Դիվանագիտական սկանդալ՝ ՀՖՖ-ի «թեթեւ ձեռքով»
ՆերքաղաքականՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի առաջին եւ պատմության 250-րդ խաղում ընկերական հանդիպման շրջանակներում Երեւանում հյուրընկալեց Կոսովոյին: Իհարկե, ընկերական ասվածը, թերեւս այս դեպքում խիստ հարաբերական է ասված: Առաջին խաղակեսն ընթացավ առանց ինտրիգների՝ թեպետ խաղային իրավիճակներից մեկում` պաշտպանների սխալից հետո, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Կոսովոն՝ ի դեմս Միլոտ Ռաշիցանի, իսկ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը: Թիմերն ընդմիջման գնացին Կոսովոյի նվազագույն առավելությամբ: Իսկ վերադարձան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շապիկին պակաս դրոշով: Այն, որ ֆուտբոլիստները հմտորեն թաքցրել էին շապիկի վրայի դրոշը, «Իրավունք»-ի հետ զրույցում պատմեց քառօրյա եւ 44- օրյա պատերազմի մասնակից ՀԱԿՈԲ ՊԷՐՊԷՐԵԱՆԸ, ում աչքից չէր վրիպել այն, ինչը կարող է պատճառ դառնալ հերթական դիվանագիտական սկանդալի:
Պարզվում է՝ միայն 45 րոպե խաղից հետո, երեւի թե, ազգային հավաքականը գցել-բռնել է, որ Եռագույնի կողքին՝ Կոսովոյի պետական դրոշը կրելով, վիրավորում են իրենց իսկ դարպասապահին: Չէ որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչն ազգությամբ սերբ է: Իսկ Կոսովոն խլել են Սերբիայից, ինչպես Արցախը՝ Հայաստանից:
Ինչեւէ, նշենք, որ Հայաստան-Կոսովո խաղն ավարտվել է՝ 0:1: Իսկ թե ինչ տպավորություններով են հեռացել Կոսովոյի երկրպագուները Հայաստանից, կարելի է միայն պատկերացնել եւ հուսալ, որ ըմբռնումով կմոտենան տեղի ունեցածին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ