Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում թիվ 1 ուժ դառնալու հայտ է նարկայացնում
Վերլուծություն
Հայաստանի շուրջ ծավալվող ներկա դրամատիկ իրադարձությունների ֆոնին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=277447&l=am) եւս մեկ փաստ հայտնի դարձավ, որն ավելորդ անգամ հուշում է, որ Մոսկվայի մտքով անգամ չի անցնում Մերձավոր Արեւելքում նահանջելու մասին: Ըստ այդմ՝ կովկասյան ուղղությունը եղել եւ մնում է ռազմավարական առումով առանցքային: Այսպես, նախօրեին իրանական աղբյուրներն անոնսավորելով, թե Եմենի վարչապետը առաջին անգամ պաշտոնական այցով կլինի Մոսկվայում, ակնարկել են նաեւ այցի հիմնական նպատակի մասին. «Եմենի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական դաշինք է ձեւավորվում»:
Ասել, թե խոսքը պաշտոնական դաշինքի մասին է, թերեւս սխալ կլիներ: Ավելի տեղին է ենթադրել, որ խոսքը հուսիթների հետ Մոսկվայի ռազմական կապերի կտրուկ խորացման մասին է: Եվ հաշվի առնելով, որ հուսիթների հիմնական թիկունքը Իրանն է, կարելի է հասկանալ, որ այդ գործընթացը Թեհրանի նախաձեռնությամբ է, եւ կարող է ստեղծվել ՌԴ-Իրան-Եմեն ռազմականացած առանցք: Չնայած, այս հաշվարկներից դուրս չպետք է թողնել առաջին հերթին Սիրիային, հաշվի առնելով այդ երկրում ռուսական ռազմական, այդ թվում՝ ռազմաբազաների տեսքով ներկայությունը: Այսինքն, կարծես թե գործ ունենք Մերձավոր Արեւելքում, այսպես ասենք, Իրան-Սիրիա-Եմեն ռազմական եռանկյան հետ՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական ամենասերտ համագործակցությամբ: Եվ իհարկե, դրան պետք է ավելացնել նաեւ Իրաքին, որը սկսում է ազատվել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունից, ինչպես նաեւ Հեզբոլահին եւ մի շարք այլ նման կառույցների, որոնք գործում են Իրանի վերահսկողության տակ: Վերջապես, այս ամենը պետք է դիտարկել սունի իսլամի առաջնորդ եւ ԲՐԻՔՍ-ի անդամ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի բավականին սերտ քաղաքական կապերը ու մի շարք նման այլ գործոններ:
Այս ամենը մեկ բան է նշանակում՝ Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում ամենահիմնական արտաքին ռազմաքաղաքական ուժը դառնալու հայտ է ներկայացնում եւ հաջողության բոլոր հնարավորություններն ունի: Այնպես, ինչպես նման դերի հավակնում է Չինաստանը, բայց արդեն տնտեսական հարթակում:
Բայց նաեւ չմոռանանք. բացի բազում այլ գործոններից, Մերձավոր Արեւելք ասվածը նշանակում է նավթ եւ գազ, այն է՝ նավթադոլար: Ու թե այս գործընթացի արդյունքում ինչ կմնա նավթադոլար հասկացությունից, դա արդեն այս պատմության դեռ քիչ տեսանելի, բայց ամենակարեւոր կողմերից է:
Ամերիկացիները, հասկանալի է, փորձում են այս տհաճ զարգացումները կանխել: Բայց պատկերը սա է. Եմենի ափերին ավիակիրային խմբեր են կենտրոնացրել, Միջերկրական ծովում մասշտաբային զորավարժանքներ են անցկացնում: Բայց ահա, այս ամենի ֆոնին նախօրեին տեղեկատվություն եղավ, որ հուսիթների համար արդեն նավերն էլ են քիչ, այս անգամ հարվածել են Կարմիր ծովի հատակի երկայնքով անցկացված մալուխներին: Եվ չմոռանանք, որ հենց այս հատվածով են անցնում Արեւմուտքն Ասիայի հետ կապող հիմնական գլոբալ մալուխները, որոնց ոչնչացումը թե ինչ գլոբալ ճգնաժամ կառաջացնի առաջին հերթին արեւմտյան աշխարհում, նույնիսկ պատկերացնելն է սարսափելի: Եվ, կրկնենք, հենց ամերիկյան ավիակիրների քթի տակ, եւ որեւէ ռեալ պատասխան այս պահին Վաշինգտոնը չունի: Փորձեցին հարվածներ հասցնել հուսիթներին: Սակայն պարզվեց, որ դա անապատում ավազների մեջ ասեղ փնտրելու պես մի բան է: Պետք է ցամաքային հարձակում, բայց միայն ուկրաինացի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն է խոստանում «կանգնել ԱՄՆ-ի կողքին»: Ասենք, նաեւ Իրանի, Չինաստանի կամ ԿԺԴՀ-ի դեմ պատերազմական խրամատներում: Ու զելենսկիական պատգամավորն այդ ջերմեռանդությամբ եւ ուկրաինական բանակի պարտությունների ֆոնին այնքան ծիծաղելի տեսք ուներ, որ անգամ ամերիկյան դիտորդներն են եկել այն մտքին, թե. «Զելենսկիականն իր պահվածքով դրսեւորում է անտեղյակություն եւ ցույց է տալիս չափազանց բոցավառություն՝ պոչը թափահարելով շան պես, որը փորձում է հաճոյանալ իր տիրոջ նախասիրություններով»:
Ամեն դեպքում, եթե ԱՄՆ-ն մնացել է նման «աջակցության» հույսին, ապա միակ տարբերակը, որը դեռ կարող է իրականացնել Մերձավոր Արեւելքում, դա Երրորդ աշխարհամարտ սկսելն է, բայց հասկանալի հետեւանքներով հանդերձ:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս ուժին՝ Թուրքիային, ապա Էրդողանի հետ հարցերը Պուտինը պատրաստվում է լուծել ընտրություններից հետո՝ այցելելով Անկարա: Եվ դատելով ընդհանուր իրավիճակից, այդ թվում՝ ուկրաինական, շատ բաների շուրջ նրանք կպայմանավորվեն:
Եվ երբ այս ընդհանրական ֆոնին Նիկոլը հույսը դրել է Մակրոնի վրա, դա արդեն լուրջ չէ: Ամեն դեպքում, Մակրոնն այս օրերին խոսում էր նաեւ Ուկրաինա ՆԱՏՕ-ական ուժեր ուղարկելու մասին: Եվ այն, որ մասնավորապես ողջ ֆրանսիական ընդդիմությունը շտապեց նրան «հիմար» հռչակել, արդեն իսկ ակնարկում է, որ կովկասյան տարածաշրջան ՆԱՏՕ բերելու նրա ծրագրերը եւս նույն ռեակցիային կարժանանան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ