չի հանձնել Արծվաշենը, Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում Հայաստանի այն տարածքները, որոնց ապօրինաբար տիրացել է 44-օրյա պատերազմից հետո, ոչ էլ նույնիսկ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթով հանձնառել է դրանք վերադարձնել, հայկական բնակավայրերն ու դրանց տարածքները թշնամուն հանձնելը, սահմանագոտում մեր 3-րդ բանակային կորպուսի առաջին պաշտպանական բնագիծը կորցնելը, փլուզելը ոչ այլ ինչ են, եթե ոչ պետական դավաճանություն: Մանավա՛նդ, որ չլուծված են մնում նաեւ մյուս խնդիրները՝ գազամուղի, ճանապարհի, Բերքաբերի ջրամբարի, ջրի…
Ըստ ԱԳՆ նույն հայտարարության` «Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով»: Եթե խոսքը Ալմա Աթայի հռչակագրով առաջնորդվելու մասին է, ապա նշված հռչակագրում ու կից արձանագրությունում ուրիշ բաներ էլ են գրված, ներառյալ՝ Արցախի վերաբերյալ, սակայն Նիկոլը եւ իր ոհմակը դրանք միտումնավոր, դավաճանաբար անտեսել եւ անտեսում են` հօգուտ Ադրբեջանի:
Այժմ Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանագոտում «հայկական» կողմը (ազգանվան «յան» վերջածանց ունեցող ամեն մեկին հայ չհամարել) շարունակում է ականազերծման աշխատանքները, որպեսզի դրանից հետո թշնամին հնարավորություն ստանա առաջ գա ու տիրի Ներքին Ոսկեպարին (ադրբեջանական անվանումը՝ Աշաղը Ասկիպարա), նախկին Բաղանիսին (Բաղանիս Այրում) ու հայկական մյուս երկու բնակավայրերին, եւ դրանով իսկ իրականություն դառնա Ալիեւին Նիկոլի խոստացածը, այսինքն՝ առաջին փուլում հայկական չորս բնակավայրի, դրանց տարածքների վաճառքի կամ նվիրատվության գործարքն իրականություն դառնա;
Ընդ որում, ականազերծման աշխատանքները խորամանկորեն կատարվում են խորքից՝ Ադրբեջանին հարող հատվածից, որպեսզի ականազերծմանն ընդդիմացող տավուշցիները եւ Երեւանից, Հայաստանի այլ մարզերից այնտեղ գնացած հայրենասեր հայերը խոչընդոտելու հնարավորություն չունենան (ականազերծողներին հնարավոր չէ հասնել առանց ականապատված տարածքով անցնելու): Սրան գումարած՝ Նիկոլի ենիչերիներն օրերս պատ էին կազմել ականազերծմանն ընդդիմացողների առջեւ, ինչպես նաեւ փորձում էին բռնել ու թույլ չտալ, որ իրենց շղթան հաղթահարած անձինք հասնեն ականազերծողներին ու թույլ չտան շարունակել ականազերծման աշխատանքները:
Երբ Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածը վերածվել է Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայության ու վաղուց չի կատարում իր դերը եւ առաքելությունը, երբ ոստիկանները վերածվել են ներքին եւ արտաքին թշնամուն ծառայող ենիչերիների բանակի, Նիկոլի ու նրա ոհմակի հրամանները կուրորեն կատարող գործիքի, որոնց համար միեւնույնն է, թե վերոնշյալ չորս գյուղն իրենց տարածքներով թշնամուն հանձնելուց հետո ինչ է լինելու, երբ բացեիբաց ասում են, որ իրենք վերադասի հրամանները կատարողներ են, եւ թե հետագայում ինչ կլինի, իրենց գործառույթների մեջ չի մտնում, կոչ եմ անում բոլոր հայերին միավորվել ու վերականգնել դեռ տարիներ առաջ տապալված սահմանադրական կարգը:
Հայերիս չափազանց քիչ ժամանակ է մնացել. ԱԳՆ վերոնշյալ հայտարարության համաձայն` «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի» 8-րդ հանդիպման («ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ») հանդիպման արդյունքում հանձնաժողովները «Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձեւակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջեւ մինչեւ 2024 թ. մայիսի 15-ը» (ընդգծումը՝ մերը):
Այսպիսով՝ ստորագրումը ոչ թե մայիսի 15-ին է նախատեսված, այլ մինչեւ մայիսի 15- ը, այսինքն՝ կարող է լինել նաեւ մինչ այդ ցանկացած օր: Ավելին, ըստ ԱԳՆ նույն հայտարարության, կողմերը «Համաձայնել են նաեւ, որ մինչեւ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված»: Սա նշանակում է, որ Արձանագրության-նկարագրության համաձայնեցումից ու ստորագրումից հետո, որը կարող է լինել նաեւ մինչեւ մայիսի 15-ը, սահմանազատումն արդեն կհամարվի կատարված փաստ, եւ ադրբեջանցիները շատ արագ հնարավորություն կստանան զբաղեցնել հայկական տարածքները, որոնցից այլեւս երբեք ինքնակամ դուրս չեն գա:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ