Ինչ կտա Նիկոլին՝ Պուտինի «զոնտիկից» Մակրոնի «զոնտիկի» տակ «թռիչքը»
ՎերլուծությունՏեղեկատվական դաշտում շարունակում են նորանոր լուրեր շրջանառվել՝ կապված Նիկոլի վերջին մյունխենյան այցի հետ: Խոսքը հիմնականում նրա համար չարագուշակ լուրերի մասին է, եւ այդ ֆոնին՝ կարելի է նաեւ կռահել, թե ինչու Փաշինյանը, հազիվ Մյունխենից հետ եկած, այս անգամ շտապեց Փարիզ:
ՄՅՈՒՆԽԵՆԻՑ՝ ՓԱՐԻԶ
Իհարկե՝ հարմար առիթ կար՝ Միսաք Մանուշյանի վերահուղարկավորումը: Բայց նաեւ կարելի է հասկանալ, որ օգտվելով առիթից, Նիկոլը նաեւ, թերեւս իր համար արտակարգ կարեւորություն ներկայացնող հանդիպում ունեցավ արեւմտյան դաշտի միգուցե ամենահարազատ անձի՝ Մակրոնի հետ: Բանն այն է, որ Մյունխենում Նիկոլը Մակրոնին չտեսավ: Ավելին, Ալիեւի հետ հանդիպումը գերմանացի Շոլցի «քավորությամբ» էր, եւ այդ ֆոնին անգամ խոսակցություններ ի հայտ եկան, որ ամերիկացիներն են Մակրոնին դուրս թողել գործընթացից, քանի որ նա այդպես էլ չկարողացավ «արդարացնել բարձր վստահությունն» ու ավարտին հասցնել իրեն հանձնարարված «Բրյուսելի ձեւաչափի» շրջանակներում հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիրը»: Ավելին, հասավ մի այնպիսի խառնաշփոթի, որի պարագայում Ալիեւը պարզապես հրաժարվեց արեւմտյան ամեն մի միջնորդությունից: Իսկ դա, ինչպես արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք, նաեւ Նիկոլին է հուսահատության հասցնում. «Բրյուսելի ձեւաչափը» չկա, մնացել է Մոսկվայի ձեւաչափը, որտեղ Ալիեւը համաձայն է բանակցել: Նիկոլն էլ հայտնվել է սուր ճնշման տակ, թե՝ մի գլուխ «խաղաղության պայմանագրից» ես խոսում, բա ինչո՞ւ չես գալիս Մոսկվայում բանակցելու: Իսկ երբ փորձում է Արեւմուտքին բողոքել, թե վիճակը սա է, էլ ճար չունեմ, ստիպված է լինում «բացատրություներ տալ» Mi6-ի շեֆ Մուրին: Ու թարսի պես Մակրոնն էլ չկա, որ բողոքես, թե բա սա՞ էիք ինձ խոստացել:
Եւ ահա, փարիզյան այցը լավ առիթ էր, որ այդ տրտնջոցները Մակրոնին փոխանցի: Համենայնդեպս, դա զգացվեց նաեւ Մակրոնի հետ հանդիպմանը նախորդած Նիկոլի խոսքից. «Այսօր առիթ կունենամ նաեւ Ձեզ հետ կիսել մտքեր մեր տարածաշրջանի, միջազգային իրավիճակի մասին։ Վերջին անգամ մենք քննարկում ենք ունեցել Գրանադայում, եւ այս ընթացքում որոշ իրադարձություններ են տեղի ունեցել։ Նաեւ որոշ տեղեկություններ կուզեմ Ձեզ հետ կիսել օրեր առաջ Մյունխենում տեղի ունեցած հանդիպման եւ այլ քննարկումների մասին»: Նախ, եթե Նիկոլը պետք է Ֆրանսիայի ղեկավարի հետ «տեղեկություններ կիսի» հայ-ադրբեջանական գործընթացի մասին, երբ Ֆրանսիան, չմոռանանք, դեռ պաշտոնապես Մինսկի խմբի համանախագահ է, ապա դա եւս ակնարկ է, որ Մակրոնին այս հարցում Գրանադայի հանդիպումից հետո թողել են «խաղից դուրս» վիճակում: Հասկանալի է, այստեղ իր դերն է ունեցել նաեւ Ալիեւի պահանջները, թե՝ հատկապես Ֆրանսիայի մասնակցության ոչ մի քայլ չի անի: Բայց երբ Արեւմուտքը, փաստացի, «կուլ է գնացել» Ալիեւի պահանջներին եւ Մակրոնի փոխարեն առաջին պլան է փորձում մղել Շոլցին, ապա դա դեռ ամենեւին էլ չի նշանակում, որ բավարարված Ալիեւը կվերադառնա արեւմտյան հարթակ: Ամեն դեպքում` փաստը, որ Մյունխենից հետո Նիկոլը հարկ է համարել վազել Մակրոնի մոտ, անուղղակիորեն հենց այդ մասին է ակնարկում՝ Ալիեւի հետ հանդիպումը Փաշինյանի ակնկալած շրջադարձին չի բերել:
ՄԱԿՐՈՆԸ ԿՕԳՆԻ՞ ՆԻԿՈԼԻՆ
Միայն թե այստեղ մեկ այլ հարց կա՝ Մակրոնը կարո՞ղ է ինչ-որ բանում Նիկոլին օգուտ տալ: Այս հարցի հետ կապված՝ Մակրոնի որոշ մտքեր եզրակացությունների հիմք կարող են դառնալ: Նախ, Նիկոլի հետ հանդիպման իր խոսքում Մակրոնը նախ ընդգծեց. «Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետեւանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաեւ Հայաստանի ղեկավարությունը լիակատար թափանցիկությամբ, բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ եւ մեկ վիրավոր»: Այսինքն, հենց սկզբից նա Նիկոլի դեմն է դնում՝ լարվածությունը ձեզանից է սկսվել, իսկ Ադրբեջանը, թեկուզեւ անհամաչափ, բայց միայն պատասխանել է:
Բայց ամենակարեւորը, Մակրոնը հերթական անգամ ակնարկեց, թե իրականում որն է հարավկովկասյան խաղատախտակում Արեւմուտքի ցանկությունը. «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման եւ համագործակցության տարածաշրջան, ու անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, եւ ոչ թե պառակտման: Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա եւ ցանկանում եմ, որպեսզի Կենտրոնական Ասիայի, Հարավայի Կովկասի եւ Եվրամիության միջեւ հաղորդակցական կապերը զարգանան: Եվ ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»: Այսինքն, թիվ 1 պայմանը եղել եւ մնում է Կենտրոնական Ասիա - Հարավային Կովկաս – Թուրքիա - Եվրոպա գծի ստեղծումը, որի հիմնական բաղադրիչը «Զանգեզուրի միջանցքն» է՝ ինքնիշխանության մասին ինչ հեքիաթներ էլ որ պատմի Նիկոլը: Այսինքն, նախ Նիկոլին մեղադրելով՝ նոր լարվածություն հրահրելու մեջ, դրանից հետո հրապարակավ կրկնում է, թե նրանից ինչ ակնկալիքներ կան՝ հիշատակված գծի ստեղծումը:
Ու չմոռանանք, որ հենց այդ՝ արեւելք-արեւմուտք գիծն է, որ առաջ է բերել Մոսկվայի եւ Թեհրանի կտրուկ հակազդեցությունը: Ամեն դեպքում, հայաստանյան տեղեկատվական դաշտում եւս շրջանառվում է այն վարկածը, որ նաեւ Մյունխենում է հենց նույն պահանջը դրվել Նիկոլի առաջ, դրանով հանդերձ էլ, որ պետք է մոռանալ կոմունիկացիաների վերաբերյալ որեւէ ռուսական սցենարի մասին: Եթե ոչ, ապա «Նիկոլից, ըստ տեղեկությունների, Մյունխենում պահանջել են հրաժարական տալ»,- գրում է տելեգրամյան աղբյուրը: Ու երբ դրանից հետո նույնի մասին նաեւ Մակրոնն է խոսում, դա մեկ բանի մասին է ակնարկում՝ ինքը արեւմտյան այդ սցենարից դուրս ոչնչով չի կարող Նիկոլին օգնել: Մի քանի ռադար, գիշերային դիտարկման սարքեր եւ այլն. առավելագույնը սա է, որ Նիկոլը կարող է Մակրոնից ստանալ:
ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ
Այսքանով հանդերձ, քանի դեռ Նիկոլը Փարիզում էր, նորից մեյդանում հայտնվեց ԱԽՔ Գրիգորյան Արմենը, բնականաբար, նորից ծայրահեղ հակառուսական եւ արեւմտամետ իր «մտքերով»: Եվ ոչ միայն հակառուսական. Գրիգորյանն այս անգամ անընդունելի եւ անհիմն ներկայացրեց ԵՄ առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները, եւ սա այն դեպքում, երբ վերջին ժամանակներս դժգոհության հիմնական ազդակները եկել են Իրանից, ընդ որում, կապված իրանական սահմանների մատույցներում արեւմտյան նման «շպիոնական» ուժեր տեղակայելու հետ: Այսինքն, այս դեպքում ԱԽՔ-ի հայտարարությունների հասցեատերը նաեւ ուղղակիորեն Իրանն է, որին, չմոռանանք, Նիկոլը Հայաստանում՝ Սյունիքում ճանապարհ կառուցելու իրավունք է տվել: Այն, որ սրանով ԱԽՔ-ը արեւմտյան շեֆությանը հուշում է, թե ինքն ինչեր կանի, եթե հանկարծ նստի Նիկոլի աթոռին, դա կարելի է ենթադրել: Իսկ ահա Նիկոլը, թերեւս, սա կարող է համարել իրեն ուղղված հերթական ազդակ՝ տես, հա, Գրիգորյան Արմեն կա:
Միայն թե այս իրավիճակում Փաշինյանը կանգնած է նաեւ «մեդալի հակառակ երեսի» առաջ: Մյունխենից հետո, հիշեցնենք, չափազանց կոշտ ռեակցիա եկավ Մոսկվայից, ավելի կոնկրետ՝ Կրեմլից: Այն, ճիշտ է, ուկրաինական հակամարտության հետ կապված, Նիկոլի հայտնի հայտարարությանն էր վերաբերում, բայց դժվար չէ հասկանալ, որ Մոսկվայի նման դժգոհությունն ընդհանրական բնույթ ունի: Ու միաժամանակ, հայաստանյան աղբյուրները համառորեն խոսում են այն լուրերի մասին, որ ծայրահեղ դժգոհ է նաեւ Իրանը, եւ այդ դժգոհությունն առանց դես ու դեն ընկնելու, ներկայացրել են նաեւ օրերս Թեհրան այցելած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ընդ որում, ծայրահեղ կոշտ տարբերակով:
Բանն այն է, որ Իրանում սկսել է գերիշխող դառնալ կարծիքը, որ սխալ են թույլ տվել, առանց երկար մտածելու Նիկոլի «Խաղաղության խաչմերուկին» հավանություն տալով, որը հիմա Թեհրանին տանում է փակուղի: «Քանի դեռ դիվանագիտության նպատակները մնում են քաղաքական սահմանները պահպանելու մակարդակում, գործողությունները շրջվում են մեր դեմ: Թեեւ կարծում ենք, որ հասել ենք մեր նպատակին՝ աջակցելով «Խաղաղության խաչմերուկի» հայկական ծրագրին, բայց մենք անգիտակցաբար ճանապարհ ենք հարթել Արեւելք-Արեւմուտք միջանցքի հավասարակշռումից Իրանի դուրսմղմանը»,- օրերս հայտնեց Մոհամմադ Նաջաֆաբադին: Այսինքն, Իրանում սկսում է հիմնավորվել այն կարծիքը, որ «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը ոչ թե Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ուղղությունները հավասարակշռող, այլ՝ Արեւելք-Արեւմուտք միջանցքի ծրագիր է, այսինքն այն, ինչի մասին խոսեց նաեւ Մակրոնը: Իսկ ահա Հյուսիս-Հարավ ուղղությունը, ինչպես նաեւ արեւմտյան ուլտրալիբերալ կենտրոնները վերջին ժամանակներս քանիցս հաստատեցին, դեմ են Արեւմուտքի շահերին, եւ չպետք է լինեն: Եվ դրանով Իրանում կարծես թե սկսել են պարզ գիտակցել, որ իրականում «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը Թեհրանի գլխի տակ դրված փափուկ բարձի ֆունկցիա է կատարում, եւ գնում են դիրքորոշման կտրուկ կոշտացման:
Ահա, հենց դրան էլ այս պահին բախվում է Նիկոլը: Մի կողմից, Արեւմուտքի դիրքորոշումն է ծայրահեղ կոշտանում՝ Փաշինյանից պահանջելով առհասարակ մոռանալ ռուս-իրանական ուղղության մասին, եւ ավելի համոզիչ լինելու համար գլխին ԱԽՔ եւ նման այլ կադրեր կախելով: Մյուս կողմից, այս պահին սկսում է նույնքան կոշտանալ Նիկոլին ուղղված ռուս-իրանական ռեակցիան: Իսկ Մակրոնը, որը մի որոշ ժամանակ բալանսի դեր խաղաց, այլեւս այդ գործառույթը կատարել չի կարող: Այսինքն, նրա շուրջ աքցանի սեղմումը հասել է առավելագույնի, եւ վերջնական որոշումն այլեւս դժվար է հետաձգել. Ժամանակը սպառված է:
Ամեն դեպքում, Մյունխենում պայմանավորվել են, որ պետք է արագորեն արտգործնախարարների հանդիպում կազմակերպեն: Ու թեեւ արագորեն հայտարարվեց, որ նման հանդիպման մասին կողմերը փորձում են պայմանավորվել, սակայն ամենագլխավորը՝ հանդիպման վայրի մասին պայմանավորվածություն գոնե երեկվա դրությամբ չկար: Իսկ դա մեկ բան է հուշում՝ Բաքուն շարունակում է շեշտը դնել ռուսական դաշտի վրա, պաշտոնական Երեւանը՝ դեռ չի համաձայնվում: Ու ասել, թե Բաքուն կհամաձայնվի գնալ արեւմտյան հարթակ, այդպես էլ տեսանելի հիմքեր ի հայտ չեն գալիս: Ի՞նչ վերջնական որոշում կլինի, ենթադրություններով առաջ չընկնենք: Սակայն որոշումը պետք է լինի ամենամոտ օրերին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ